Զելենսկի, Ջոնսոն և Գրիլիո. ո՞րն է պոպուլիստների հաջողության բանաձևը

January 29, 2020

Պոպուլիստ քաղաքական գործիչներն ունեն հաջողության հասնելու մի քանի կանոն, բայց ոչ բոլորն են կարողանում այդ ճանապարհին զերծ մնալ սխալ որոշումներից, որակումներից և քայլերից: Հաջողակ պոպուլիստների հաջողության գաղտնիքը գործնականում բարդ, բայց աշխատող բանաձև ունի:

Նրանք ժողովրդի ինքնիշխանության պատրանք են ստեղծում, խոստանում ուղիղ ժողովրդավարություն ու ճիշտ թիրախավորված մեղավորներ են գտնում: Հաճախ, իհարկե, մեղավորն իսթեբլիշմենթն է ու հենց դրա դեմ է պոպուլիստների պայքարը: Այս ամենը հաջողակ պոպուլիստները համեմում են խարիզմայով ու էմոցիոնալ ելույթներով:

Արդյունքում աշխարհում նոր տասնամյակն սկսվում է պոպուլիստական հզոր ալիքով, որը խոստանում է քաղաքական թատերաբեմ բերել նոր խաղացողների: Մինչև այդ, գաղտնազերծենք երեք պոպուլիստ գործիչների հաջողության բանաձևը:

 

ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆ

Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի շուրջ ճգնաժամը հանգուցալուծվեց  2019-ի ավարտին` արտահերթ ընտրությունների միջոցով: Պահպանողական Ջոնսոնը պնդում էր, որ հանգուցալուծման բանալին իր ձեռքում է: Այս անգամ ևս նա կարողացավ առաջ անցնել լիբերալներից և հաղթեց ընտրություններում: Ջոնսոնը կտրուկ լուծումների սիրահար է: Նա, երբեմն, չափից շատ սուր է իր հայտարարություններում և երբեք չի ձանձրացնում, դրա համար էլ մշտապես քաղաքացիների ուշադրության կենտրոնում է: Ջոնսոնի հանդեպ անտարբեր լինելը բարդ է. Նրան կամ սիրում են, կամ ատում: Ինքը` վարչապետը` համոզված է, որ իր կողմնակիցներն անսխալական են, իսկ քննադատողները  պարզապես չեն գիտակցում, թե ինչ են խոսում:

 

ԲԵՊՊԵ ԳՐԻԼԻՈ

Իտալացի այս գործչի ոչ մի ելույթ անտարբեր չի թողնում թե նրա համակիրներին, թե ընդդիմադիրներին: Գրիլիոյի համահիմնադրած քաղաքական ուժը 2018-ին կոալիցիոն կառավարության մաս դարձավ: Գրիլիոն «Հինգ Աստղ» կուսակցության անփոխարինելի հռետորն է: Նա շարժման սկզբից պնդում էր, որ առաջնորդը ժողովուրդն է: Կոռումպացված էլիտան հակադրելով հասարակ քաղաքացու կերպարին Գրիլիոն տուն ուղարկեց իշխանությանը: Էմոցիոնալ և վարակիչ ելույթներից բացի Գրիլիոյի հաղթաթուղթը դարձավ նաև համացանցում նրա հսկայական լսարանը, որտեղ քվեարկության միջոցով ընտրում էին «Հինգ Աստղ»-ի պատգամավորի թեկնածուներին:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻ

Զելենսկու քաղաքական ֆենոմենը քննարկում են միջազգային բոլոր լրատվամիջոցները: Երկրի ղեկավարին մարմնավորող դերասանից մինչև երկրի իրական ղեկավար անցումը Զելենսկու ճիշտ մշակված շախմատային կոմբինացիայի արդյունքն էր: Զելենսկին հայտարարեց` գալիս եմ կոտրելու կոռումպացված համակարգը և նախագահի մասին կարծրատիպային մտածելակերպը: Զելենսկու քարոզարշավի հիմքում իր` ժողովրդի մի մասնիկը լինելու գաղափարն էր: