Այս գիրքը գանձ է

«Օ՜, նավ մարմնի, օ՜, նավ հոգու, դեգերում ես, դեգերում, դեգերում». Վարդան Գրիգորեանի ամբողջ կյանքն է ուղևորություն եղել՝ Իրանի Թավրիզից մինչև Լիբանան, հետո Կալիֆոռնիա, Տեխաս, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ և Նյու Յորք ու բազմաթիվ այլ վայրեր։ Պարզ, հաճելի գիրք, որում չափազանց կարևոր տեղեկություններ, անգամ ԱՄՆ-ում ապրելու life hack-եր կգտնեք: Հատկապես կհետաքրքրի ինքնակենսագրականներ նախընտրողներին: Մի աղքատ տղա, ով գիրք գնելու և անգամ վարձակալելու գումար և հնարավորություն չի ունեցել, ով ամբողջ կյանքի ընթացքում կրթվել և կարևորել է կրթության դերը, պաշտել գիրքն ու գիտելիքը։

Ինչպես ինքն է նշում. «Այո, կա' աշխարհի ժողովուրդների ունիվերսալ լեզու։ Դա գիտելիքի և փոխըմբռնման լեզուն է»։ Տղա, ով ունենալով շատ ծանր մանկություն, հաջողում է մեկնել Լիբանան՝ ուսանելու, որտեղ, կրելով բազում զրկանքներ և անցկացնելով սոված օրեր՝ ի վերջո կարողանում է բակալավրի կրթություն ստանալ։ Վարդան Գրիգորեանն իր գրքում բազում անգամներ հիշատակում է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել իր կյանքում, որոնցից մեկն էլ Սիմոն Վրացյանն է, նրա հովանավորը, աջակիցը, պաշտպանն ու ընկերը։ Տղա, ով անգամ լավ անգլերեն չիմանալով՝ մեկնում է ԱՄՆ՝ իր երազանքի հետևից։

Վարդան Գրիգորեանը ԱՄՆ-ն ընկալում էր մի վայր, որտեղ երազանքները չեն մեռնում, և որտեղ ստիպված չես լինի ապրել երազանքների փլատակներում։ Եվ, կրկին շատ անհատների և կազմակերպությունների շնորհիվ, նա հասավ իր երազանքներին։ Վարդան Գրիգորեանը պատմաբան է, ուսուցիչ, կառավարիչ, առաջնորդ, լավ հայր ու ամուսին, հավատարիմ ընկեր։ Գրքում շատ են այն օրինակները, երբ Վարդան Գրիգորեանը, իր նվիրվածության, սիրո և հավատի շնորհիվ կարողացել է հաղթահարել անհնարին թվացող մարտահրավերները։ Կառավարման ոլորտում նրա գրանցած հաջողությունները ստիպում են ընդունել, որ գիտնականը, դասախոսը նույնպես կարող է լավ կառավարիչ լինել, եթե իր մեջ ունի այդ ջիղերը։

Գրքերի հանդեպ նրա սերը օգնում են նրան Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահության տարիներին։ Նա այն կարծիքին էր, որ հաջողության հասնելու դեպքում ամեն բան դրական կլիներ, իսկ ձախողելու դեպքում՝ դա կլիներ արժեքավոր փորձ։ Եվ, գիտակցելով, որ «առաջնորդության հաջողությունը կարելի է չափել նրանով, թե որքան տաղանդ և ինչ կառույց ես թողնում քեզնից հետո», Վարդան Գրիգորեանին հաջողվում է արդյունավետ ղեկավարել գրադարանը։ Հենց նա է ասում, որ «գերեզմանոցները չեն, որ երկրի վրա տղամարդկանց ու կանանց անմահությունն են ապահովում, այլ գրադարանները, թանգարանները, համալսարաններն ու դպրոցները»։ Եվ նրա համար, գրադարան նախագահելը ոչ թե աշխատանք էր, այլ առաքելություն։

Քարնեգիի հիմնադրամը նախագահելու տարիներին, նրա ժառանգության միջոցով Վարդան Գրիգորեանը սովորեց, թե ինչպես է պետք վարվել փողի հետ. պետք է այն բաժանե՜լ։ Եվ նա այդ փողը ուղղեց կրթության արդյունավետության բարձրացմանը բազում երկրներում, աղքատների շրջանում կրթության բարելավմանը, երեխաների կրթության ու խնամքի, նրանց ուսումնառության, դպրոցների բարելավմանը։ Ինչպես ասել է Քարնեգին. «Միայն հանրային կրթության մեջ է հնարավոր գցել կայուն քաղաքակրթության կառույցի հիմքը»։ Վարդան Գիրգորեանի խոսքով լավ կրթություն նշանակում է նաև «բարձրակարգ ուսուցիչներ, ասել է թե՝ գիտելիքի ու հմտությունների այն որակը, որ նրանք բերում են դասարան»։ Ընդհանրապես, նա իր կյանքի ընթացքում շատ է կարևորել ուսուցչի դերը։

Ահռելի մեծ է Վարդան Գրիգորեանի դերը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեջ, որը հիմնադրվել է իր, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի միջոցով։ «Ավրորա»-ի նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու գործում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Վարդան Գրիգորեանը մահացել է 2021թ. ապրլի 8-ին՝ իր հետևից թողնելով հսկա ժառանգություն։

Newmag-ի հրատարակած «Տուն տանող ճանապարհը» գիրքն այն գանձն է, որի միջոցով կարող ենք տեղեկանալ մեծանուն հայորդու կյանքին և գործունեությանը, նրա անցած ուղուն, ձեռքբերումներին և ձախողումներին, անսահման նվիրումին։ Հ.գ. անգամ միայն «Հետգրություններ»-ն իրենցից մեծ արժեք ներկայացնող տեղեկություններ են:

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել