Վեպը կլանող է ու կախվածություն է ստեղծում

Հաճախ մեզ թվում է թե գիտենք ինչ ենք ուզում կամ զգում, իսկ նորմալ մարդիկ չգիտեն… «Նորմալ մարդիկ» վեպը երկու անհատի զգացմունքների մասին է, որոնց Սալի Ռունին զննում է իրար փոխկապակցելով։ Էական չէ՝ երբ է պատմությունը սկսվում, կամ ինչպես է ավարտվում, էական է ընթացքը՝ իր բոլոր վայրիվերումներով։ Սովորական սիրային հարաբերություններ է դրել Ռունին իր վեպի հիմքում. այո՜, շատ սովորական հարաբերություններ են, սրանք են մեր ժամանակների նորմալ մարդիկ, էլ չկա բալզակյան սեր, ոչ էլ մեզ հայտնի ֆիլմերի հարաբերությունները կան։

Մեկը երեւի թե պետք է գրեր էս ամենի մասին, որ տարիներ հետո 2000ականների իրական պատկերը արտացոլվեր։ Կարծում եմ իր թարմության շնորհիվ է տարվա լավագույն վեպ ճանաչվել։ Վեպը հարուստ չէ սյուժետային լուծումներով՝ մի իրար հաջորդող տաղտուկ փաստերի շարան է. բայց այնքան հուզական ու գրավիչ է հեղինակը գրում։

Վեպը կլանող է ու կախվածություն է ստեղծում, երբեմն ճնշում է. հաճախ ընթերցանությունից հետ ժամեր շարունակ դատարկություն ու նեղվածություն էի զգում, երեւի «ունայնություն» իր ամբողջական նշանակությամբ։ Երկու կերպարներն էլ կարեկցանքի էին արժանանում, շատ խորը ու բազմաշերտ վերլուծության էին ենթարկվում. փորձեք ինքներդ ձեզ էդպես վերլուծել, հաստատ չի ստացվի, իսկ Ռունին ինչ գեղեցիկ է ժամանակի բոլոր խնդիրները ամփոփել այս երկուսի մեջ։ Նա ստիպում է քեզ ապրել նրանց հետ, երկմտել ու տանջվել նրանց հետ, հասկանալ, որ նորմալ մարդիկ են՝ դարին բնորոշ բարդույթներով։

Թարգմանությունն էլ էր ընտիր, շնորհակալություն Newmag-ին: Չնայած որ վեպը սկսվում է հերոսների դեռահասության տարիներին, բացարձակապես դեռահասական վեպ չէ: Բավական հասուն է պետք լինել գիրքը վայելելու, թաքնված տեքստերը կարդալու, բաց տեսարանները գռեհիկ չընկալելու համար։ Կարճ ասած՝ գոհ եմ, որ կարդացել եմ. գիրքը կարողացավ ինձ փոխանցել էմոցիաներ ու տրամադրություն։

Տարածել

Նորմալ մարդիկ
Նորմալ մարդիկ

Սալի Ռունի

5800 ֏

Նկարագրություն

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

Այլ կարծիքներ