«Ես այս գիրքն ընդունել եմ որպես հանրային ծառայություն»․ Հովհաննես Նիկողոսյան

September 20, 2019

Ամերիկյան համալսարանը հպարտությամբ տեղեկացնում է, որ «Քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի պրոֆեսոր Հովհաննես Նիկողոսյանը թարգմանել է Յան-Վերներ Մյուլլերի հեղինակած «Ինչ է պոպուլիզմը» գիրքը։



«Ես այս գիրքն ընդունել եմ որպես հանրային ծառայություն, քանի որ այն նպատակ ունի հայ ընթերցողին ներկայացնել տարբեր երկրներում, զարգացած կամ զարգացող, պոպուլիստ առաջնորդների հաղթանակից հետո առաջացած սոցիալ-քաղաքական խնդիրների մանրամասն վերլուծություն։ Կարծում եմ, Հունգարիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Մեծ Մրիտանիայում, Ռուսաստանում, Վենեսուելայում և այլ երկրներում տեղի ունեցած իրողություններին անդրադառնալը կհարստացնի Հայաստանում հասարակական դիսկուրսը։ Այն թույլ կտա կենտրոնանալ մեր խնդիրների վրա և որպես հասարակություն խուսափել պոպուլիզմի պատճառով առաջացած  նմանատիպ "սխալներից", եթե կարելի է այդպես ասել», - ասել է գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը



Գրքի հայերեն թարգմանությունը հրատարակել է newmag ընկերությունը-։ Այն իր մեջ ներառում է նախաբան, որը գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար և ԱՄՆ-ում և Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Քանի որ հեղինակը հղումներ է անում պատմական և քաղաքական այնպիսի իրադարձությունների, որոնք հավելյալ բացատրության կարիք ունեն, թարգմանությունը ներառում է քաղաքական տերմինների և արտահայտությունների բացատրություններ, որոնց ծանոթագրումը կատարել է միջազգային լրագրող-մեկնաբան Դավիթ Սարգսյանը։



«Մեծ քանակությամբ ծանոթագրությունները նույնիսկ ոչ քաղաքական մարդկանց համար գիրքը կդարձնեն հեշտ ընկալելի», - ասել է Հովհաննես Նիկողոսյանը



Հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ տեքստի կառուցվածքն ընթերցողների համար հեշտացնում է տեղեկության ընկալումը, մտապահումը և բովանդակության վերարտադրումը։