«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են» վեպի շնորհանդեսը (լուսանկարներ)

April 20, 2024

«Զանգակ» գրատանը newmag-ի ամսվա շրջանակում տեղի ունեցավ իտալացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Պաոլո Սորենտինոյի վեպի շնորհանդեսը: «Բոլորն իրավացի են» գրքի հրատարակության նախաձեռնությունը «Զանգակ» գրատանն է։ Արտասովոր ու դեբյուտային վեպը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային»։

 

Արտասովոր, հեգնական, հմայիչ ու աստղային վեպ՝ Իտալիայի, աշխարհի ու յուրաքանչյուրիս մասին։ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA հեղինակավոր կինոմրցանակների արժանացած Սորենտինոյի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը newmag-ի ամսվա շրջանակում։ Շնորհանդեսն անցկացնում էր կինոգետ Կարեն Ավետիսյանը։ Ըստ նրա, Սորենտինոն կինեմատոգրաֆիայում հանդես է եկել սցենարագրության ձևաչափում.

  

«Ամեն դեպքում դա փաստ է, այսինքն՝ գիրն ի սկզբանե էր Սորենտինոյի մոտ, իհարկե ոչ փառքը, որը եկավ հենց կինոռեժիսոր դառնալուց հետո: Դա իրականում մեծ մարտահրավեր էր իտալական իրականության մեջ, քանի որ Իտալիան համարվում  է 20-րդ դարի հեղինակային կինոյի գերտերություններից մեկը»:  

Ավետիսյանը հիշատակեց Ֆելինիին, թե ինչպես է նա բնութագրել Սորենտինոյին. «Ամենավառն էր, ամենատպավորիչն էր, որը փորձեց հենվել իտալական կինոյի ավանդույթների վրա՝ հասկանալով, որ դժվար է ստեղծել նոր բան, ինչպես ժամանակին արել էին կինոյի իր նախահայրերը»: 

 

Կինոգետը Սորենտինոյի ֆիլմագրության մեջ առանձնացնում է ճգնաժամը, որը ներթափանցում է նաև նրա գրական ստեղծագործություն։ Ճգնաժամն է, առերեսման, հաղթահարման և այդ ամբողջ տրագիկոմիկ պրոցեսը:  

  

Գրքի խմբագրի Աննա Բախշյանի կարծիքով, վեպը գրված է բավականին բարդ լեզվով. «Շատ արտ-հաուսային փիլիսոփայություն կա, աֆորիզմիկ դատողություններ, հեղինակը երբեմն տեղի է տալիս բավական երկար փիլիսոփայական մտորումներին, երբեմն՝ թեթև սահուն ոճին: Քաոտիկ կազմվածք ունի վեպը, ինչպես իր ֆիլմերը: Նույնիսկ տարիքայի ինտերվալը, վեպի սկզբում հեղինակը 40 տարեկան է, վերջում՝ 70»:    

 

Աննա Բախշյանը նկատեց, որ Սորենտինոյի և՛ ֆիլմերում, և՛ այս վեպում շատ է սարկազմի, հումորի չափաբաժինը, որը ներկայացնում է բավական վարպետորեն: Իր հարցազրույցներից մեկում հարցնում  են, թե ինչո՞ւ է  նա 53 տարեկանում որոշել գիրք գրել, պատասխանում է, որ ազատ ժամանակ ուներ ու չգիտեր ինչով զբաղվել, ու որոշում է գիրք գրել, քանի որ գրականությունը թույլ է տալիս անել այն, ինչը չի կարող անել կինոյով.  

 

«Թեև գրեց, բայց ինքը չդադարեց ռեժիսոր լինելուց, որովհետև վեպի հերոսը գալիս է իր ֆիլմերից: Հենց հերոսը՝ հայտնի փոփ երգիչ Թոնի Պագոդան, իր 2001-ին նկարահանած «Ավելորդ մարդը» ֆիլմի կերպարն է, որին հասունացրել ու ներկայացրել է վեպում: Եթե Սորենտինայի ֆիլմերը համեմատում ենք Ֆելինիի ֆիլմերի հետ, ապա այս վեպը գրականագետները շտապել են համեմատել  Հեմինգուեի, Մարսել Պրուստի՝«Կորուսյանլ ժամանակներում» գրքի հետ:

Կորուսյալ սերունդ կոչված երևույթի մասին է: Այս վեպը նաև 70-ականների սերնդի մասին է, ովքեր թեժ, ցոփ ու շվայտ, թմրադեղերի, սեքսի, կոկայինի միջավայրում էին ապրում և կյանքի իմաստի որոնման ճանապարհին էին: Թոնի Պագոդան ինչ-որ տեղ նաև տասնամյակներ առաջ Սորենտինոյաի ալտեր էգոն է, որովհետև ժամանակին հնարավորություն չի ունեցել իր հետ առերեսվելու, ինքն իր հետ ազնիվ լինելու. դրա համար գրքում Սորենտինոն փորձել է ներակայցնել իրեն»: 

 

Ինչո՞ւ է «Զանգակ» գրատունը  նախաձեռնել գրքի հրատարակությունը: Գրատան գրական ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանն ունի հարցի պատասխանը. «Կան պահանջարկ ունեցող  գրքեր, որոնք հայերեն տպագրության կարիք ունեն. Սորենտինոյի դեպքում  մի քիչ տուրք տվեցինք մեր ճաշակին, ցանկություններին, քանի որ ունենք ընթերցողների մի խումբ, որոնք սիրում են լավ արվեստ, կինո, ինտելեկտուալ գրականություն: Մի տեսակ նաև այս մշակույթն առաջ բերելու փորձ ենք ուզում անել, և շատ ուրախ ենք, որ Newmag հրատարակչությունն ընդառաջ եկավ մեր քայլին՝ թարգմանելով ու հրատարակելով գիրքը»:  

 

Ըստ Աստղիկ Օհանյանի, ժամանակակից գրականությունը պահանջում է համահունչ քայլեր, նաև հետաքրքրվել ֆիլմերով: Նրա խոսքով, բոլորի մոտ էլ առաջանում է ցանկություն կարդալ գիրքը, ծանոթանալ մտավորականին նաև այդ կողմից: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց  «Զանգակ» գրատանը՝ գրքի հրատարակությունը նախաձեռնելու համար.  

 

«Շնորհակալ ենք, որ «Զանգակ» գրատունը նախաձեռնեց Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են» գրքի հայերեն հրատարակությունը։ Newmag-ն ուզում էր թարգմանել այս գիրքը՝ այո։ Կթարգմանե՞ր առանց «Զանգակ» գրատան՝ ոչ։ Ինչո՞ւ, քանի որ հովանավոր չէինք գտնի»։

 

Բանախոսները վստահեցրին, որ գիրքն անտարբեր չի թողնի ընթերցողներին։ Հատկապես որ գործում կան բազմաթիվ հղումներ, որոնք ընթերցողին կծանոթացնեն նոր հեղինակների հետ։

 

Կարդացեք նաև