Պաոլո Սորենտինո. «Բոլորն իրավացի են». newmag-ը ներկայացնում է իտալացի կինոռեժիսորի գրական դեբյուտը (թրեյլեր)

April 17, 2024

Գրեթե ինքնակենսագրական վեպ իտալացի հայտնի օսկարակիր կինոռեժիսորից։ newmag-ը «Զանգակ գրատան» նախաձեռնությամբ ներկայացնում է կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Պաոլո Սորենտինոյի վեպը՝ «Բոլորն իրավացի են»։ Արտասովոր գիրք Իտալիայի, աշխարհի ու յուրաքանչյուրիս մասին։ Շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Զանգակ գրատանը»՝ newmag-ի ամսվա շրջանակում։

Իտալացի հայտնի և քննարկվող, ժամանակակից ռեժիսոր, սցենարիստ, գրող Պաոլո Սորենտինոն ծնվել է Նեապոլում: Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմը 2013-ին արժանացել է ժամանակակից կինեմատոգրաֆիայի գլխավոր մրցանակներին՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA։ Նկարահանել է նաև «Երիտասարդություն», «Աստծո ձեռքը» ֆիլմերը, «Երիտասարդ պապը» հեռուստասերիալը: Սորենտինոն ստացել է նաև Կաննի, Վենետիկի կինոփառատոների մրցանակներ:  

Պաոլո Սորենտինոն իր գեղարվեստական ֆիլմերով նոր տարբերակիչ ոճ է ներմուծել կինոաշխարհ` ոչ նատուրալիստական պատմվածքներով, կինետիկ վիզուալներով և հատուկ երգիծական շղթայով: Այս ամենը կա նաև նրա գրքերում, որոնք կիսատության տարօրինակ զգացում են առաջացնում: Ընթերցողը պետք է շատ բան պարզի ինքնուրույն, որպեսզի ամբողջական պատկերացում կազմի կատարվածի մասին: 

Իտալացի հայտնի փոփ-աստղը փողերից, թմրացնութերից, ցոփ ու շվայտ կյանքից հոգնած անհետանում է Բրազիլիայում՝ ասկետիկ կյանքով ապրելու։ 18-ամյա ամազոնյան աքսորից հետո նրան առաջարկում են մեծ գումար՝ վերադառնալու համար։ Սա հեգնական, հմայիչ, աստղային ու միևնույն ժամանակ չափազանց իրական վեպ է։  

Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր և կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում և Կապրիում: Բայց կյանքը բարդանում է, և Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների և նոր դարի գայթակղություններին: 

«Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին է և մերօրյա աշխարհի, Թոնիի մասին և յուրաքանչյուրիս:    

La Repubblica պարբերականի բնութագրմամբ, Սորենտինոն այս վեպն օգտագործում է, որ քննի Իտալիայի անկասելի վայրէջքը. երկրի շանթահար, կոռումպացված և ողբերգականորեն հիմար իրականությունը՝գրված միմիայն արկածային լեզվով:  

Ապրիլի 18-ին՝ շնորհանդեսի ընթացքում, տեղի կունենա նաև գրքի վաճառք։ Մուտքն ազատ է։