Գրքատվություն #20/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Հրազդանի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
10/21/2026
ՎՏԲ-Հայաստանը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության «Համայնքային գրադարանների հզորացում» նախագծին, որի նպատակն է մարզերի գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ: Այս անգամ 500 նոր գիրք ստացավ Հրազդանի համայնքային գրադարանը։ Սա Newmag-ի 20-րդ գրքատվությունն է։
Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց գրքերը, որոնք այսուհետև հասանելի կլինեն հրազդանցի ընթերցողներին.
«Նրանք, ովքեր գալիս են գրադարան, արժանի են, որ այս հրաշալի հրատարակությունները հասանելի լինեն իրենց։ Օրինակ, «Իլոն Մասկ» գիրքը կմոտիվացնի հրազդանցի երիտասարդներին, այս ցանկում է նաև դասական գրականության ամենահայտնի նմուշներից մեկը՝ «Քամուց քշվածները»։
Մենք ունենք գրքեր, որոնք պետք են ապագա մասնագետներին. «Ինչպես հասցնել բոլոր գործերը» օգտակար գիրք է, որը պետք է կարդան նաև համայնքապետարանում։ Այս 500 գրքերում ներառվածեն գրեթե բոլոր ժանրերը՝ քաղաքականությունից մինչև աշխարհաքաղաքականություն, դասական ու գեղարվեստական գրականություն, պատմական ու հուշագրություն, սպորտային ու մոտիվացիոն»։
«Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 2020 թվականին։ Գրադարանն ունի 9 մասնաճյուղ՝ տեղակայված համայնքի 6 թաղամասերում և 3 բնակավայրերում։ Գրադարանային ֆոնդն ընդգրկում է 142.771 միավոր գիրք։ Համայնքում կա 9689 ընթերցող, տարեկան հաճախումների թիվն ավելի քան 100 հազար է։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը գրքերի նվիրատվությունը համարում է կարևոր սոցիալական, կորպորատիվ պատասխանատվություն, որի նպատակն է խթանել ընթերցանությունը, աջակցել կրթական գործունեությանը և ընդլայնել գիտելիքների հասանելիությունը Հայաստանի հեռավոր համայնքների բնակիչների համար.
«Մենք կարծում ենք, որ որակյալ գրականության հասանելիությունը կենսական դեր է խաղում հասարակության զարգացման, հորիզոնների ընդլայնման և ապագա սերնդի ձևավորման գործում։ Նման նախաձեռնություններին աջակցելով՝ մենք ձգտում ենք նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը և կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի մարզերի բնակիչների համար»։

ՎՏԲ բանկի ֆինանսավորմամբ 500-ական գրքով 2025-ին համալրվել են նաև Գյումրիի «Կենտրոնական գրադարանը» և Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի» գրադարանը։ Բանկի աջակցությամբ լույս են տեսել նաև մանկական գրքեր, մի քանի ամիս առաջ հրատարակվեց նաև Դյումայի «Երեք հրացանակիրները»։ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին նախագծին աջակցելու համար.
«Պիզայի հետազոտության համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանների 80 % կարդում է ու չի հասկանում տեքստը։ Մեր խնդիրն այս աղետալի հիմնախնդիրը լուծելն է։ ՎՏԲ-Հայաստան բանկն այս կարևոր նախաձեռնության աջակիցներից է»։
Newmag հրատարակչությանն ու ՎՏԲ-Հայաստան բանկին ընդունեց Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։ Գրքի նկատմամբ ցուցաբերած սիրո, գրականության արժևորման, գրադարանային ֆոնդի համալրման ու ընթերցանությունը խթանելու համար համայնքապետարանից շնորհակալագրեր ստացան Արտակ Ալեքսանյանը և Արա Ավագյանը։
Կարդա նաև
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)
Տեղի ունեցավ New York Times-ի բեսթսելլեր դարձած «Նորա Վեբստեր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Փողի ծախսաբանությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Newmag-ը ներկայացնում է «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակի մյուս գիրքը՝ «Փողի ծախսաբանությունը» (թրեյլեր)