4 նոր գիրք հայերեն, 3 միջազգային հյուր. Թարգմանչաց տոնին Newmag-ն անցկացրեց 4-րդ Francofest-ը (լուսանկարներ)
10/13/2026
Newmag Francofest 2026-ը տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին և նշանավորվեց ֆրանկոֆոն չորս նոր գրքերի հայերեն հրատարակությունների շնորհանդեսով ու երեք ֆրանսագիր հեղինակների այցով Հայաստան։


Փառատոնը բացումն ազդարարեց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Ողջունելով Ֆրանկոֆեստին ներկա դեսպաններին, միջազգային հյուրեին ու հեղինակներին` նա նկատեց, որ այս տարվա երեք գրքերը, լինելով շատ տարբեր, հանդիպում են նույն կետում՝ հիշողության մեջ.


«Ֆիլիպ Մարչևսկու գրքում հիշողությունը կապված է կորստի և սիրո հետ։ Օլիվիե Բուրդոյի մոտ՝ այն աշխարհի հետ, որը մի պահ եղել է իրականություն, հետո դարձել է հիշողություն։ Շարիֆ Մաժդալանիի մոտ՝ ընտանիքի, պատերազմի, երկրի ու անցյալի հետ, որը երբեք ամբողջությամբ չի անցնում։ Երեք տարբեր հեղինակ, երեք տարբեր պատմություն, բայց նույն հարցը՝ ի՞նչ է մնում մեզ հետ, երբ ամեն ինչ արդեն անցել է։
Այսօր Երևանում մենք միավորում ենք տարբեր երկրներ, տարբեր կենսագրություններ և տարբեր գրական փորձառություններ՝ մեկ լեզվական ու մշակութային տարածքի շուրջ։ Մեզ հետ են հեղինակներ Ֆրանսիայից, Բելգիայից և Լիբանանից։ Նրանք այստեղ են ոչ միայն իրենց գրքերը ներկայացնելու, այլև մեզ հետ խոսելու այն թեմաների մասին, որոնք գրականությունը դարձնում են անհրաժեշտ՝ հիշողության, սիրո, ընտանիքի, պատերազմի, կորստի և մարդու՝ իր անցյալի հետ հարաբերության մասին։ Ֆրանկոֆեստը մեզ համար վաղուց պարզապես գրքերի շնորհանդեսների շարք չէ։ Սա հանդիպման վայր է՝ հեղինակների և ընթերցողների, լեզուների և մշակույթների, Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև»։


Ֆրանկոֆոն գրքերի այս տարվա աշխարհագրությունը սկսվում է Ֆրանսիայից, անցնում Բելգիայով, Լիբանանով ու հասնում Կամերուն։ Փառատոնին ներկայացվեցին լիբանանցի գրող Շարիֆ Մածդալանիի «Անունն արքայաց» վեպը, ֆրանսիացի Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» գիրքը, բոլգիացի գրող Ֆիլիպ Մարչևսկու «Երբ Սեսիլը» և կամերունցի հեղինակ Էմլի Բումի «Ձկնորսի երազը» գրքերը։ Այդ առիթով փառատոնին ներկա էին Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիբանանի դեսպանները:


Ֆրանսիայի դեսպանատունը նաև փառատոնի գործընկերներից է։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին ողջունեց Հայաստան այցելած ֆրանսագիր հեղինակներին.


«Չկա գրականություն, առանց հեղինակի։ Պետք են նաև մտածող մարդիկ, հրատարակիչներ, որոնք այդ գրականությունը տեղ են հասցնում մարդկանց։ Շնորհակալություն Newmag-ին, որ հայերեն է հրատարակում ֆրանսագիր գրքեր։ Շնորհակալություն նաև Ֆրանսիական համալսարանին ու ինստիտուտին, որոնք այս փառատոնի համակազմակերպիչներն են»։


Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքն ասաց, որ այսօր ելույթ է ունենում ոչ որպես դեսպան կամ ֆրանսախոս դեսպանների նախագահ, հայ ընթերցող. «Ես Բելգիայի հարավի մի փոքրիկ գյուղից եմ, մենք մեքենա չունեինք։ Ես շատ երկար ճանապարհ էի անցնում տրամվայով, ավտոբուսով, որպեսզի գյուղից դուրս գայի։ Դա լինում էր հազվադեպ։
Ինձ համար աշխարհը հասկանալու բաց պատուհանը գրքերն էին։ Գրականությունն իմ կյանքում մեծ դեր ունի, և ես երջանիկ եմ, որ իմ հայրենակիցը՝ Ֆիլիպ Մարչևսկին, եվրոպական շատ հեղինակավոր մրցանակներ է շահել ու այսօր Հայաստանում է իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին»։


Ֆրանկոֆեստի այս տարվա պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև Լիբանանը։ Լիբանանցի ժամանակակից գրող Շարիֆ Մաժդալանին, որի «Անունն արքայաց» վեպը 2026 թվականի Գոնկուր մրցանակի կարճ ցանկում էր, դարձել է Գոնկուր Հայաստանի դափնեկիր վեպը։ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը հիշեցրեց, որ իրենց երկիր ֆրանկոֆոնիայի անդամ է 1973 թվականից.


«Հայաստանն ու Լիբանանանը պատմական կարևոր կապեր ունեն Ֆրանսիայի ու ֆրանկոֆոնիայի հետ։ Հաջորդ տարի Հայաստանն ընդունելու է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերը։ Լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» գիրքը այս տարվա Գոնկուր Հայաստանի մրցանակակիր վեպն է։
Հեղինակի ոճը մեծ, տեսանելի պրոզա է, որը միախառնում է պատումը, հիշողությունն ու պոեզիան։ Շատ մեծ տեղ ունի գրքում Լիբանանի նկարագրությունը։ Գիրքը ֆրանսերեն է, բայց նրա աշխարհը լիբանանյան է։ Այդ աշխարհը յուրահատուկ կամուրջ է արևմուտքի ու արևելքի միջև»։


Փառատոնին ներկայացված չորս գրքերից երեքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել գրող, բանաստեղծ Վահագն Աթաբեկյանը։ Նա եղել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Նա ասաց, որ այս գրքերը թարգմանելն իրեն պարգևել են հաճույք.
«Երեք հեղինակ, երեք ոճ, երեք տարբեր բանաստեղծական աշխարհագրություն, բայց միևնույն կիրքը՝ բառի և լեզվի զորության հանդեպ։ Ինչպես գրել է Բրոդսկին, գրականությունը կիսված մենության արդյունք է։ Եվ կա՞ ավելի կիսված մենություն, քան այն, որը միավորում է հեղինակին ու նրա թարգմանչին սպիտակ էջի շուրջ։ Եթե լեզուն այն է, ինչը մեզ տարբերում է կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից, ապա գրականությունը, որպես խոսքի արտահայտման ամենավեհ ձև, ըստ էության, մեր տեսակի գոյության նպատակն ու իմաստն է։ Մարդկության պատմության մեջ գիրքը մարդաբանական առումով նույնքան կարևոր երևույթ է, որքան անիվի գյուտը։ Գիրքը ժամանակի և տարածության մեջ ճանապարհորդելու յուրահատուկ միջոց է, հնարավորություն՝ տեղափոխվելու այլ աշխարհներ այն արագությամբ, որով թերթում ենք էջերը»։


Ֆրանկոֆեստի գլխավոր հովանավորն ԱԿԲԱ Բանկն է, որն այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը։ Բանկը հրատարակչության կողքին է հիմնադրման օրվանից և ֆրանկոֆեստի անփոփոխ գործընկերն է։ Ֆրանկոֆեստի գլխավոր հովանավորն է նաև ՀԱՊ փաստաբանական ընկերությունը։ Ընկերության կառավարող գործընկեր Հայկ Հովհաննիսյանը ելույթը սկսեց հարցով, թե ինչ գործ ունի իրավաբանական ընկերությունը գրական փառատոնին.


«Այս փառատոնը կրում է «Դու և ես» խորագիրը. երկու դերանուն ու մեկ շաղկապ, գիրքն էլ գրողի ու ընթերցողի միջև ծավալվող զրույց է։ Պատահական չէ, որ այդ խորագիրը Շառլ Ազնավուրի երգի վերնագիրն է։ Ես կարծում եմ, ֆրանսիական երգարվեստի ամենամեծ բանաստեղծներն Ազնավուրն ու Ժակ Բրելին են։


Ազնավուրը երեք րոպեում պատմում էր մի ամբողջ կյանք, իսկ Բրելին նույն երեք րոպեում մարդուն մերկացնում էր, մինչև ոսկորները։ Մեկը հայ էր, մյուսը բելգիացի։ Այսօրվա համար ավելի լավ բնաբան չեմ պատկերացնում։ Ինչ վերաբերում է Լիբանանին, Բեյրութն այն տունն էր, որը բացեց իր դռները, երբ մենք տուն չունեինք»։


Փառատոնի պաշտոնական մասն ամփոփեց Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին՝ հիշեցնելով, որ Գոնկուր Հայաստանն արդեն երրորդ անգամ է տեղի ունենում Հայաստանում։ Հայկական երեք բուհերի ուսանողները կատարում են իրենց ընտրությունը ու հայտարարում հաղթողին.


«Գոնկուր Հայաստանը մեծ նշանակություն ունի, հատկապես Ֆրանսիական համալսարանի համար, որտեղ գրականության ֆակուլտետ չկա։ Այն ունի բիզնեսի, կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետներ։ Այս հնարավորությունը թույլ է տալիս երիտասարդներին ծանոթանալ ֆրանսիական ու ֆրանկոֆոն գրականությանը։ Ի տարբերություն Ֆրանսիական համալսարանի՝ Բրյուսովի ու Պետական համալսարանի ոսւանողների համար այս ընթերցումը մասնագիտական է»։


Սալվա Նակուզին ներկայացրեց Գոնկուր Հայաստանի հաջորդ տարվա ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի Պետական Համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսախոս ուսանողներն են։


Գոնկուր 2025-ի դափնեկիր գիրքը՝ Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը նույնպես ներկայացրեց Սալվա Նակուզին։ Գրքի մասին խոսեցին հեղինակը՝ Շարիֆ Մաժդալաինին և թարգմանիչը՝ Վահագն Աթաբեկյանը։



Բանասիրական գիտությունների թեկնածու, Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Անի Ջանիկյանը հեղինակի հետ զրույցով բացահայտեց բելգիացի գրող Ֆիլիպ Մարչևսկիի «Երբ Սեսիլը» վեպը։



Քանի որ «Երբ Սեսիլը» դասական վեպ չէ, այն առանց վերջակետի արձակ պոեզիա է, փառատոնին գիրքը ներկայացվեց նաև երկձայն ընթերցմամբ։ Ֆրանսերենով վեպից հատված ընթերցեց հեղինակը, հայերեն թարգմանությունից ընթերցեց Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը։



Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» վեպը ֆրանսիական ժամանակակից գրականության բացառիկ ստեղծագործություններից է, որի հեղինակը՝ Օլիվիե Բուրդոն գրքի ստեղծման մասին պատմեց թարգմանչին՝ Վահագն Աթաբեկյանին։



Չորրորդ գիրքը՝ «Ձկնորսի երազն» է, որի հեղինակը կամերունցի գրող Էմլի Բումն է։ Հեղինակը խոստացել է, որ առաջիկայում ինքը նույնպես կայցելի Հայաստանի։ Գիրքը ներկայացրեցին թարգմանիչը՝ Լիլիթ Բլեյանը, խմբագիրը՝ Աննա Բախշյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ներկայացուցչության ծրագրերի պատասխանատու Էլիզ Զահին։



Չորս ֆրանսագիր գրքերի հայերեն հրատարակությունից բացի, Newmag-ը փառատոնին ներկայացրեց նաև Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը։ Գրքի ու ֆրանսերեն թարգմանության մասին խոսեցին հեղինակը՝ Նարինե Կռոյանը, և Էջ հրատարակչության համահիմնադիր Աննա Բաղրամյանը։



Francofest գրքի փառատոնին թարգմանական արվեստի, տարբեր երկրների գրական արվեստն ու բովանդակությունը ներկայացնող կարևոր նախաձեռնության մասին զրուցեցին Newmag հրատարակության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և «Գալուստ Գյուբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնի Ֆեյժոն։



Հատուկ զրույցի խորագիրն էր՝ «Թարգմանությունը որպես մշակութային երկխոսություն»։ Ֆեյժոն Պորտուգալիայում հայտնի գրականագետ և թարգմանիչ է։ Անգլերենից պորտուգալերեն է թարգմանել Ուիլյամ Շեքսպիրի, Օսկար Ուայլդի և Ֆերնանդո Պեսոայի ստեղծագործությունները։



Փառատոնին եղավ նաև երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի Toi et moi երգը՝ Francofest 2026-ի խորագիրն ընտրվել է այս երգի հիման վրա։ Երգը կատարեցին Սյուզաննա Մելքոնյանը և Տիգրան Քախվեջյանը։ Սյուզաննա Մելքոնյանը կատարեց նաև արդեն շատ սիրելի դարձած «Մեռնել սիրելով» երգը, որի թարգմանությունն ու տեսահոլովակի նկարահանումը նույնպես նախաձեռնել էր Newmag-ը։



Փառատոնի վերջին մեղեդային ակորդները նույնպես ֆրանսիական էին։ Աննա Մովսեսյանը կատարեց հայտնի ֆրանսիական երգեր, նաև՝ «Միստր Բոժանգլզ» երգը, որը Օլիվիե Բուրդոյի գրքի խորագիրն ու հեղինակի ոգեշնչման աղբյուրը։


Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը փառատոնի ավարտին նկատեց, որ Francofest-ը ոչ թե պարզապես գրքի փառատոն է, այլ արվեստի փառատոն. «Վերջին մի քանի հազար տարվա գրականության ամբողջ բովանդակությունը կարելի է խտացնել երկու բառով՝ «Դու և ես»։ Այս փառատոնն էլ անցկացրեցինք այդ խորագրով»։


ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական Քսավյե Ռիշարն ասաց, որ գրական գլուխգործոց ստեղծվում է, երբ հանդիպում են ոճն ու բովանդակությանը.


«Այսօրվա գլուխգործոցները մեր երեք հեղինակներն են, որոնք պատիվ են արել իրենց ներկայությամբ։ Մյուս գլուխգործոցն այս փառատոնն է, որը տեղի ունեցավ նաև Newmag հրատարակչության շնորհիվ, որն ամբողջ տարի թարգմանում ու հրատարակում է գրքեր, նաև՝ ֆրանսերեն։ Մյուս գլուխգործոցները թարգմանիչներն են։
Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա չորս գրքերից երեքի թարգմանչին՝ Վահագն Աթաբեկյանին։ Արհեստական բանականությունը կարող է ամեն ինչ թարգմանել, բայց չի կարող դա անել՝ ոգեշնչվելով Տավուշի մարզի բնության խաղաղությամբ ու ոգով, որն արել է Վահագն Աթաբեկյանը»։



Փառատոնին Newmag-ի բոլոր գրքերը վաճառվում էին զեղչով, նոր ֆրանսագիր գրքերը հատուկ՝ franco cuadro փաթեթով։ Փառատոնի հովանավոր Լուսարևը բոլոր հյուրերի համար պատրաստել էր հայկական գինիներ։ Հերմիտաժ նիշային օծանելիքի ու կոսմետիկայի խանութների ցանցը Hermitage անկյունում ներկայացրեց HFC Paris-ի նոր բույրը՝ Musk Flower-ը:



Փառատոնի Միջազգային գործընկերներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Ֆրանիսական ինստիտուտ
Հայաստանում ֆրանսիական համալասրան
Գոնկուր Հայաստան
Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր հովանավորներ
Ակբա բանկ
ՀԱՊ փաստաբանական ընկերություն
Cinema Star Armenia
Հովանավորներ
Փառատոնի Հովանավորներ
Հերմիտաժ
Արարատ Երևանի կոնյակի գործարան
Լուսարև
Շարիֆ Մաժդալանի
5800 ֏
Նկարագրություն
Գրքի պատանի հերոսն ապրում է թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով։ Նա ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ու կարգը, որոնք իրեն հեռու են պահում իրական աշխարհից։ Իրական աշխարհում 1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։
Ընտանեկան հավաքույթները, ամառները՝ լեռներում, առաջին սերը, երկար զրույցներն ու խաղերը շարունակվում են, և կարծես ոչինչ չի կարող խախտել այդ կյանքը։ Բայց պատերազմն արդեն մոտ է, սկզբում՝ որպես հազիվ նկատելի ստվեր, հետո՝ որպես առօրյան հիմնովին փոխող իրականություն։ Երբ պատանու երևակայական թագավորությունների կողքին սկսում է փլուզվել իր իսկ երկիրը, ավարտվում է նաև նրա մանկությունը։ «Անունն արքայաց» գիրքն ինքնակենսագրական պատում է կորսված Լիբանանի, պատանեկության ավարտի և հուշի մասին։
Նարինե Կռոյան
5800 ֏
Նկարագրություն
Le thème des femmes fortes mais vulnérables, que Nariné Kroyan dépeint avec talent dans ses précédents romans, se poursuit dans cette nouvelle œuvre. Le roman se déroule sur quarante-quatre jours, pendant la guerre. Sona, l’héroïne, s’est installée à Stepanakert avec son mari afin de rester près du lieu où leur fils effectue son service militaire.
Le matin du 27 septembre 2020, premier jour de la guerre, Sona et les autres habitants sont réveillés par des tirs de missiles et des bombardements. Son mari se précipite sur le champ de bataille à la recherche de leur fils. Incapable de supporter l’attente, Sona part elle aussi à leur recherche. Elle est confrontée à la mort, aux destructions et aux atrocités, se retrouve face à un choix difficile, elle doit penser non seulement à son fils engagé dans les combats, mais aussi à son mari fait prisonnier.
Au drame familial vient s’ajouter la grossesse inattendue de Sona. Retrouvera-t-elle son fils ? Parviendra-t-elle à ramener son mari ? Que va-t-il arriver aux personnages du roman en ce jour qui restera parmi les plus tragiques pour les Arméniens, le 9 novembre ?
Ֆիլիպ Մարչևսկի
4800 ֏
Նկարագրություն
Սեսիլը զոհվել է 27 տարեկանում, ավիավթարից։ Գրքի գլխավոր հերոսը, որը երիտասարդ տարիներին կարճատև սիրավեպ է ունեցել Սեսիլի հետ, նրա մահից հետո էլ զգում է նրա անորոշ, գրեթե մեղմ ներկայությունը։ Եվ քիչ-քիչ հենց հուշն է սկսում խամրել։
Սակայն մի օր փողոցում նա տեսնում է Սեսիլին շատ նման մի կնոջ։ Սկսում է հետևել անծանոթուհուն․ իսկ եթե իսկապե՞ս Սեսիլն է, որը վերադարձել է տարածաժամանակային ինչ-որ հնարքով։ Բացակայության զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի, և նա երևակայում է այն հազարավոր հնարավոր կյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել։
Հեղինակը վեպը կառուցել է որպես մեկ երկար, գրեթե չընդհատվող նախադասություն, կարծես չի ուզում վերջակետ դնել, որովհետև վերջակետը կնշանակի Սեսիլի ներկայության ավարտը։ Ի՞նչ տեղ ենք մեր ներսում հատկացնում նրանց, ում սիրել ենք, նրանց, ովքեր հեռացել են, նրանց, ովքեր անհետացել են։ Ֆիլիպ Մարչևսկին պատմում է հիշողության և մոռացության հարաբերության մասին։
Օլիվիե Բուրդո
5800 ֏
Նկարագրություն
Էմլի Բում
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակի մյուս գիրքը՝ «Փողի ծախսաբանությունը» (թրեյլեր)
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը