FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հե

Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան

10/08/2026

newmag-y-n

Այս տարի նույնպես Ակբա բանկը ֆրանկոֆոն գրականության տոնի գլխավոր հովանավորն է։ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ Francofest-ին ընդառաջ զրուցել ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների անցած ճանապարհի, մշակույթի ու բիզնեսի կապի, Ակբայի սկզբունքների և թե ինչպես կարող է վստահությունը դառնալ նոր գործակցությունների հիմք։

Պարոն Անդրեասյան, Ակբայի և Ֆրանսիայի հարաբերությունը սովորական գործընկերության պատմություն չէ։ Բանկի ստեղծման ակունքներում ֆրանսիական Crédit Agricole-ի փորձն է, հետագայում այն դարձավ Ակբայի բաժնետեր, իսկ այսօր Ֆրանսիական զարգացման գործակալության խմբի Proparco-ն ունի բանկի 10 տոկոսը։ Միաժամանակ Ակբան Amundi-ի հետ համատեղ կառավարում է ակտիվներ Հայաստանում։ Այսքան տարիներ անց Ֆրանսիան Ակբայի համար պատմական հիշողությո՞ւն է, թե՞ դեռևս ռազմավարական ուղղություն։

Եթե դա միայն պատմական հիշողություն լիներ, տարիների ընթացքում այդ կապը բնականաբար կթուլանար։ Մեզ մոտ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. փոխվել են համագործակցության ձևերը, բայց հարաբերությունը դարձել է ավելի խորքային և ինստիտուցիոնալ։

Ակբայի ստեղծման պահին ֆրանսիական փորձը մեզ համար առաջին հերթին մտածողության մոդել էր։ Խոսքը միայն բանկային տեխնոլոգիաների մասին չէր։ Crédit Agricole-ի փորձից մեզ համար կարևոր էր այն գաղափարը, որ ֆինանսական կառույցը կարող է ծնվել փոխօգնության սկզբունքից և միաժամանակ լինել արդյունավետ, մրցունակ ու ժամանակակից բիզնես։ Մենք այդ մոդելը պարզապես չկրկնեցինք Հայաստանում. այն հարմարեցրինք մեր իրականությանը, մեր տնտեսությանը և մեր մարդկանց կարիքներին։ Հետագայում հարաբերությունն անցավ հաջորդ փուլերին՝ բաժնետիրական մասնակցությունից մինչև ակտիվների կառավարման ոլորտում Amundi-ի հետ գործակցություն, այսօր արդեն Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Proparco-ն է Ակբայի բաժնետեր։

Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս հարաբերությունների արդյունքում Հայաստան է եկել ոչ միայն կապիտալ։ Եկել են կառավարման մշակույթ, միջազգային ստանդարտներ, երկարաժամկետ մտածողություն, գիտելիք և պատասխանատվության որոշակի համակարգ։

Այս իմաստով Ֆրանսիան Ակբայի անցյալի մի մասը չէ։ Այն մեր ինստիտուցիոնալ հիշողության և մեր ապագայի մի մասն է։

Դուք նաև «Ալիանս Ֆրանսեզ Արմենիա»-ի խորհրդի նախագահն եք, Հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ։ Այսինքն՝ հայ-ֆրանսիական հարաբերություններին նայում եք ոչ միայն բանկիրի դիրքից։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է բանկը ֆինանսավորի գրական փառատոն, թարգմանություն կամ ֆրանսիական մշակույթի տարածումը։ Որտե՞ղ է այստեղ բանկի շահը։

Հասարակության ընկալումներում բանկերը սովորաբար ասոցացվում են թվերի, տոկոսադրույքների կամ ֆինանսական գործարքների հետ։ Իրականում բանկային ինստիտուտի ազդեցությունը շատ ավելի լայն է․ այն պետք չէ չափել միայն ֆինանսական ցուցանիշներով։ Իմ խորին համոզմամբ՝ պատասխանատու բիզնեսը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է գործեն կողք կողքի՝ ստեղծելով երկարաժամկետ հավելյալ արժեք։ Ակբա բանկն իր հիմնադրման օրվանից առաջնորդվել է այս փիլիսոփայությամբ։ 

Մենք աջակցել ենք համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, բնապահպանական, առողջապահական, կրթական ու մշակութային բազմաթիվ նախագծերի։ Իր գործունեության ընթացքում Ակբան ավելի քան 2,6 միլիարդ դրամ է ուղղել սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ բարեգործության ծրագրերին, ինչը փաստում է, որ մենք զուտ ֆինանսական կառույց չենք, այլ հասարակական դրական փոփոխությունների և Հայաստանի զարգացման ակտիվ մասնակից։ Այս համատեքստում Ակբա բանկի աջակցությունը Francofest-ի կայացմանը նույնպես պատահական չէ․ սա յուրօրինակ հարթակ է, որտեղ միաձուլվում են արվեստը, գրականությունը, կրթությունն ու միջազգային համագործակցությունը։

Ակբան ծնվել է շատ կոնկրետ գաղափարից՝ գյուղացին չպետք է մենակ մնա իր տնտեսական խնդրների հետ։ Այսօր Ակբան ունիվերսալ բանկ է, հանրային ընկերություն, ունի միջազգային բաժնետերեր, թվային բանկինգ, ESG ռազմավարություն, միջազգային ֆինանսավորման մեծ ծրագրեր։ Սովորաբար, կազմակերպությունները մեծանալով, կորցնում են իրենց սկզբնական գաղափարը։ Ինչպե՞ս եք Ակբայում փորձում չկորցնել այն։

Շատ հեշտ է պահպանել պատմությունը որպես գեղեցիկ պատմություն և շատ ավելի դժվար՝ պահպանել այն որպես գործող սկզբունք։ Ակբայի համար փոխօգնությունը երբեք միայն անցյալի կարգախոս չի եղել։ Այն ժամանակ դրա ամենատեսանելի ձևը գյուղացիական տնտեսությանը ֆինանսավորում տալն էր։ 

Այսօր նույն գաղափարը կարող է արտահայտվել շատ տարբեր ձևերով՝ փոքրբիզնեսին կապիտալ հասանելի դարձնելով, երիտասարդ ձեռնարկատիրոջը գիտելիք ու ֆինանսավորումտալով, մարզերում տնտեսական ակտիվություն ստեղծելով, կանաչ տեխնոլոգիաներ ֆինանսավորելով կամ հաճախորդի համար բանկային ծառայությունը թվային տեխնոլոգիաների միջոցով հասանելի դարձնելով։ 

Կարծում եմ՝ մեզ օգնում է նաև մեր բաժնետիրական կառուցվածքը։ Ակբայի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ Ակբա Ֆեդերացիան, որի հիմքում Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող գյուղատնտեսական միություններն են։ Միաժամանակ մենք ունենք միջազգային ինստիտուցիոնալ բաժնետեր՝ Proparco-ն, և ունենք ազատ շրջանառության բաժնետոմսեր։ Մեր աշխատակիցները ևս տնօրինում են բանկի բաժնետոմսերի, և նրանք բանկը համարում են նաև իրենցը։

Մի կողմից՝ մենք մեր արմատներով կապված ենք Հայաստանի մարզերին և իրական տնտեսությանը, մյուս կողմից՝ պարտավոր ենք աշխատել միջազգային կառավարման ու թափանցիկության ամենաբարձր չափանիշներով։ Ժամանակակից լինելը մեզ համար չի նշանակում հրաժարվել սկզբունքներից։ Հակառակը՝ տեխնոլոգիան, կապիտալը և միջազգային փորձը պարզապես նոր գործիքներ են նույն հին հարցին պատասխանելու համար՝ ինչպե՞ս օգնել մարդուն ստեղծել ավելի լավ ապագա։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին սովորաբար շատ ենք խոսում պատմության, բարեկամության և մշակույթի լեզվով։ Եթե առաջիկա տասը տարիներին այդ հարաբերությունները պետք է մտնեն նոր փուլ, ի՞նչ պետք է ավելանա։ Եվ ինչպիսի՞ դեր կարող է Ակբան ունենալ այդ նոր փուլում։

Կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ խոսենք ոչ միայն Ֆրանսիայից Հայաստան կապիտալի, այլ նաև գիտելիքի, տեխնոլոգիայի, կառավարման մշակույթի, կանաչ ֆինանսների և նոր բիզնես մոդելների ներգրավման մասին։ Հայաստանը նույնպես շատ բան ունի առաջարկելու՝ մարդկային կապիտալ, արագություն, տեխնոլոգիական կարողություններ, ձեռնարկատիրական մտածողություն և այլն։ Ակբայի պատմությունն ապացուցում է, որ նման համագործակցությունը կարող է երկարաժամկետ արդյունքունենալ։ Երեսուն տարի առաջ Ֆրանսիայի հետ հարաբերությունը մեզ համար սկսվում էր հիմնականում փորձի և գիտելիքի փոխանցումից։ Հետագայում այն դարձավ ներդրում, համատեղ բիզնես, ակտիվների կառավարում, այսօր արդեն Ֆրանսիական զարգացման գործակալության խումբը բաժնեմասնակցություն ունի Ակբայի կապիտալում։

Այսինքն՝ մենք անցել ենք շատ կարևոր ճանապարհ՝ գիտելիքի փոխանցումից դեպի համատեղ արժեքի ստեղծում։ Կարծում եմ՝ նույն ճանապարհը կարող են անցնել նաև հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ այլ ոլորտներում։ Եվ այստեղ մշակույթը առաջնային դեր ունի։ Երբ մարդիկ ճանաչում են միմյանց գրականությունը, լեզուն, մտածողությունը և արժեքները, շատ ավելի հեշտ է միասին ստեղծել բիզնես, տեխնոլոգիա կամ ներդրումային նախագիծ։ Այդ պատճառով Ֆրանկոֆեստը ես կդիտարկեի ոչ միայն որպես ֆրանսալեզու գրականության տոն։ Այն փոքր, բայց շատ կարևոր տարածք է, որտեղ հանդիպում են գաղափարները, մարդիկ և երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող վստահությունը։ Իսկ մեծ համագործակցությունները սովորաբար հենց վստահությունից են սկսվում։

Տարածել