FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Ինչու մասնակցել ֆրանկոֆոն գրքերի փառատոնին. ներկայ

Ինչու մասնակցել ֆրանկոֆոն գրքերի փառատոնին. ներկայացնում է Արտակ Ալեքսանյանը (տեսանյութ)

10/06/2026

Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը 3 րոպեում ներկայացնում է 10 պատճառ՝ ինչու հոկտեմբերի 10-ին գալ Կոնգրես հյուրանոց ու մասնակցել 4-րդ Francofest-ին։ Մինչև 10 կետերին անցնելը, հիշեցնենք, որ գրքատոնի մուտքն ազատ է բոլորի համար։

Պատճառ 1-ին․ Հայաստան են գալիս երեք ճանաչված ֆրանկոֆոն գրողներ։

Ֆիլիպ Մարչևսկին՝ Բելգիայից, Օլիվիե Բուրդոն՝ Ֆրանսիայից, և Շարիֆ Մաժդալանին՝ Լիբանանից։ Երեք ինքնատիպ հեղինակ, երեք գարվիչ երկիր և երեք տարբեր գրական աշխարհներ։ Նրանք Երևանում կներկայացնեն իրենց գրքերը, կպատմեն դրանց ստեղծման պատմությունը և կպատասխանեն ձեր հարցերին։

Պատճառ 2-րդ. Մեկ օրում կներկայացնենք չորս նոր գիրք։ 

Ֆրանկոֆեստը պարզապես գրական հանդիպում չէ։ Այն նաև գրքերի պրեմիերայի օր է։ Հայերեն կներկայացվեն ժամանակակից ֆրանկոֆոն 4 վիպակեր․ Ֆիլիպ Մարչևսկու «Երբ Սեսիլը», Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս», Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» և կամերունցի գրող Էմլի Բումի «Ձկնորսի երազը»։

Պատճառ 3-րդ. Այս չորս գրքերը խոսում են մեզ շատ ծանոթ թեմաների մասին։

Սիրո և կորստի։ Հիշողության և մոռացության։ Ընտանիքի և հայրենիքի։ Պատերազմի պատճառով կոցրած աշխարհի, արտագաղթի, ինքնության և արմատներին վերադառնալու մասին։ Այս պատմությունները գրվել են Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում և Կամերունում, բայց դրանց հերոսների ապրումներն ու հոգսերը շատ հասկանալի են նաև հայ ընթերցողին։

Պատճառ 4-րդ. Ֆրանկոֆեստին մեր բոլոր գրքերը կարող եք գնել հատուկ զեղչով։

Ի դեպ՝ ավելի մեծ զեղչով կարող եք ձեռք բերել այս 4 նոր գիրքը՝ մեկ փաթեթով, որը կոչել ենք կուադրո ֆրանկո․ ընդամենը 15.000 դրամ՝ 4 նոր գրքի համար։ Եվ հենց տեղում 3 հեղինակները կընծայագրեն ձեր օրինակները։ Հեղինակի ստորագրությամբ գիրքը պարզապես գնում չէ։ Այն դառնում է այդ պատմական հանդիպման հուշը։

Պատճառ 5-րդ. Երկար ընդմիջումից հետո գրական դաշտ է վերադարձել հայ անվանի գրող, թարգմանիչ, դիվանագետ Վահագն Աթաբեկյանը։

Ավելին, 4 գրքերից երեքը հենց նա է թարգմանել։ Վահագն Աթաբեյկանը կլինի փառատոնին, կխոսի իր թարգմանած գրքերի համար։

Պատճառ 6-րդ

Այս փառատոնին կներկայացվեն երաժիշտ, թարգմանիչ ու մեր լավ բարեկամ Լիլիթ Բլեյանի թարգմանած գիրքը՝ «Ձկնորսի երազը», նաև Շառլ Ազնավուրի «Դու և ես» երգը՝ նրա թարգմանությամբ։ 

Պատճառ 7-րդ. Երգի պրեմիերա

Ազնավուրի Toi et moi երգը հայերեն կկատարեն Տիգրան Քաղվեջյանը և Սյուզաննա Մելքոնյանը։ Ի դեպ, Ֆրանկոֆեստի այս տարվա կարգախոսը հենց այս երգի վերնագիրն է։

Պատճառ 8-րդ. Ֆրանկոֆեստում կներկայացվի «Գոնկուր Հայաստանի» նոր ժյուրին։ 

Գոնկուրը ֆրանսիական աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ գրական մրցանակն է։ «Գոնկուրի ընտրություն» միջազգային ծրագիրը տարբեր երկրների բազում ուսանողների հնարավորություն է տալիս կարդալ մրցանակի հավակնող գրքերը, քննարկել դրանք և կատարել սեփական ընտրությունը։ Հայաստանն այդ գրական մեծ ցանցի մասն է արդեն։ Ֆրանկոֆեստում կխոսենք «Գոնկուր Հայաստանի» ծրագրի, մասնակիցների և հայ ընթերցողի համար ստեղծվող նոր հնարավորությունների մասին։

Պատճառ 9-րդ․Առաջին անգամ Հայաստան է այցելելու «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հոգաբարձուների խորհրդի պատուիրակութիւնը։ 

Ֆրանկոֆեստին հատուկ ելույթ կունենա հիմնարկութեան նախագահ Անտոնիո Ֆեյժոն։ Նա Պորտուգալիայում շատ հայտնի գրականագետ և թարգմանիչ է։ Հենց նա է անգլերենից պորտուգալերեն թարգմանել Ուիլյամ Շեքսպիր, Օսկար Ուայլդի և Ֆերնանդո Պեսոայի ստեղծագործությունները։ Նա մարմնավորում է հենց այն մտավոր և մշակութային արժեքները, որոնք «Ֆրանկոֆեստը» ձգտում է արժևորել՝ գրականության տեղաշարժը լեզուների միջև, մշակույթների երկխոսությունը և թարգմանությունը՝ որպես մշակութային ստեղծագործման գործընթաց։

Եվ Պատճառ 10-րդ. Այստեղ հավաքվելու են մարդիկ, որոնք նախընտրում են գիրքը, մշակույթը և լավ զրույցը։ 

Ֆրանկոֆեստը նաև հանդիպման վայր է։ Այստեղ կարելի է ծանոթանալ նոր մարդկանց հետ, քննարկել գրքերը, կարծիքներ փոխանակել և հայտնաբերել այն գիրքը, որի մասին նախքան այդ չէիք լսել։ Երբեմն մեկ լավ զրույցը բավական է, որ սկսես կարդալ մի հեղինակի, որին այլապես երբեք չէիր բացահայտի։

Եվ այսպես. Մեկ օրում՝ երեք արտասահմանյան հեղինակ, չորս նոր գիրք, Ազնավուրի հայերեն թարգմանության երգի պրեմիերա, Վահագն Աթաբեկյանի վերադարձ գրականություն, «Գոնկուր Հայաստանի» նոր ժյուրի, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի նախագահի հետ բացառիկ զրույց, ազատ քննարկումներ ու մեծ զեղչեր։

Այս ամենը՝ մեկ վայրում։ Հոկտեմբերի 10-ին, «Կոնգրես» հյուրանոցում։

Եթե սիրում եք գրքեր, եթե ցանկանում եք հանդիպել ժամանակակից գրողներին կամ պարզապես ուզում եք մի օր հայտնվել զարմանալի պատմությունների ու մշակույթների միջավայրում, եկեք Ֆրանկոֆեստ։ 

Տարածել