Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

NEWMAG-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Առաքելությունը
Պատմություններն ունեն ժամանակի, գաղափարների ու մշակույթների միջով մեզ ուղղորդելու մոգական ուժ։ Newmag-ը պարզապես հրատարակչություն չէ. մենք արկածային մեքենա ենք։ Մեր առաքելությունը լսելի դարձնելն է այն ձայները, որոնք հանրային մեծ կարևորություն ունեն, թարգմանել այն պատմությունները, որոնք ավելի լավն են դարձնում մեր ընթերցողին ու նրան մղում դեպի մեծ աշխարհի քաղաքակրթական արժեքներ: 

Նպատակը
Մեր նպատակը գաղափարների, տեղեկությունների ու գիտելիքի անխոչընդոտ տեղաշարժն է աշխարհով մեկ, սահմանների ու սահմանափակումների հաղթահարումը՝ մտքի ու խոսքի ուժով, մարդասիրական և ժողովրդավարական գաղափարախոսության տարածումը, մշակութային պայքարը՝ բռնության և ատելության դեմ, քաղաքակրթության ձեռքբերումները յուրաքանչյուրիս ու բոլորիս հավասարապես մատուցելը։

Գործելաոճ

  • Միշտ բարձրագույն պրոֆեսիոնալ ստանդարտներով
  • Թափանցիկ և ազնիվ հարաբերություններ հեղինակների, գործընկերների և ընթերցողների հետ
  • Անընդմեջ զարգացում՝ սովորելով ամեն նոր փորձից
  • Գործակցություն՝ վստահելով, որ գրքերը ստեղծվում են թիմային աշխատանքով

Արժեքները 

Պատմություն առանց պաճուճանքների
Մենք նախընտրում ենք ճշմարտությունը՝ պարզ ու անշղարշ։ Մեր գրքերը չեն թաքցնում ոչինչ, տալիս են սուր հարցեր, բարձրացնում իջեցված վարագույները: Մենք հավատում ենք, որ գրքերը պետք է նաև դրդեն գործել, ստիպեն մտորել, քայլ անել և աշխարհը դարձնել ավելի հասկանալի ու լավը։

Որակ, որը հնարավոր է շոշափել
Գիրքը շոշափելի արժեք է, հիշողություն, ժառանգություն։ Մեր գրքերի ամեն էջը, տառատեսակը և դիզայնն արվում է ընթերցողի հանդեպ մեծ սիրով, հարգանքով ու խնամքով: Գիրքը մեր հրատարակչության հատման կետն է հանրության հետ, հատում, որի շնորհիվ ու որի շուրջ ձևավորվում է ներհանրային առողջ, բաց երկխոսություն, կերտվում են ազատախոհ անհատներ։

Աշխարհին համաքայլ
Մեր երազանքը մեր պատմությունները տեսնելն է ամենուր՝ յուրաքանչյուր ընթերցողի գրադարակում: Մեր ձգտումն է հայ ընթերցողին մայրենի լեզվով մատուցել համաշխարհային ժամանակակից գրականությունը, որպեսզի այսօր ապրող հայ ընթերցողը շարժվի, զգա ու մտածի այսօր զարգացող աշխարհին համահունչ։ Մեր նպատակն է հայ ընթերցողին ներկայացնել հանդուրժողականության, պրոֆեսիոնալիզմի և քաջատեղյակության առավելությունները, նրան փոխանցել համաշխարհային արվեստի ու գրականության գոհարները, պատրաստել որակյալ, արդյունավետ և հեռահար որոշումներ կայացնելուն։

Թարգմանությունը՝ արվեստ
Մենք պարզապես չենք թարգմանում. մենք փոխանցում ենք այն ոգին ու ապրումները, որոնք հեղինակը ներդրել է յուրաքանչյուր բառի, նախադասության, մտքի մեջ: Մեր թարգմանիչները, խմբագիրներն ու սրբագրիչները մեծագույն խնամքով և պատասխանատվությամբ են հայ ընթերցողին փոխանցում հեղինակի ոճը, գեղագիտությունն ու մշակութային նրբերանգները: Մենք հարգում ենք ստեղծագործողի հեղինակային իրավունքները, դատապարտում ենք գրագողությունը, մարդու ազատությունը կաշկանդող քարզչությունը, քաղաքական, կրոնական և այլ հիմքով գրաքննությունը։

Նորարարություն և ժամանակակից հայացք
Գրքի հանդեպ մեր վերաբերմունքը չի սահմանափակվում ավանդական ձևաչափով․ մենք մշտապես որոնում ենք պատմությունները ներկայացնելու նոր ձևեր, որոնք առաջիկայում ներառելու են էլեկտրոնային գրքերից մինչև աուդիո տարբերակներ։ Նորարարությունը մեր ամենօրյա գործելակերպի մասն է, և մենք ձգտում ենք ընթերցանությունը հարմարեցնել ժամանակակից կյանքի տեմպին։

Կրթություն և զարգացում
Մեր յուրաքանչյուր գիրք ոչ միայն պատմություն է, այլև սովորելու, զարգանալու և նոր աշխարհներ բացահայտելու հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ գրականությունը կարող է ձևավորել ավելի կրթված հասարակություն և ավելի քննադատական մտածողություն ունեցող անհատների։

Հասարակական պատասխանատվություն
Newmag-ը գրատպությունից տեղափոխվում է հասարակական հարթություն․մենք փորձում ենք մեր գործունեությամբ նպաստել համերաշխության, հանդուրժողականության և սոցիալական արդարության մշակույթի տարածմանը։ Այդ նպատակին է ծառայում նաև գրքատվության մեր ամենաընդարձակ կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության ծրագիրը։

Մեծ մտապատկեր
Մեր պատկերացրած ապագայում գրքերը մեր կյանքի անբաժան ընկերներ են: Մեր պատկերացրած աշխարհում գրականությունը ինտելեկտուալ հանդիպման վայր է։ Եվ մենք մեր ընթերցողների հետ շփումը վերածում ենք ինտելեկտուալ ժամանցի՝ հրավիրելով գրքի շնորհանդեսների, գրական քննարկումների, փառատոների: Մենք ցանկանում ենք, որ Newmag հրատարակչությունը դառնա գաղափարների, արվեստի ու մշակույթի համաշխարհային փոխանակման ինտելեկտուալ լավագույն հարթակը։ Մեր նպատակն է Հայաստանը պատկերել համաշխարհային գրական քարտեզի վրա՝ դարձնելով այնպիսի վայր, որտեղ համախմբվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային հեղինակներ, ընթերցողներ ու մտածողներ։ 

Գրքերը միավորում են
Newmag-ի յուրաքանչյուր ընթերցող կգտնի իր համար գրավիչ, կարևոր և օգտակար բովանդակություն, որը կոգեշնչի նրան, կհարստացնի նրա ներաշխարհը, կընդլայնի մտահորիզոնն ու կխորացնի աշխարհընկալումը։ Newmag-ի շուրջ ձևավորվում է գրքասերների մեծ համայնք, որտեղ առաջնային են անհատներին ու մարդկանց մեծ խմբերը միավորող առաջադիմական գաղափարները, ազատամտությունը, հանրային շահի, էթիկայի և էսթետիկայի ներդաշնակ ընկալումները։