Newmag-ը «Մինասյան» մատենաշարով ներկայացնում է Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գիրքը (թրեյլեր)
11/09/2026
Ինչո՞ւ կորցրեց Հայաստանը տարածքային մեծ ձեռքբերումների հնարավորությունը, և ո՞ր ճակատագրական սխալները հանգեցրին Առաջին Հանրապետության անկմանը։ Պատմաբան Աշոտ Հայրունու նոր գիրքը բացահայտում է 1918-1920 թվականների չիրացված հնարավորություններն ու հայ ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական վրիպումները։
1920 թվականին Հայաստանի Հանրապետությունը, որն ուներ շուրջ 70 հազար քառակուսի կիլոմետր տարածք, կարող էր ոչ միայն պահպանել այն, այլև ընդարձակել՝ ձեռք բերելով տարածքներ նաև Արևմտյան Հայաստանից։ Սա ենթադրություն չէ, այլ փաստ, որը պայմանավորված չէր Սևրի պայմանագրով և որն առաջին անգամ հիմնավորում ու պարզաբանում է պատմաբան Աշոտ Հայրունին իր նոր գրքում։
«Եվրոպային սպասելիս. 1918-1920 թթ. հայ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրական սխալները» պատմագիտական ու քաղաքագիտական աշխատությունը պատասխանում է մի հարցի. ինչու՞ անկում ապրեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ կրելով ծանր տարածքային կորուստներ։
Գիրքը ներկայացնում է հայոց պետության վերածնունդն ու անկումը՝ 1918-ի մայիսյան հաղթանակներով, սակայն նաև ամոթալի պարտություններով ու կորուստներով, որոնք վճռեցին Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։
Հեղինակի համոզմամբ՝ 1918 և 1920 թվականներին տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները հայ ժողովրդի առջև այնպիսի հնարավորություններ էին բացում, որ դրանց գնահատման ու իրացման դեպքում ոչ միայն կբացառվեին բազում աղետներ, այլև Հայաստանի համար կստեղծվեր աննախադեպ շահեկան դրություն՝ տարածքային և այլ ձեռքբերումներով։
Դա տեղի չունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարությունը թերագնահատում էր Խորհրդային Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում և որդեգրել էր Արևմուտքին ապավինելու արտաքին քաղաքական կուրս։ Այդ կուրսը նախկինում ևս բազմիցս չէր արդարացել, և այս անգամ ևս հանգեցրեց հուսախաբության ու նորանոր ծանր կորուստների։
Ըստ գրքի հեղինակի՝ առաջին հանրապետությունն անկում ապրեց ոչ թե քեմալա-բոլշևիկյան դաշինքի զոհ դառնալով, ինչպես ընդունված է կարծել, այլ իր վարչակազմի քաղաքական անհեռատեսության պատճառով։
Աշխատությունը հիմնված է սկզբնաղբյուրների և փաստերի վրա, որոնցից շատերն առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ։ Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։
Աշոտ Հայրունին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր է, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչը, դասավանդում է ԵՊՀ-ում և ղեկավարում «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Հեղինակ է մեկ դասագրքի և յոթ մենագրության, որոնցից մեկը Գերմանիայում։ Նրա 200 գիտական հոդվածների զգալի մասը լույս է տեսել Գերմանիայում՝ գերմաներեն։
«Եվրոպային սպասելիս» գիրքը երևան է հանում կարևոր պատմական շրջանի դասերը, որոնք շարունակում են արդիական մնալ, և եթե չյուրացվեն, մեկ դար առաջ թույլ տրված սխալները կարող են կրկնվել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Հայրունին նշում է, որ Առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնավորված ու ճշգրիտ լուսաբանումը կօգնի այլևս թույլ չտալ նույն կամ նմանատիպ սխալները։
Աշոտ Հայրունի
6800 ֏
Նկարագրություն
1918 և 1920 թվականներին մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի հնարավորություններ էին բացում հայ ժողովրդի առջև, որ դրանց գնահատման և իրականացման դեպքում ոչ միայն կբացառվեին բազում աղետներ, այլև Հայաստանի համար կստեղծվեր աննախադեպ շահեկան դրություն՝ տարածքային և այլ ձեռքբերումներով։ Դա տեղի չունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարությունը թերագնահատում էր տարածաշրջանում Խորհրդային Ռուսաստանի դերակատարությունը և որդեգրել էր Արևմուտքին ապավինելու արտաքին քաղաքական կուրս։ Նախկինում ևս բազմիցս չարդարացված այդ կուրսը հերթական անգամ հանգեցրեց հուսախաբության, նորանոր ծանր կորուստների։ Հայաստանի առաջին հանրապետությունն անկում ապրեց՝ դառնալով ոչ թե քեմալա-բոլշևիկյան դաշինքի զոհը, ինչպես ընդունված է կարծել, այլ իր վարչակազմի քաղաքական անհեռատեսության։ Գիրքը երևան է հանում այդ կարևոր պատմաշրջանի դասերը, որոնք շարունակում են արդիական մնալ, և եթե չյուրացվեն, ապա մեկ դար առաջ թույլ տրված սխալները կարող են յուրովի կրկնվել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Կարդա նաև
Yandex Armenia-ն Newmag հրատարակչության մանկական և մեծահասակների համար նախատեսված գրքեր է նվիրել մարզային գրադարաններին (լուսանկարներ)
Newmag-ը հրատարակել է Սթիվեն Բարթլետի «Գործադիր տնօրենի օրագիրը․ Բիզնեսի և կյանքի 33 կանոնները» գիրքը (թրեյլեր)
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)