Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
10/30/2026
Newmag & friends ծրագրով հրատարակվել է Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» վեպը։ Այն հեղինակի առաջին` «Լիալուսնի գաղտնիքը» գրքի շարունակությունն է։ Վեպը ներկայացրեց Newmag-ի Ռազմավարական և հատուկ նախագծերի պատասխանատու Գոհար Մանուկյանը։ Շնորհանդեսին ելույթ ունեցան կրթության մասնագետներ, հոգեբան ու հեղինակը։


Գրքի հերոսները հայտնվում են խորհրդավոր խաղի մեջ, որի առաջադրանքները կապված են «կռնատսիրո», «առանց ոտքերի ուրախության» և «կույր խաղաղության» հետ։ Այս անսովոր պատկերներըխորհրդանշում են մարդկային թուլություններն ու վախերը, որոնք հաղթահարելով, կարելի է գտնել ինքնաճանաչման բարդ ճանապարհը։ Վեպը փիլիսոփայական ֆանտաստիկա է՝ հոգեբանական թրիլլերի մոտիվներով։


Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կարծում է, որ Քրիստինա Սիմոնյանի գրքերն ամենատարբեր տարիքի ընթերցողների համար են, որոնք ուզում են գրականության միջոցով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները.


«Պիզայի ուսումնասիրությունից հետո, երբ բոլորս թևաթափ ենք, ստեղծագործողները, որոնք գրում են ի հեճուկս դժվարությունների, լավ օրինակ են երիտասարդների համար։ Այս գիրքն էլ երկարաժամկետ առումով կարևոր նախաձեռնությունն է, որը գուցե մի օր դառնա ֆիլմ կամ գրքերի հերոսների հիման ստեղծվեն մուլտֆիլմներ։ Ցանկացած գիրք իր ճանապարհն ունի ու իր ընթերցողը»։


Կրթության փորձագետ, Newmag Signature club-ի անդամ Նազանի Գևորգյանը գիրքն արդեն կարդացել է, ըստ նրա՝ առաջին էջից հեղինակը ստեղծում է առեղծվածային մթնոլորտ. «Գրքում հետաքրքիր խորհրդանիշներ կան, տողատակեր, որն ընթերցողին, կարծես, տանում է ինքնաճանաչման ճանապարհով։ Պատմությունը ստիպում է կյանքի թոհուբոհի մեջ մի պահ կանգառնել, արժեվորել սերը, ընկերությունը, ընտանիքը։
Պատմությունը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև փոխակերպում է ընթերցողին։ Կարևորը ոչ միայն սյուժեն է, այլ այն ճանապարհը, որով անցնում են հերոսները, հաղթահարում իրենց ներքին խժդժությունները։ Գրքի ամեն մի էջում ընթերցողը կգտնի հետաքրքիր մտքեր, դարձվածքներ, որոնք շատ տպավորիչ են։ Շատ ջերմ ու յուրահատուկ են հերոսների մտորումներն ընտանիքի, հարազատների մասին»։


Հոգեբան, հոգեվերլուծաբան Արամ Խաչատրյանը գիրքն ընթերցելիս հիշել է Ֆրոյդի միտքը, որ հոգեվերլուծությունն ամենալավն ընկալում են գրողներն ու արվեստի մարդիկ. «Յունգն էլ ասում էր,որ իրեն ամենալավը հասկանում են պոետները։ Գրականությունը, պոեզիան տառերի միջոցով արարումն է։ Գրողն արարում է նոր իրականություն։ Այդ իրականությունը շատ լավ կառուցել է նաև Քրիստինան։
Այս առումով, հերոսի ճանապարհը հաճախ ավելի կարևոր է, քան հերոսը։ Այս տեսակ սյուժեով գրքերն ունեն թերապևտիկ նշանակություն։ Գլխավոր առաքելությունն ամոքում ու թերապիան է։ Կարծում եմ, որ գիրքը կօգնի նաև դեռահասներին իրենց ինքնաճանաչման, ինքնազարգացման ճանապարհին։ Մեկ գլխավոր միտքը առանձնացնեմ, որն ինձ մտորելու առիթ տվեց՝ «Ստվերն ինքնին պատասխան է»։


Մանկավարժ, սոցիալական աշխատող Իրինա Չախոյանն ասում է, որ իր երկու երեխաներին խորհուրդ է տվել կարդալ «Արևի ընծաները», քանի որ պատմության միջոցով նրանք կգտնեն շատ հարցերի պատասխաններ. «Գիրքն առաջացնում է հարցեր, որոնց պատասխանները միշտ չէ, որ հաճելի են։ Գրողն անդրադարձել է այն սահմանին, որտեղ ինքնարդարացումն ավարտվում է ու սկսվում է ինքնաճանաչումը։ Փոխակերպումը թվում է՝ գեղեցիկ մի բան, բայց այն կարող է սկսվել ամոթից, կորստից, համոզմունքները փոխելուց։
Ամենացավալին այն չէ, որ փոխվում ենք, այլ այն, որ երբեմն պետք է հրաժեշտ տանք բոլորին գոհացնող, բոլորին հարմար մեր եսին։ Մարդը չի փոխակերպվում այն պահին, երբ հասկանում է, թե ինչպիսին է ուզում դառնալ, փոխվում է, երբ այլևս չի վախենում ինքն իրեն հասկանալ։ Կա հանդիպում, որը միշտ հետաձգում ենք, բայց այնանխուսափելի է. դա ինքներս մեզ հետ հանդիպումն է։ Քրիստինա Սիմոնյանի գիրքն այդ հանդիպումն է»։


«Արևի ընծաները» գրքի հեղինակ Քրիստինա Սիմոնյանը պատմեց, որ գրել սկսել է 2018 թվականից, երբ որոշակի փորձառություններ անցնելուց հետո, իր ներսում կուտակված ապրումները, ցավը, անպատասխան հարցերը պետք է ստանային միս ու արյուն. «Յունգն ասում է, երբ ստեղծարար ոգիդ չես օգտագործում, այն վերածվում է չարիքի։
Առաջին գրքում խորհրդանշական էր Լուսինը։ Լուսինը միշտ արև է ուզում, շրջանը պետք է ամբողջանա։ Lուսինը կանացի սկիզբն է, արևը` տղամարդկային։ Երկուսը միասին ամբողջանում են։ Պատահական չէ, որ երկրորդ գրքումս գրեցի Արևի մասին։ Նախորդ գիրքս նվիրել էի մայրիկիս, այս գիրքը՝ հորս»։


Հետաքրքիր զուգադիպությամբ պատմության հերոսների անուններն ունեն շատ խորհրդանշական ստուգաբանություններ. «Շատ անուններ, որ ընտրել եմ, հետո ստուգաբանել եմ ու ապշել են։ Պրեան շանակում է խիզախ սիրտ, բայց ես դա չգիտեի։ Դորիան նշանակում է ծովի որդի։ Գրելուց հետո բացահայտեցի, որ անգիտակցորեն ընտրել եմ անուններ, որոնք իրոք բնորոշել են իմ հերոսներին։ Այս գիրքը գրել եմ նախ և առաջ ինձ համար։ Այն ինձ համար ուղեցույց է, երբ ներքին պայքար եմ ունենում ու հարցեր։ Գրքերը դեղամիջոց են, և շատ եմ ցանկանում, որ բոլորն օգտվեն դրանից»։


Հեղինակը կարծում է, որ իր առաջին գիրքը՝ «Լիալուսնի գաղտնիքը», ընթերցասեր պատանիների համար հետաքրքիր արկածային գործ է, «Արևի ընծաներն» ավելի հասուն ընթերցողի համար է, օրինակ՝ 16+։ Այն ինքնավերլուծություն սիրող, մտածող ընթերցողի համար է։
Կարդացեք նաև
- Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Քրիստինա Սիմոնյան
5800 ֏
Նկարագրություն
Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն ասված է, և ճանապարհը՝ ավարտված։ Սակայն որոշ շրջաններ չեն փակվում։ Դրանք միայն խորանում են... դեպի ներս։ Այն, ինչ մի ժամանակ սկսվեց որպես առասպելական արկած, այժմ վերածվում է շատ ավելի խորիմաստ ճամփորդության։ Ճանապարհի ընթացքում իրականությունն ու խորհրդանիշները, հին առասպելներն ու հոգեբանական արքետիպերը միահյուսվում են՝ մարդուն առաջնորդելով դեպի այն տարածքը, որտեղ նա հանդիպում է սեփական ստվերին։ Բայց ստվերը միայն մթություն չէ։ Հաճախ հենց այնտեղ են թաքնված մոռացված շնորհները, չբացահայտված ուժը և այն լույսը, որը սպասում է իր վերադարձին։ «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպ է ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին։ Գիրքը հրավիրում է ընթերցողին ոչ միայն հետևելու հերոսների ճանապարհին, այլև ճանաչելու սեփական հոգու այն կողմերը, որոնց գոյության մասին գուցե վաղուց մոռացել է։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)
Գրքատվություն #20/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Հրազդանի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)