Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գր

Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

10/29/2026

newmag-y-n

Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպի հեռուստաշնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Newmag & friends ծրագրով։ «Արևի ընծաները» հեղինակի առաջին գրքի` «Լիալուսնի գաղտնիքի» շարունակությունն է։

Երկու գրքերը «Հերոսի ճամփորդությունը» խորագրով ստեղծագործությունների շարքից են։ Այս անգամ հերոսները նոր ճանապարհորդություն են սկում. առաջին մասում նրանք գիտեին, թե ուր են գնում, երկրորդ մասում առաջադրանքը քողարկված է. 

«Ես սիրում եմ այս գիրքը համարել երկու կյանք ունեցող պատմություն։ Մեկում ընթերցողը կտեսնի ընտանիք, ընկերություն, հարաբերություններ, գեղեցիկ բնապատկերներ, համեղ ուտեստներ, հումոր, մոգական ռեալիզմ։ Մյուսում կյանքի անտեսանելի շերտն է, որը զուգահեռ ծավալվում է մարդկային հոգում՝ վախեր, ամոթ, մեղքի զգացում, թաքնված շնորհներ ու նաև հոգևոր կուրություն։ Այստեղ էլ գալիս է ֆենթզին՝ միս ու արյուն տալու այդ անտեսանելի կողմին, որպեսզի մեր հերոսներն ու ընթերցողները տեսնեն հոգու մութ կողմերը ու հաղթահարեն դրանք»։

Հերոսները հայտնվում են խորհրդավոր խաղի մեջ, որի առաջադրանքները կապված են «կռնատսիրո», «առանց ոտքերի ուրախության» և «կույր խաղաղության» հետ։ Քրիստինա Սիմոնյանն անսովոր պատկերները բնութագրելու համար այս եզրույթները հորինել է. 

«Փորձում եմ ցույց տալ, որ կյանքի տարբեր հագնամանքների բերումով սերն աղճատվում է, սերը դառնում է կռնատ, չի կարողանում լիարժեք սիրել ու դառնում է վախ։ «Առանց ոտքերի ուրախությունը» նույնպես դառնում է ամոթ, խաղաղությունն էլ՝ մեղքի զգացում։ 

Մարդը չի կարողանում այդ զգացումները լիարժեք ապրել, և դրանք աղճատվում ու խեղվում են։ Ըստ գրքի՝ արևի ընծաներն այն լույսն են, որը սպասում է վերադարձին։ Հերոսները փնտրում են «կռնատ սերը», «առանց ոտքերի ուրախությունը»և «կույր խաղաղությունը»։ Այս առաջադրանքը կոչ է անում առերեսվել ստվերի հետ, ընդունել նրա գոյությունը»։

«Արևի ընծաները» գրքում կյանքի ճշմարտությունները միահյուսվում են ֆանտաստիկայի հետ։ Պատմության հերոսները կարող են լինել հավաքական կերպար՝ մեկ հոգու տարբեր ասպեկտները կամ հայելի են դառնում միմյանց թերությունները տեսնելու համար. 

«Մի շատ կարևոր նրբություն կա, ես հոգեվերլուծաբան չեմ, բայց սիրում եմ կարդալ, զարգանալ։ Այն, ինչ իմ կյանքում աշխատել է, պտուղներ է տվել, դրանք եմ ներկայացնում։ Գիրքը բաց տարածք է, ամեն մի ընթերցող իրենը կվերցնի։ Գրքում մի միտք կա՝ հրաշագործությունը պարտադրանք չի սիրում։ Կասեմ դրանցից մեկը՝ բոլոր պատասխանները ներսում են ու հատկապես ստվերում»։

«Արևի ընծաները» Քրիստինա Սիմոնյանի առաջին գրքի` «Լիալուսնի գաղտնիքի» շարունակությունն է, բայց հեղինակն ասում է, որ դրանք երկու առանձին, իրարից տարբեր սյուժեյով գրքեր են։ Հերոսների հետ ավելի հուզական կապ ստեղծելու, նրանց աճը տեսնելու, նրանց ավելի լավ ապրումակցելու համար գրքի հեղինակն առաջարկում է նախ ընթերցել առաջին վեպը, հետո՝ երկրորդը։ Գրքում կան նաև հղումներ, որպեսզի անծանոթ երևույթները, որոնք առաջին մասից են, հասկանալի լինեն։

Կարդացեք նաև

Տարածել

Արևի ընծաները
Արևի ընծաները

Քրիստինա Սիմոնյան

5800 ֏

Նկարագրություն

Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն ասված է, և ճանապարհը՝ ավարտված։ Սակայն որոշ շրջաններ չեն փակվում։ Դրանք միայն խորանում են... դեպի ներս։ Այն, ինչ մի ժամանակ սկսվեց որպես առասպելական արկած, այժմ վերածվում է շատ ավելի խորիմաստ ճամփորդության։ Ճանապարհի ընթացքում իրականությունն ու խորհրդանիշները, հին առասպելներն ու հոգեբանական արքետիպերը միահյուսվում են՝ մարդուն առաջնորդելով դեպի այն տարածքը, որտեղ նա հանդիպում է սեփական ստվերին։ Բայց ստվերը միայն մթություն չէ։ Հաճախ հենց այնտեղ են թաքնված մոռացված շնորհները, չբացահայտված ուժը և այն լույսը, որը սպասում է իր վերադարձին։ «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպ է ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին։ Գիրքը հրավիրում է ընթերցողին ոչ միայն հետևելու հերոսների ճանապարհին, այլև ճանաչելու սեփական հոգու այն կողմերը, որոնց գոյության մասին գուցե վաղուց մոռացել է։