Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
10/23/2026
Հին առասպելներ, խորհրդավոր արարողություն ու հինգ ընկեր, որոնց արտասովոր արկածը վերածվում է սեփական էությունը բացահայտելու ճանապարհի։ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպն իր առաջին՝ «Լիալուսնի գաղտնիքը» գրքի շարունակությունն է։ Նոր գործն ընթերցողին հրավիրում է բացահայտելու մարդու հոգու թաքնված շերտերն ու մոռացված շնորհները։
Հունաստանի Նիմֆես գյուղում ապրող Պրեայի, Գաբրիելի, Դորիանի, Իսիդորայի և Հերմեսի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ նրանք մասնակցում են հնագույն խորհրդավոր արարողության ու հայտնվում մոգական խաղի մեջ։ Խաղը հուշում է, որ նրանց վիճակված է՝ օգնության հասնելու կռնատ սիրուն, առանց ոտքերի ուրախությանը և կույր խաղաղությանը: Այդ տարօրինակ առաջադրանքը հերոսներին տանում է առեղծվածային պորտալով՝ Նիմֆեսից դեպի Ումբրիայի բնապատկերներ՝ մի երկրամաս, որի անվանումը խորհրդանշականորեն արձագանքում է լատիներեն umbra՝ «ստվեր» բառի իմաստը։
Ումբրիայի բլուրների և խորհրդավոր հնավայրերի միջով անցնելիս նրանց ճանապարհին հայտնվում են արքետիպային կերպարներ, որոնք դառնում են ներքին հայելիներ՝ օգնելով բացահայտել սեփական էության անտեսված կողմերը։ Նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհին բացահայտում է մի մոռացված շնորհ։ Հունական անտառներն ու իտալական բլուրները պարզապես դառնում են այս պատմության բեմահարթակը, իսկ կերպարների անունները՝ խորհրդանիշներ։
Հերոսների ճանապարհը սեփական ամբողջականությունն ընդունելու փորձություն է։ Նրանց սպասող բացահայտումները ցույց են տալիս, որ ինքնաճանաչումը միշտ չէ, որ դեպի լույս տանող ուղիղ ճանապարհն է․ երբեմն նախ պետք է համարձակություն գտնել՝ նայելու սեփական ստվերին։
Գրքի վերնագրի «ընծաները» նյութական ձեռքբերումներ չեն։ Դրանք այն շնորհներն են, որոնք հերոսները վերագտնում են իրենց ճանապարհին։
Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» միավորում է ֆանտաստիկան, հին առասպելներն ու հոգեբանական արքետիպերը։ Փիլիսոփայական այս ֆանտաստիկ վեպն ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին է։ Գիրքը հրավիրում է ընթերցողին ոչ միայն հետևելու հերոսների ճանապարհին, այլև ճանաչելու սեփական հոգու այն կողմերը, որոնց գոյության մասին գուցե վաղուց մոռացել է։
Գրքի հեղինակը փոքրուց սիրել է ստեղծագործել։ Նրան միշտ հետաքրքրել են մարդու հոգու, տիեզերքի և գերբնականի միջև կապերը։ Հետագայում ուսումնասիրել է հոգեվերլուծությունն ու ինքնազարգացման ոլորտը, մասնակցել անձնային աճին և վերափոխմանն ուղղված դասընթացների։ Հավաստագրում ստանալուց հետո վարել է հանդիպումներ և երիտասարդների համար հեղինակային առցանց հաղորդաշարեր։ Ընթերցանությունից բացի, Քրիստինան սիրում է ջազ երգել։
«Արևի ընծաները» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, A1 Art Space-ում (Աբովյան 1/1)։
Մուտքն ազատ է։ Գիրքը հնարավոր կլինի գնել տեղում՝ հեղինակի ընծայագրով։
Քրիստինա Սիմոնյան
5800 ֏
Նկարագրություն
Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն ասված է, և ճանապարհը՝ ավարտված։ Սակայն որոշ շրջաններ չեն փակվում։ Դրանք միայն խորանում են... դեպի ներս։ Այն, ինչ մի ժամանակ սկսվեց որպես առասպելական արկած, այժմ վերածվում է շատ ավելի խորիմաստ ճամփորդության։ Ճանապարհի ընթացքում իրականությունն ու խորհրդանիշները, հին առասպելներն ու հոգեբանական արքետիպերը միահյուսվում են՝ մարդուն առաջնորդելով դեպի այն տարածքը, որտեղ նա հանդիպում է սեփական ստվերին։ Բայց ստվերը միայն մթություն չէ։ Հաճախ հենց այնտեղ են թաքնված մոռացված շնորհները, չբացահայտված ուժը և այն լույսը, որը սպասում է իր վերադարձին։ «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպ է ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին։ Գիրքը հրավիրում է ընթերցողին ոչ միայն հետևելու հերոսների ճանապարհին, այլև ճանաչելու սեփական հոգու այն կողմերը, որոնց գոյության մասին գուցե վաղուց մոռացել է։
Կարդա նաև
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)
Գրքատվություն #20/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Հրազդանի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Տեղի ունեցավ New York Times-ի բեսթսելլեր դարձած «Նորա Վեբստեր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Փողի ծախսաբանությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)