JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է Անահիտ Խալաֆյանի «Մանկատնի

Newmag-ը ներկայացնում է Անահիտ Խալաֆյանի «Մանկատնից հետո» գիրքը՝ 12 աղջիկների իրական ճակատագրերի մասին (թրեյլեր)

11/25/2026

Ի՞նչ է լինում, երբ պետական խնամքի հաստատության դռները փակվում են չափահաս դարձած երեխայի հետևից։ Newmag-ի հրատարակած «Մանկատնից հետո» գիրքը ներկայացնում է մանկատանը մեծացած 12 աղջիկների անկեղծ պատմությունները և բացահայտում «Մեր տունը» ՀԿ-ի բացառիկ առաքելությունը։

Ամենահարազատ մարդկանց կողմից լքված լինելու ցավը և մեկ անդադար սպասում՝ «ե՞րբ կգան իմ հետևից»։ Սա մանկատանը մեծացած երեխաների իրականությունն է։ Սակայն փորձություններն այսքանով չեն ավարտվում. 18 տարեկանում մանկությունն ավարտվում է, և միակ հաստատությունը, որը տարիներ շարունակ տանիք ու ապահովություն է տվել, փակում է իր դռները։ Առանց ընտանեկան ջերմության ու հենարանի մեծացած երիտասարդները հայտնվում են անորոշության ու մենության մեջ՝ «ո՞ւր գնալ, ո՞ւմ վստահել և ինչպե՞ս կառուցել կյանքը»։

Այս բարդ ու շատերի համար անտեսանելի հարցերի պատասխաններն Անահիտ Խալաֆյանն ամբողջացրել է «Մանկատնից հետո» գրքում։ Դրա էջերում մանկատներում մեծացած 12 աղջիկների իրական, երբեմն ցավոտ, բայց միևնույն ժամանակ լուսավոր պատմություններն են։ 

Այդ 12 աղջիկներին միավորում է ճակատագրական մի հանգրվան. կյանքի ամենաբախտորոշ պահին նրանք հայտնվել են Հայաստանում առաջին ու միակ հաստատությունում, որը մանկատնից հետո ապաստան է տալիս աղջիկներին։

Պատմությունների կենտրոնում «Մեր տունը» սոցիալական կազմակերպությունն է և դրա հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանը։ 2006 թվականին հիմնադրված կառույցը տարիների ընթացքում դարձել է ոչ թե պարզապես կացարան, այլ իրական ընտանիք՝ իր ջերմությամբ, հոգատարությամբ ու մայրական խորհուրդներով։ Կենտրոնի նվիրումն ու ստեղծած ընտանեկան մթնոլորտը բազմաթիվ աղջիկների համար հարթել են ինքնուրույն կյանքի ճանապարհը՝ նրանց ճանապարհելով մեծ կյանք կրթությամբ, մասնագիտությամբ, իսկ շատերին՝ նաև ճերմակ զգեստով։ Հատկանշական է, որ գիրքը լույս է տեսել և նվիրված է «Մեր տուն» սոցիալական ՀԿ-ի գործունեության 20-րդ տարեդարձին։

«Մանկատնից հետո» գրքի հեղինակը իրավագիտության դոկտոր, հասարակական գործիչ Անահիտ Խալաֆյանն է, ով ծնվել է Չարենցավանում, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ստացել է երեք բարձրագույն կրթություն։ Ապրելով արտերկրում՝ Անահիտը մշտապես կապված է հայրենիքի հետ և ակտիվորեն ներգրավված է Հայաստանի զարգացմանն ուղղված տարբեր բարեգործական ու հասարակական ծրագրերում։ Նա շարունակաբար ընդլայնում է իր մասնագիտական հորիզոնները և այժմ աշխատում է նաև օդաչուի որակավորում ստանալու ուղղությամբ։

Անկեղծ, ցավոտ, իրական պատմություններ ու անկեղծ խոստովանություններ լքվածության, կորստի ու կարոտի, բայց նաև պայքարի, սիրո, ներման և ամեն ինչ նորից սկսելու անհավանական ուժի մասին։

«Մանկատնից հետո»  գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ 19:00-ին, Courtyard Marriott Yerevan հյուրանոցում։

Տարածել