Newmag-ը հրատարակել է Սթիվեն Բարթլետի «Գործադիր տնօրենի օրագիրը․ Բիզնեսի և կյանքի 33 կանոնները» գիրքը (թրեյլեր)
11/03/2026
Ինչպես ձևավորել ինքնակարգապահություն, դաս քաղել ձախողումներից և ճիշտ մարդկանց համախմբել ընդհանուր նպատակի շուրջ. հարցեր, որոնց պատասխանները կգտնեք Newmag-ի նոր գրքում։ Սթիվեն Բարթլետի «Գործադիր տնօրենի օրագիրը․ Բիզնեսի և կյանքի 33 կանոնները» բեսթսելլերը լույս է տեսել Evoca-ի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։
Աշխարհի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը՝ Սթիվեն Բարթլետը, «Գործադիր տնօրենի օրագիրը» գրքում ներկայացնում է մեծ գործեր իրականացնելու և ազդեցիկ դառնալու հիմնարար կանոններ։ Դրանք բիզնես ռազմավարությունների մասին չեն․ ըստ հեղինակի՝ ռազմավարությունները փոփոխական են, իսկ գրքում քննարկվող սկզբունքները հիմնված են հոգեբանության, գիտության և երկարամյա հետազոտությունների վրա ու կիրառելի են տարբեր ոլորտներում.
«Խորապես համոզված եմ, որ ինքնաճանաչումը մարտահրավերները հաղթահարելու ամենաարդյունավետ ուղիներից է։ Կարող ես անհամար գրքեր կարդալ, բայց ոչինչ չես սովորի, քանի դեռ չես սկսել ճանաչել ինքդ քեզ»։
Գիրքը կառուցված է չորս հենասյուների շուրջ՝ անձը, պատմությունը, փիլիսոփայությունը և թիմը։ Բարթլետն անդրադառնում է ինքնակարգապահության ձևավորմանը, սովորությունների փոփոխությանը, ազդեցիկ պատմություններ պատմելուն, ձախողումներից դասեր քաղելուն և ընդհանուր նպատակի շուրջ ճիշտ մարդկանց համախմբելուն։
Սթիվեն Բարթլետը բրիտանացի ձեռնարկատեր, բանախոս, բեսթսելլերների հեղինակ և The Diary Of A CEO պոդքասթի վարողն է։ 22 տարեկանում նա հիմնել է Social Chain թվային մարքեթինգի գործակալությունը, 27-ում իրականացրել է ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում: Սան Ֆրանցիսկոյում ստեղծված ծրագրային ապահովման Thirdweb և նորարարական մարկետինգային Flight Story ընկերությունների հիմնադիրն է։ Այսօր ներդրումներ ունի ավելի քան 40 ընկերություններում։
Իր հաջողության կարևոր նախադրյալներից մեկը Բարթլետը համարում է սեփական ուժերի հանդեպ վստահությունը. «Ամենակարևոր հատկանիշը, որ ունեի, ոչ ինտելեկտն էր, ոչ էլ, օրինակ, ֆինանսապես ինձ աջակցող ծնողները։ Իմ միակ ուժեղ կողմն առողջ չափաբաժնով ինքնավստահությունն էր։ Վստահ էի, որ իմ ներկա կարգավիճակի և այն տեղի միջև, ուր ուզում էի հասնել՝ որևէ խոչընդոտ չկա։ Միակ հարցն այն էր՝ իսկապես ուզո՞ւմ եմ դա, թե՞ ոչ»։
«Գործադիր տնօրենի օրագիրը․ Բիզնեսի և կյանքի 33 կանոնները» գիրքը հրատարակվել է հատուկ Էվոկա կոնֆերանսի համար, որին ներկա էր նաև Սթիվեն Բարթլետը։ Զրույցից հետո, հեղինակը ընծայագրել է հյուրերի գրքերը, լուսանկարվել ու շփվել նրանց հետ։
Սթիվեն Բարթլետ
7800 ֏
Նկարագրություն
Գործադիր տնօրենի օրագիրըԻնչպե՞ս բացահայտել սեփական ներուժը, համարձակ որոշումներ կայացնել և կառուցել թիմ, որի հետ հնարավոր է կյանքի կոչել մեծ գործեր։ Աշխարհի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը՝ Սթիվեն Բարթլետը, իր անձնական փորձն ու The Diary OF A CEO փոդքասթի զրույցներից քաղած դասերը միավորել է բիզնեսի և կյանքի 33 կանոններում։ Գիրքը կառուցված է չորս հենասյուների շուրջ՝ սեփական անձը, պատմությունը, փիլիսոփայությունը և թիմը։ Բարթլետը բացատրում է՝ ինչպես ձևավորել ինքնակարգապահություն, փոխել սովորությունները, ազդեցիկ պատմություններ պատմել, դաս քաղել ձախողումներից և ճիշտ մարդկանց համախմբել ընդհանուր նպատակի շուրջ։
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)