1918 և 1920 թվականներին մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի հնարավորություններ էին բացում հայ ժողովրդի առջև, որ դրանց գնահատման և իրականացման դեպքում ոչ միայն կբացառվեին բազում աղետներ, այլև Հայաստանի համար կստեղծվեր աննախադեպ շահեկան դրություն՝ տարածքային և այլ ձեռքբերումներով։ Դա տեղի չունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարությունը թերագնահատում էր տարածաշրջանում Խորհրդային Ռուսաստանի դերակատարությունը և որդեգրել էր Արևմուտքին ապավինելու արտաքին քաղաքական կուրս։ Նախկինում ևս բազմիցս չարդարացված այդ կուրսը հերթական անգամ հանգեցրեց հուսախաբության, նորանոր ծանր կորուստների։ Հայաստանի առաջին հանրապետությունն անկում ապրեց՝ դառնալով ոչ թե քեմալա-բոլշևիկյան դաշինքի զոհը, ինչպես ընդունված է կարծել, այլ իր վարչակազմի քաղաքական անհեռատեսության։ Գիրքը երևան է հանում այդ կարևոր պատմաշրջանի դասերը, որոնք շարունակում են արդիական մնալ, և եթե չյուրացվեն, ապա մեկ դար առաջ թույլ տրված սխալները կարող են յուրովի կրկնվել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։