FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիր

Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիրք և մեկ օր՝ ֆրանկոֆոն գրականության հետ (անոնս)

10/06/2026

newmag-y-n

Հոկտեմբերի 10-ին Երևանում կկայանա Newmag Francofest 2026-ը՝ ֆրանկոֆոն գրականությանը, թարգմանությանը և մշակութային երկխոսությանը նվիրված փառատոնը։ Չորրորդ Francofest-ը կանցկացվի «Կոնգրես» հյուրանոցում, մուտքն ազատ է։

Francofest-ը միայն գրքերի և հեղինակների հանդիպում չէ։ Այն մեկ օր է, երբ մի վայրում հավաքվում են ընթերցողները, գրողները, թարգմանիչները, երաժիշտներն ու մշակույթի մարդիկ։ Այստեղ հնարավոր կլինի հանդիպել միջազգային հեղինակներին, լսել նրանց պատմությունները, հարցեր տալ, ձեռք բերել նոր գրքեր, ընծայագրել դրանք և խոսել գրականության մասին։


Այս տարի փառատոնը Երևանում կհյուրընկալի երեք ճանաչված ֆրանկոֆոն գրողների՝ բելգիացի Ֆիլիպ Մարչևսկուն, ֆրանսիացի Օլիվիե Բուրդոյին և լիբանանցի Շարիֆ Մաժդալանիին։ Երեք հեղինակները տարբեր երկրներից են, ներկայացնում են տարբեր գրական աշխարհներ, սակայն նրանց գրական գործերը միավորում են մարդու հիշողությունը, սերը, կորուստը, ընտանիքը, ինքնությունն ու անցյալի հետ հարաբերությունը։


Francofest-ում հայերեն կներկայացվեն ժամանակակից ֆրանկոֆոն գրականության չորս նոր գրքեր՝ Ֆիլիպ Մարչևսկու «Երբ Սեսիլը», Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս», Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» և կամերունցի գրող Էմլի Բումի «Ձկնորսի երազը»։


Չորս նոր գրքերը փառատոնի հատուկ QUADRO FRANCO փաթեթի մասն են։ Հոկտեմբերի 10-ին դրանք հնարավոր կլինի ձեռք բերել միասին՝ 15 000 դրամով։ Newmag-ի մյուս գրքերը նույնպես հասանելի կլինեն հատուկ զեղչերով։ Երեք միջազգային հեղինակները փառատոնի ընթացքում կընծայագրեն իրենց գրքերը։


Օլիվիե Բուրդոյի գրական ճանապարհը գրեթե իր գրքերի պես է՝ զվարճալի, անհավանական և մի փոքր խենթ։ Նա դպրոցը թողել է 16 տարեկանում, չի ստացել բարձրագույն կրթություն և տարիներ շարունակ աշխատել է անշարժ գույքի ոլորտում։ Առաջին վեպի վրա աշխատել է երկու տարի, սակայն հրատարակիչ չի գտել։ Հետո մեկնել է Իսպանիա՝ ծնողների տուն, և ընդամենը յոթ շաբաթում գրել «Բոժանգլզին սպասելիս» վեպը։

2016-ին հրատարակված գիրքը շատ արագ դարձավ ֆրանսիական գրականության կարևոր իրադարձություններից մեկը։ Այն արժանացավ մի շարք մրցանակների, թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, բեմադրվեց և հետագայում էկրանավորվեց։


«Բոժանգլզին սպասելիս» գիրքը ընտանիքի մասին է, որն ապրում է սեփական հեքիաթային իրականության մեջ։ Տանը երաժշտություն է, պար, հյուրեր, անսպասելի խաղեր։ Ծնողները ամեն երեկո պարում են Նինա Սիմոնի «Mr. Bojangles»-ի ներքո, իսկ նրանց փոքր որդին այդ աշխարհը տեսնում է որպես անվերջ տոն։ Բայց այդ տոնի տակ թաքնված է ցավոտ իրականություն։ Բուրդոյի վեպը սիրո մասին է, որը փորձում է դիմակայել իրականությանը՝ միաժամանակ ծիծաղելի ու տխուր, թեթև ու ցավոտ։



Հաջորդ հյուրը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանին է, որը ծնվել է Բեյրութում, կրթությունը շարունակել Ֆրանսիայում, որտեղ դոկտորական է պաշտպանել Անտոնեն Արտոյի ստեղծագործության թեմայով։ Տարիներ անց վերադարձել է Լիբանան և Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում ղեկավարել ֆրանսիական գրականության ամբիոնը։


Francofest-ում Մաժդալանին կներկայացնի «Անունն արքայաց» վեպը։ Գիրքը վերադառնում է հեղինակի մանկության և պատանեկության Բեյրութ։ Ընտանիք, բարեկեցիկ կյանք, տոներ, ընկերներ, առօրյա՝ աշխարհ, որը թվում է հաստատուն։ Բայց սկսվում է պատերազմը, և այդ աշխարհը փլվում է։ «Անունն արքայացը» միայն Լիբանանի մասին չէ։ Այն բոլոր նրանց մասին է, ովքեր մի օր հասկացել են, որ իրենց մանկության երկիրն այլևս նույնը չէ։


Միջազգային հյուրերից Ֆիլիպ Մարչևսկին բելգիացի գրող է, ծնվել և ապրում է Լիեժում։ Դեպի գրականություն նրա ճանապարհը բավական անսովոր է եղել։  Մասնագիտությամբ նեյրոհոգեբան է։ Լիեժում հիմնել անկախ գրախանութ։ Այդ գրախանութը նա ղեկավարել է 16 տարի՝ ամեն օր շրջապատված լինելով գրքերով, հեղինակներով և ընթերցողներով։ Միայն դրանից հետո է սկսել գրքեր գրել։ 


Իր առաջին վեպը Ֆիլիպը գրել է 45 տարեկանում՝ 2019-ին։ Երկրորդ վեպը՝ «Արևադարձային մարմինը», արժանացել է Բելգիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ Վիկտոր Ռոսելի մրցանակին։ Ֆրանկոֆեստում Ֆիլիպ Մարժևսկին կներկայացնի իր «Երբ Սեսիլը» վեպի հայերեն հրատարակությունը։  


Այս գիրքը հուշի ու մոռացման մասին է։ Այն մասին, թե մեր հիշողությունից ժամանակի ընթացքում ինչպես են անհետանում մարդու դեմքը, ձայնը, շարժումները, աչքերի գույնը։ Եվ ի՞նչ է մնում մարդուց, երբ ոչ ոք այլևս չի հիշում նրան։  Թերևս պատահական չէ, որ հիշողության մասին այս նուրբ վեպի հեղինակը նախկին նեյրոհոգեբան է։


Francofest 2026-ի առանցքային թեմաներից մեկը թարգմանությունն է։ Փառատոնին երկար ընդմիջումից հետո գրական դաշտ է վերադառնում գրող, թարգմանիչ և դիվանագետ Վահագն Աթաբեկյանը։ Francofest-ի չորս նոր գրքերից երեքը նրա թարգմանությամբ են։ Փառատոնի ընթացքում Աթաբեկյանը կներկայացնի իր աշխատանքը և կխոսի այն մասին, թե ինչ է նշանակում օտար գրականությունը հայերեն տեղափոխել։




Մեկ այլ նոր գրքի՝ «Ձկնորսի երազի» թարգմանիչը երաժիշտ և թարգմանիչ Լիլիթ Բլեյանն է։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողը կծանոթանա կամերունցի գրող Էմլի Բումի ստեղծագործությանը։ Բացի գրքից, Բլեյանը հայերեն է թարգմանել նաև Շառլ Ազնավուրի Toi et moi երգը։


Այս տարվա Francofest-ի կարգախոսը Toi et Moi է։ Ինչն ունի հատուկ պատճառ. փառատոնի ընթացքում առաջին անգամ կհնչի Ազնավուրի «Toi et moi» երգի հայերեն տարբերակը։ Այն կկատարեն Տիգրան Քախվեջյանը և Սյուզաննա Մելքոնյանը՝ ֆրանսիական գրականությունն ու երաժշտությունը միավորելով մեկ բեմում։


Francofest 2026-ում կներկայացվի նաև «Գոնկուր Հայաստանի» նոր ժյուրին։ Ֆրանսիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Գոնկուրը, իր միջազգային «Գոնկուրի ընտրություն» ծրագրով տարբեր երկրների ուսանողների հնարավորություն է տալիս կարդալ մրցանակի հավակնող գրքերը, քննարկել դրանք և կատարել սեփական ընտրությունը։ Հայաստանն արդեն այդ միջազգային գրական ցանցի մասն է։ Փառատոնում կներկայացվեն «Գոնկուր Հայաստանի» ծրագրի նոր մասնակիցները և այն հնարավորությունները, որոնք այն ստեղծում է հայ ընթերցողների ու երիտասարդների համար։


FRANCOFEST2026-Ի ԾՐԱԳԻՐԸ


Francofest-ի միջազգային ծրագրի կարևոր հատվածը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության մասնակցությունն է։ Առաջին անգամ Հայաստան կայցելի հիմնարկության հոգաբարձուների խորհրդի պատվիրակությունը։ Փառատոնում հատուկ ելույթ կունենա հիմնարկության նախագահ Անտոնիո Ֆեյժոն՝ պորտուգալացի գրականագետ և թարգմանիչ։ Նրա մասնագիտական գործունեությունը կապված է գրականության և լեզուների միջև երկխոսության հետ․ նա պորտուգալերեն է թարգմանել, մասնավորապես, Ուիլյամ Շեքսպիրի, Օսկար Ուայլդի և Ֆերնանդո Պեսոայի ստեղծագործությունները։


Հոկտեմբերի 10-ին Երևանը մեկ օրով կդառնա ֆրանկոֆոն գրականության հանդիպման վայր։


Newmag Francofest 2026

Հոկտեմբերի 10, 14:00–21:00

«Կոնգրես» հյուրանոց, Երևան

Մուտքն ազատ է։


Գլխավոր հովանավոր

ԱԿԲԱ բանկ

ՀԱՊ փաստաբանական ընկերություն

Cinema Star Armenia


Հովանավորներ

Երևանի կոնյակի գործարան

Lusarev Wines

Hermitage


Միջազգային գործընկերներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն OIF

Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում

Ֆրանսիական ինստիտուտ

Ազնավուր հիմնադրամ

Գոնկուրի ակադեմիա

«Գոնկուր Հայաստանի» ազգային ժյուրի


Կարդացեք նաև

Տարածել

Անունն արքայաց
Անունն արքայաց

Շարիֆ Մաժդալանի

5800 ֏

Նկարագրություն

Գրքի պատանի հերոսն ապրում է թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով։ Նա ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ու կարգը, որոնք իրեն հեռու են պահում իրական աշխարհից։ Իրական աշխարհում 1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։ 

Ընտանեկան հավաքույթները, ամառները՝ լեռներում, առաջին սերը, երկար զրույցներն ու խաղերը շարունակվում են, և կարծես ոչինչ չի կարող խախտել այդ կյանքը։ Բայց պատերազմն արդեն մոտ է, սկզբում՝ որպես հազիվ նկատելի ստվեր, հետո՝ որպես առօրյան հիմնովին փոխող իրականություն։ Երբ պատանու երևակայական թագավորությունների կողքին սկսում է փլուզվել իր իսկ երկիրը, ավարտվում է նաև նրա մանկությունը։ «Անունն արքայաց» գիրքն ինքնակենսագրական պատում է կորսված Լիբանանի, պատանեկության ավարտի և հուշի մասին։

Le temps des Mouches
Le temps des Mouches

Նարինե Կռոյան

5800 ֏

Նկարագրություն

Le thème des femmes fortes mais vulnérables, que Nariné Kroyan dépeint avec talent dans ses précédents romans, se poursuit dans cette nouvelle œuvre. Le roman se déroule sur quarante-quatre jours, pendant la guerre. Sona, l’héroïne, s’est installée à Stepanakert avec son mari afin de rester près du lieu où leur fils effectue son service militaire. 

Le matin du 27 septembre 2020, premier jour de la guerre, Sona et les autres habitants sont réveillés par des tirs de missiles et des bombardements. Son mari se précipite sur le champ de bataille à la recherche de leur fils. Incapable de supporter l’attente, Sona part elle aussi à leur recherche. Elle est confrontée à la mort, aux destructions et aux atrocités, se retrouve face à un choix difficile, elle doit penser non seulement à son fils engagé dans les combats, mais aussi à son mari fait prisonnier. 

Au drame familial vient s’ajouter la grossesse inattendue de Sona. Retrouvera-t-elle son fils ? Parviendra-t-elle à ramener son mari ? Que va-t-il arriver aux personnages du roman en ce jour qui restera parmi les plus tragiques pour les Arméniens, le 9 novembre ?

Երբ Սեսիլը
Երբ Սեսիլը

Ֆիլիպ Մարչևսկի

4800 ֏

Նկարագրություն

Սեսիլը զոհվել է 27 տարեկանում, ավիավթարից։ Գրքի գլխավոր հերոսը, որը երիտասարդ տարիներին կարճատև սիրավեպ է ունեցել Սեսիլի հետ, նրա մահից հետո էլ զգում է նրա անորոշ, գրեթե մեղմ ներկայությունը։ Եվ քիչ-քիչ հենց հուշն է սկսում խամրել։

Սակայն մի օր փողոցում նա տեսնում է Սեսիլին շատ նման մի կնոջ։ Սկսում է հետևել անծանոթուհուն․ իսկ եթե իսկապե՞ս Սեսիլն է, որը վերադարձել է տարածաժամանակային ինչ-որ հնարքով։ Բացակայության զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի, և նա երևակայում է այն հազարավոր հնարավոր կյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել։

Հեղինակը վեպը կառուցել է որպես մեկ երկար, գրեթե չընդհատվող նախադասություն, կարծես չի ուզում վերջակետ դնել, որովհետև վերջակետը կնշանակի Սեսիլի ներկայության ավարտը։ Ի՞նչ տեղ ենք մեր ներսում հատկացնում նրանց, ում սիրել ենք, նրանց, ովքեր հեռացել են, նրանց, ովքեր անհետացել են։ Ֆիլիպ Մարչևսկին պատմում է հիշողության և մոռացության հարաբերության մասին։

Բոժանգլզին սպասելիս
Բոժանգլզին սպասելիս

Օլիվիե Բուրդո

5800 ֏

Նկարագրություն

Նրանք պարում են Նինա Սիմոնի Mr. Bojangles երգի հնչյունների ներքո։ Նրանց որդին հիացմունքով հետևում է պարին։ Նրանց սերը մոգական է, գլխապտույտ առաջացնող մի անվերջ տոն։ Նրանց տանը տեղ կա միայն հաճույքի, երևակայության ու ընկերների համար։ 


Այս խելահեղ պարահանդեսը ղեկավարում է անկանխատեսելի ու էքսցենտրիկ մայրը։ Նա ամուսնուն ու որդուն անդադար ներքաշում է պոեզիայի ու պատրանքների մի հորձանուտ։ 


Սակայն տան արտասովոր տիրուհին մի օր անցնում է բանականության սահմանը։ Եվ հայր ու որդի անում են ամեն ինչ՝ անխուսափելին կանխելու, տոնը շարունակելու համար։ Խելահեղ սերը երբեք այսքան արժանի չի եղել իր անվանը։

Ձկնորսի երազը
Ձկնորսի երազը

Էմլի Բում

6800 ֏

Նկարագրություն

Կամերունի հարավում՝ Նտեմ գետի և Ատլանտյան օվկիանոսի հանդիպման վայրում է ապրում Զաքարիասը։ Ձկնորս է իր նախնիների պես։ Նրա աշխարհը կառուցված է ընտանիքի, օվկիանոսի ու դարավոր սովորույթների ներդաշնակության վրա։ Բայց երբ տարածաշրջանում հայտնվում են օտարերկրյա ընկերությունները՝ խոստանալով աշխատանք, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք, այդ հավասարակշռությունը սկսում է փլուզվել։ 


Նոր ցանկությունները, պարտքերն ու տնտեսական կախվածությունը փոխում են գյուղի կյանքը, Զաքարիասի ընտանիքի ճակատագիրը։ Նրա թոռը՝ Զաքը, ապրում է Փարիզում, հոգեբան է, ամուսին և հայր։ Նա երիտասարդ տարիքում փախել է Կամերունից և փորձել կտրել անցյալի հետ բոլոր կապերը։ Սակայն մանկության հուշերը, ընտանեկան գաղտնիքներն ու կորուստները շարունակում են հետապնդել նրան։ 


Էմլի Բումը զուգահեռում է պապի ու թոռան պատմությունները․ Կամպոյից Դուալա, Դուալայից Փարիզ։ Նա ընտանեկան սագա է ստեղծում արմատների ու տարագրության, հիշողության ու մոռացության, սիրո, մեղքի և վերադարձի մասին։ Կարո՞ղ ենք իսկապես փախչել մեր անցյալից, թե՞ այն, ինչ չի պատմվել ու չի բուժվել, շարունակվում է հաջորդ սերունդների կյանքում։