FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձ

Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)

09/30/2026

newmag-y-n

Ընտանեկան հիշողության, արմատների և վերադարձի մասին վեպ՝ 1950 թվականի Կամերունի ու նրա բնակիչների մասին։ Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը Կամերունի մի փոքրիկ ձկնորսական գյուղից սկսվող ընտանեկան պատմություն է, որը մի քանի տասնամյակների ընթացքում հասնում է Փարիզ։

Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը արմատների և տարագրության, սիրո և մեղքի, հիշողության ու մոռացության մասին, որտեղ մեկ ընտանիքի ճակատագիրը միահյուսվում է Կամերունի հասարակական ու տնտեսական փոփոխություններին։

Պատմության առանցքում 1950 թվականն է. Կամերունի հարավում, Նտեմ գետի և Ատլանտյան օվկիանոսի հանդիպման վայրում։ Այստեղ ապրում է Զաքարիասը՝ իր նախնիների պես ձկնորս, որի կյանքը կառուցված է ընտանիքի, գետի, ծովի և հայրենի հողի հետ դարավոր կապի վրա։ Սակայն գյուղի բնական հավասարակշռությունը սկսում է խախտվել, երբ տարածաշրջան են ներթափանցում օտարերկրյա ընկերությունները՝ խոստանալով աշխատանք, կայուն եկամուտ և բարեկեցություն.

«Նա իր պապին չի ճանաչել, բայց իր ու պապի կյանքերը, ճակատագրերը հայելային են. նրանք նույն սխալներն են անում, նրանց երազանքները չափազանց մեծ են իրենց համար ու նրանք չգիտեն, ինչպես գտնել երջանկություն։ Փարիզում ապրող հոգեբան թոռը մղձավանջներ ունի, նա երազում անընդհատ խեղդվում է, չնայած օվկիանոսի մոտ երբեք չի ապրել»,-ընդգծում է հեղինակը։

Անտառահատումները, արդյունաբերական ձկնորսությունն ու օտար տնտեսական շահերը փոխում են ոչ միայն բնությունը, այլև մարդկանց կենսակերպը։ Նոր ցանկությունները, պարտքերն ու տնտեսական կախվածությունը աստիճանաբար ներխուժում են նրանց կյանք՝ քանդելով հարաբերությունները և խորացնելով արդեն գոյություն ունեցող ցավերը։ Զաքարիասի ընտանիքի պատմությունը ևս դառնում է այդ փոփոխությունների զոհը՝ իր հետ բերելով կորուստ, երեխայի մահ, ընտանեկան փլուզում և սերնդեսերունդ փոխանցվող տառապանք։

Տասնամյակներ անց Զաքարիասի անունը կրող թոռը՝ Զաքը, ապրում է Փարիզում։ Նա հոգեբան է, ամուսին և հայր, սակայն երիտասարդ տարիքում լքել է Կամերունը՝ փորձելով ամբողջությամբ կտրել կապն իր անցյալի հետ։ Չնայած դրան՝ մանկության հիշողությունները, ընտանեկան գաղտնիքներն ու չապաքինված կորուստները շարունակում են հետապնդել նրան։

Զաքը պապին երբեք չի ճանաչել, բայց նրանց ճակատագրերը, կարծես, հայելային արտացոլումներ լինեն։ Կրկնում են նույն սխալները, ունեն իրենց հնարավորություններից մեծ երազանքներ և չեն կարողանում գտնել երջանկությանը հասնելու ճանապարհը։ Փարիզում ապրող հոգեբանը մշտապես մղձավանջներ է տեսնում․ երազներում խեղդվում է, թեև իր կյանքում երբեք օվկիանոսի մոտ չի ապրել։ Ջուրը վեպում դառնում է ոչ միայն բնության տարերք, այլև ժառանգված հիշողության, վախի և չիրականացած երազանքների խորհրդանիշ։

Էմլի Բումը զուգահեռում է պապի և թոռան ճակատագրերը՝ ընթերցողին տանելով Կամպոյից Դուալա, իսկ Դուալայից՝ Փարիզ։ Այս ճանապարհը պարզապես աշխարհագրական տեղաշարժ չէ․ այն ընտանիքի պատմության, գաղթի և ինքնության որոնման ուղին է։ Հեղինակը հարց է առաջադրում՝ հնարավո՞ր է արդյոք իսկապես փախչել անցյալից, թե՞ չպատմված ու չբուժված ցավը շարունակվում է հաջորդ սերունդների կյանքում։

«Ձկնորսի երազը» նաև Կամերունի պատմության ու հետգաղութային ժառանգության մասին է։ Անձնական ողբերգությունների միջոցով վեպը ցույց է տալիս, թե ինչպես են հասարակական և տնտեսական մեծ փոփոխությունները ներթափանցում ընտանիքների առօրյա, ինչպես են զարգացման խոստումները երբեմն վերածվում կախվածության, իսկ առաջընթացի անվան տակ բնությունն ու ավանդական կենսակերպը հայտնվում են վտանգի առաջ։

Էմլի Բումը կամերունցի ֆրանսագիր գրող է։ Կամերունում  ուսումնասիրել է մարդաբանություն, իսկ Լիլում՝ միջազգային բիզնես։ Աշխատել է Կամերունում և աֆրիկյան այլ երկրներում, իսկ 2009 թվականին հաստատվել է Փարիզում և նվիրվել գրականությանը։ Նրա ստեղծագործությունների առանցքում Կամերունի պատմությունն է, գաղութային և հետգաղութային ժառանգությունը, ընտանեկան հիշողությունն ու հասարակական մեծ փոփոխությունների ազդեցությունը մարդու ճակատագրի վրա։

Գրողի ստեղծագործությունները արժանացել են մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Sciences Po-ի գրական մրցանակին, Louis-Guilloux, Chadourne, Charles Brisset մրցանակներին։ «Ձկնորսի երազը» 2025 թվականին արժանացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության «Հինգ մայրցամաքների» գրական մրցանակին։

Վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Լիլիթ Բլեյանը։ Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

«Ձկնորսի երազը» ընթերցողներին կներկայացվի Francofest2026-ի շրջանակում։ Իդեպ, Էմլի Բումը Հայաստան կայցելի գարնանը՝ գրքարշավ։

Տարածել

Ձկնորսի երազը
Ձկնորսի երազը

Էմլի Բում

6800 ֏

Նկարագրություն

Կամերունի հարավում՝ Նտեմ գետի և Ատլանտյան օվկիանոսի հանդիպման վայրում է ապրում Զաքարիասը։ Ձկնորս է իր նախնիների պես։ Նրա աշխարհը կառուցված է ընտանիքի, օվկիանոսի ու դարավոր սովորույթների ներդաշնակության վրա։ Բայց երբ տարածաշրջանում հայտնվում են օտարերկրյա ընկերությունները՝ խոստանալով աշխատանք, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք, այդ հավասարակշռությունը սկսում է փլուզվել։ Նոր ցանկությունները, պարտքերն ու տնտեսական կախվածությունը փոխում են գյուղի կյանքը, Զաքարիասի ընտանիքի ճակատագիրը։ Նրա թոռը՝ Զաքը, ապրում է Փարիզում, հոգեբան է, ամուսին և հայր։ Նա երիտասարդ տարիքում փախել է Կամերունից և փորձել կտրել անցյալի հետ բոլոր կապերը։ Սակայն մանկության հուշերը, ընտանեկան գաղտնիքներն ու կորուստները շարունակում են հետապնդել նրան։ 

Էմլի Բումը զուգահեռում է պապի ու թոռան պատմությունները․ Կամպոյից Դուալա, Դուալայից Փարիզ։ Նա ընտանեկան սագա է ստեղծում արմատների ու տարագրության, հիշողության ու մոռացության, սիրո, մեղքի և վերադարձի մասին։ Կարո՞ղ ենք իսկապես փախչել մեր անցյալից, թե՞ այն, ինչ չի պատմվել ու չի բուժվել, շարունակվում է հաջորդ սերունդների կյանքում։