Ովքե՞ր են Francofest 2026-ի երեք ֆրանկոֆոն հեղինակները․ Արտակ Ալեքսանյանը ներկայացնում է (տեսանյութ)
10/02/2026
Հոկտեմբերի 10-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի Francofest-ը։ Հատուկ ֆրանկոֆոն գրականության տոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն երեք գրող։ Փառատոնին ընդառաջ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն անդրադարձել է ֆրանկոֆոն նոր գրքերին, միջազգային հյուրերին ու նրանց գրական ճանապարհին։
Այս տարվա Francofest-ին, որն անկացվելու է հոկտեմբերին 10-ին, Հայաստան են այցելելու երեք ճանաչվածֆրանկոֆոն գրողներ։ Բելգիայից, Ֆրանսիայից և Լիբանանից ժամանելու են 3 հեղինակներ, որոնք անցել են խիստտարբեր ճանապարհներ։ Մեկը եղել է գիտնական և գրավաճառ, մյուսը երկար տարիներ փորձել է իր տեղը գտնելկյանքում, մինչև առաջին վեպը դարձել է միջազգային բեսթսելեր, երրորդը հեղինակավոր մտավորական էԼիբանանում։
Ֆիլիպ Մարչևսկին բելգիացի գրող է, ծնվել և ապրում է Լիեժում։ Դեպի գրականություն նրա ճանապարհը բավականանսովոր է եղել։
Մարժևսկին մասնագիտությամբ նեյրոհոգեբան է։ Վեց տարի զբաղվել է գիտական աշխատանքով և ուսումնասիրել մարդու ուղեղն ու հիշողությունը։ Հետո ամբողջությամբ փոխել է իր գործունեության ուղղությունը և Լիեժում հիմնել անկախ գրախանութ։ Այդ գրախանութը նա ղեկավարել է 16 տարի՝ ամեն օր շրջապատված լինելով գրքերով, հեղինակներով և ընթերցողներով։ Միայն դրանից հետո է սկսել գրքեր գրել։
Իր առաջին վեպը Ֆիլիպը գրել է 45 տարեկանում՝ 2019-ին։ Երկրորդ վեպը՝ «Արևադարձային մարմինը», արժանացել է Բելգիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ Վիկտոր Ռոսելի մրցանակին։ Francofest-ում ՖիլիպՄարժևսկին կներկայացնի իր «Երբ Սեսիլը» վեպի հայերեն հրատարակությունը։
Սեսիլը մահացել է 27 տարեկանում՝ ավիավթարից։ Անցել է քսան տարի, բայց վեպի հերոսի հուշերում նա դեռ ներկա է։ Հերոսը մի օր փողոցում նկատում է մի կնոջ, որը շատ նման է Սեսիլին, և սկսում է հետևել նրան։ Սա պարզապես կորցրած սիրո պատմություն չէ։ Այս գիրքը հուշի ու մոռացման մասին է։ Այն մասին, թե մեր հիշողությունից ժամանակի ընթացքում ինչպես են անհետանում մարդու դեմքը, ձայնը, շարժումները, աչքերի գույնը։ Եվ ի՞նչ է մնում մարդուց, երբ ոչոք այլևս չի հիշում նրան։
Թերևս պատահական չէ, որ հիշողության մասին այս նուրբ վեպի հեղինակը նախկին նեյրոհոգեբան է։
Francofest-ի երկրորդ հյուրը ֆրանսիացի գրող Օլիվիե Բուրդոն է։ Նրա կենսագրությունը գրեթե իր գրքերի պես է՝ զվարճալի, անհավանական և մի փոքր խենթ։
Բուրդոն դպրոցը թողել է 16 տարեկանում։ Նա բարձրագույն կրթություն չի ստացել, աշխատել է տարբեր տեղերում, երկար տարիներ զբաղվել է անշարժ գույքի վաճառքով։ Հետագայում ինքն իր այդ տարիները նկարագրել է որպես անհաջողությունների երկար շրջան։ Երկու տարի աշխատել է իր առաջին վեպի վրա, բայց ոչ մի հրատարակիչ չի համաձայնել այն տպագրել։
Դրանից հետո Բուրդոն մեկնել է Իսպանիա՝ ծնողների տուն, և ընդամենը յոթ շաբաթում գրել մի նոր վեպ։ Այդ գիրքը կոչվում էր «Բոժանգլզին սպասելիս»։
Վեպը լույս է տեսել 2016 թվականին և գրեթե անմիջապես դարձել է ֆրանսիական գրական տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Այն արժանացել է մի քանի խոշոր գրական մրցանակների, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, բեմադրվել թատրոնում, ավելի ուշ՝ էկրանավորվել։
«Բոժանգլզին սպասելիս» վեպը մի ընտանիքի պատմություն է, որն ապրում է իր ստեղծած հեքիաթային աշխարհում։
Ծնողներն ամեն երեկո պարում են Նինա Սիմոնի Mr. Bojangles երգի հնչյունների ներքո։ Նրանց տանը միշտ հյուրեր են, երաժշտություն, ուրախություն և խաղեր։ Մայրն ամեն օր կարող է նոր անուն ունենալ, բնակարանում նրանց հետ ապրում է նաև մի մեծ, էկզոտիկ թռչուն։
Այս ամենը մենք տեսնում ենք ընտանիքի փոքր տղայի աչքերով։ Նրա համար ծնողների աշխարհը կախարդական է։ Բայց աստիճանաբար պարզ է դառնում, որ այդ անվերջ տոնը շատ ծանր իրականություն է թաքցնում։
Սա խելահեղ սիրո պատմություն է։ Միաժամանակ ծիծաղելի ու տխուր, թեթև ու ցավոտ։ Պատմություն այն մասին, թեմարդ որքան հեռու կարող է գնալ՝ սիրելիին պաշտպանելու և տոնը թեկուզ մեկ օր երկարաձգելու համար։
Մեր երրորդ հյուրը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանին է։ Նա ծնվել է Բեյրութում, հետո տեղափոխվել Ֆրանսիա, կրթություն ստացել այնտեղ, դոկտորական է պաշտպանել ֆրանսիացի դրամատուրգ և մտածող Անտոնեն Արտոյի ստեղծագործության թեմայով։ Երկար տարիներ Ֆրանսիայում ապրելուց հետո Մաժդալանին վերադարձել է Լիբանան։ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում ղեկավարել է ֆրանսիական գրականության ամբիոնը և մինչև օրս դասավանդում է այնտեղ։
Մաժդալանին ոչ միայն վիպասան է, այլև հրապարակախոս և Լիբանանի հանրային կյանքի ակտիվ մասնակից։ Նրահոդվածները տպագրվել են ֆրանսիական ու լիբանանյան հեղինակավոր պարբերականներում։ Մաժդալանին իր գրականության մեջ պատմում է Լիբանանի, Բեյրութի, ընտանիքների, հիշողության և պատերազմի պատճառով անհետացած աշխարհի մասին։
Նրան երբեմն անվանում են լիբանանյան Պրուստ, որովհետև իր վեպերում անձնական և ընտանեկան հուշերի միջոցով վերականգնում է մի ամբողջ երկրի անցյալը։
Francofest2026-ին նա կներկայացնի «Անունն արքայաց» վեպը։ Սա մեծանալու պատմություն է, որի ֆոնին մի ամբողջ երկիր է անհետանում։ Հեղինակը վերադառնում է իր մանկության ու պատանեկության Բեյրութ՝ քաղաք։ Ընտանիքը, բարեկեցիկ կյանքը, տոները, մարդկանց հարաբերություններն ու մանկության վստահությունը թվում են անփոփոխ։ Բայց հետո սկսվում է պատերազմը, և այդ աշխարհը փլուզվում է։
«Անունն արքայաց» վիպակը միայն Լիբանանի մասին չէ։ Այլ բոլոր այն մարդկանց, որոնք մի օր հասկացել են, որ իրենց մանկության երկիրն այլևս գոյություն չունի։ Մնացել են միայն հուշերը, ընտանեկան պատմություններն ու գրականությունը։
Այսպիսով՝ երեք հեղինակ և երեք տարբեր գրական աշխարհներ։
- Ֆիլիպ Մարչևսկին խոսում է մարդու մասին, որը փորձում է սիրելիին փրկել մոռացումից։
- Օլիվիե Բուրդոն պատմում է ընտանիքի մասին, որը փորձում է իր սերն ու խենթությունը պաշտպանել իրականությունից։
- Շարիֆ Մաժդալանին վերականգնում է պատերազմից առաջ եղած երկիրը, որը հնարավոր է վերադարձնել միայն հիշողության և գրականության միջոցով։
Հոկտեմբերի 10-ին այս երեք հեղինակները կլինեն Երևանում՝ Ֆրանկոֆեստում։
Դուք կկարողանաք նրանց գրքերը ձեռք բերել հայերեն թարգմանությամբ, հանդիպել նրանց հետ, լսել նրանց պատմությունները, հարցեր տալ և հասկանալ, թե ինչպես է իրական կյանքը վերածվում գրականության։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի Ռապսոդիա անցյալի թողած հետքերի մասին՝ «Երբ Սեսիլը» (թրեյլեր)
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)
Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)