Ֆրանսիական գրքի ու արվեստի Francofest փառատոնին է միացել ՀԱՊ փաստաբանական ընկերությունը
10/05/2026
Francofest 2026 փառատոնի գլխավոր հովանավորը ՀԱՊ փաստաբանական ընկերությունն է։ Ի.Գ.Թ., HAP փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Հայկ (Տեր) – Հովհաննիսյանի հետ զրուցել ենք փառատոնին միանալու, ֆրանսիական գրականության ու սիրելի գրքերի մասին։
Պարոն Հովհաննիսյան, Ձեր ղեկավարած ընկերությունը դարձել է ֆրանսագիր գրքի ու գրականության Francofest 2026 փառատոնի գլխավոր հովանավորը. Դուք ֆրանկոֆոն եք, սիրում եք ֆրանսիական գրականությունը ու ֆրանսիացի լավագույն հեղինակներին ընթերցել եք բնագրով։ Ֆրանսիացի ո՞ր հեղինակին կառանձնացնեք։
Ռոմեն Գարիին։ Միակ հեղինակն է, որ երկու անգամ ստացել է Գոնկուր, թե ինչ հնարքով, թող պարզի ընթերցողը։ Ինձ համար նրա գլխավոր գործը «Երկնքի արմատներն» է, և այդ վեպի մի կերպար ինձ չի լքում։ Նրա անունը Դյուպարկ է, բայց Դիմադրության և համակենտրոնացման ճամբարում նրան ճանաչում էին որպես Ռոբեր։ Հենց նա էր, որ ճամբարում, որտեղ մարդուն ամեն օր փորձում էին վերածել կենդանու, բարաքում թևանցուկ էր անում մի երևակայական տիկնոջ (la femme imaginaire) և պահանջում, որ բանտարկյալները նրա ներկայությամբ իրենց պահեն այնպես, ինչպես վայել է մարդուն։ Այդ հորինված տիկինը բանտարկյալների արժանապատվության վերջին պատվարն էր։ Պատերազմից հետո Մորելն Աֆրիկայում հանդիպում է իր ճամբարային ընկերոջը։ Ռոբերն այժմ Դյուպարկն է, պլանտացիայի տեր, սպանում է փղերի, արդարանալով, թե նրանք իր պլանտացիան են ավերում։ Այն մարդը, որ ճամբարում իր բախտակից ընկերների մեջ պահել էր մարդկայինը, այժմ բնաջնջում է այն ազատ գեղեցկությունը, որը ոչ մի շահ չի բերում և հենց դրանով է թանկ։ Եվ ամենասարսափելին ոչ թե որսն է, այլ արդարացումը։ Նա իրեն դավաճան չի համարում։ Նա ունի բացատրություն։
Ես այս կերպարին՝ Դյուպարկին, շարունակաբար հանդիպում եմ մեր իրականության մեջ։ Գիտեմ մարդկանց, որոնք ամենադժվար տարիներին եղել են ազնիվ, հպարտ, անկոտրում, իսկ հետո, հասնելով բարեկեցության, պաշտոնի կամ ազդեցության, կորցրել են իրենց դեմքը և անցած ճանապարհն այսրոպեական շահի, քաղաքական հարմարության կամ նեղ անձնական օգուտի համար։ Յուրաքանչյուրն ունի իր «պլանտացիան», որը պետք է պաշտպանել, և յուրաքանչյուրն ունի իր արդարացումը։ Գարիի ողբերգությունը մարդու փոխակերպումն է, որն ինքն իրեն չի նկատում։ Դյուպարկը վատ մարդ չի դարձել, նա պարզապես մոռացել է, թե ով էր։ Հենց դրա համար այս գիրքը մեզ համար հայելի է, ոչ թե պատմություն հեռավոր Աֆրիկայի մասին։
Ո՞րն է վերջին ֆրանսալեզու գիրքը, որն ընթերցել եք ու շատ տպավորվել։
Այս օրերին վերընթերցում եմ Շառլ Ազնավուրի և Ժակ Բրելի երգերի տեքստերը, և դրանց մասին խոսում եմ որպես գրականության։ Ազնավուրը կարողանում էր երեք րոպեում պատմել մի ամբողջ կյանք, Բրելը՝ նույն երեք րոպեում մարդուն մերկացնել մինչև ոսկորը։ Երբ տեքստը կարդում ես առանց երաժշտության, բացվում է նրանց պոեզիայի ճշգրտությունը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ այդ երկուսից մեկը հայ է, մյուսը՝ բելգիացի։ Ֆրանսերենի մեծագույն երգիչներից երկուսը Ֆրանսիայից չեն։
Զուգահեռաբար մտքովս անընդհատ անցնում է Անրի Վերնոյի «Մայրիգ»-ը, որը մինչև ֆիլմ դառնալն ինքնակենսագրական գիրք էր։ Ֆիլմում կա մի դրվագ, որ ինձ չի լքում. մայրը որդուն տալիս է տաք շոր, որ չմրսի, և որդին լուռ մտածում է այն ամենի մասին, ինչ թաքնված է այդ պարզ հոգածության հետևում։ Այդ տեսարանում ամբողջ հայկական սփյուռքի պատմությունն է։ Ամեն ինչ կորցնելուց հետո մնում է մոր ձեռքը, որը շարունակում է հոգ տանել և պաշտպանել։ Մեր համատեքստում մայրը՝ Հայաստանն է: Ազնավուրն ու Վերնոյը ֆրանսիացի էին և հայ։ Նրանք ապացուցեցին, որ այս երկու ինքնությունը ոչ թե մրցում են, այլ լրացնում միմյանց։
Կա՞ հեղինակ, որին խորհուրդ կտաք ոչ թե թարգմանությամբ, այլ հենց ֆրանսերեն բնագրով կարդալ, և ինչո՞ւ։
Անկեղծ ասեմ, ֆրանսերենով ես կարդում եմ ավելի դանդաղ, քան անգլերենով կամ ռուսերենով, և հենց դրա համար իմ խորհուրդն ավելի գործնական է, քան ակադեմիական։ Սկսեք Ազնավուրից և Բրելից։ Երգի տեքստը կարճ է, խոսակցական է, և բառախաղն ու ռիթմը թարգմանության մեջ գրեթե միշտ կորչում են։ Բրելը դրա լավագույն ապացույցն է. նրա երգերը թարգմանվել են բոլոր լեզուներով, բայց ֆրանսերենի արագացող, խեղդող ռիթմը ոչ մի թարգմանություն չի փոխանցում։ Դրանից հետո՝ Ալբեր Կամյուի «Օտարը». կարճ նախադասություններ, պարզ բառապաշար, և միևնույն ժամանակ այն սառը հեռավորությունը, որը թարգմանությունն անխուսափելիորեն «տաքացնում» է։ Այդ երեքի հետ ֆրանսերենը դառնում է ոչ թե պատնեշ, այլ դուռ, և հետո արդեն կարելի է գնալ Գարիի մոտ։
Ֆրանսիական գրականության մեջ ի՞նչն է ձեզ հատկապես գրավում՝ լեզվի՞ նրբությունը, հեղինակների գաղափարնե՞րը, թե՞ ֆրանսիական գրականության մեջ արտացոլված մարդը՝ իր հույզերով, ապրումներով ու հասարակական խնդիրներով։
Մարդը։ Լեզվի նրբությունը միջոց է, գաղափարները՝ կմախք, բայց ֆրանսիական գրականությունը դարեր շարունակ անում է մեկ բան. մարդուն քննում է այնպես, ինչպես դատավորը՝ գործը, առանց նախապաշարման և կողմնակալության։ Մոնտենից մինչև Գարի այս գրականությունը չի վախենում ցույց տալ, որ նույն մարդը կարող է լինել և՛ ազնվական, և՛ ստոր, և որ պատասխանատվությունը ընտրության մեջ է։ Իրավաբանի համար ընտրության հարցն առավել կարևոր է։
Ֆրանկոֆեստի այս տարվա ծրագրում ներկայացվում են ոչ միայն ֆրանսիական հեղինակավոր Գոնկուր և Գոնկուր Հայաստանի մրցանակները ստացած վեպեր, այլ նաև ժամանակակից ֆրանսախոս լավագույն հեղինակները. ի՞նչ կարևորություն ունի հայ ընթերցողին ժամանակակից ֆրանսագիր գրականությունը ներկայացնել հայերեն։
Այս տարվա հյուրերը՝ Շարիֆ Մաժդալանին, Ֆիլիպ Մարչևսկին, Օլիվիե Բուրդոն, ցույց են տալիս, որ ֆրանսագիր գրականությունը միայն Ֆրանսիան չէ։ Այն Լիբանանն է, Բելգիան, ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը։ Դասականները մեզ ասում են, թե ինչպիսին է եղել մարդը, իսկ ժամանակակից գրականությունը՝ ինչպիսին է նա այսօր, մեզ հետ կանգնած այն նույն հարցերի առաջ ։ Հայերեն թարգմանությունը այդ երկխոսությունը դարձնում է ոչ միայն ֆրանսալեզու ընթերցողի, այլև ամբողջ հասարակության սեփականությունը։ «Գոնկուր Հայաստանի ընտրությունը» մրցանակն էլ ցույց է տալիս, որ հայ ընթերցողը ոչ միայն ընդունող է, այլ նաև գնահատող։
Գրականությունը հնարավորություն է տալիս մտնել մեկ ուրիշ մարդու, մեկ ուրիշ ժամանակաշրջանի, հասարակության աշխարհ։ Իրավաբանի համար, որը մշտապես աշխատում է տարբեր մարդկանց և շահերի հետ, դա կարևո՞ր փորձ է։
Անգնահատելի է։ Որպես փաստաբան ես ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, որոնց շահերը բախվում են։ Վեճը լուծելու համար պետք է հասկանալ ոչ միայն այն, ինչ կողմն ասում է, այլ նաև պարզել, պատկերացնել նրա թաքնված շահերն ու իրական, չբարձրաձայնվող նպատակները։ Գրականությունը պատկերավոր մտածողության զարգացման լավագույն «մարզասարքն» է։ Այն սովորեցնում է, որ դիմացինը նույնպես ունի իր ճշմարտությունը, և դա հասկանալը հաճախ խնդրի լուծման բանալին է։
Ընթերցողներին խորհուրդ տվեք մեկ ֆրանսերեն գիրք, որը պետք է անպայման կարդալ։
Ռոմեն Գարիի «Արշալույսի խոստումը» («La Promesse de l'aube»)։ Սա մոր մասին գիրք է, մի մոր, որն իր որդուն այնքան էր հավատում, որ որդին ստիպված էր դառնալ այդ հավատին արժանի։ Հայ ընթերցողն այստեղ կճանաչի մեր մայրերին, և հենց այստեղ է, որ «Մայրիգ»-ն ու Գարին հանդիպում են։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են գրականությունն ու գիրքը կարևոր, օրինակ, փաստաբանական, իրավաբանական ոլորտի համար։
Պայմանագիրը, հայցադիմումը, արբիտրաժային վճիռը տեքստեր են, և դրանց ուժը կախված է ճշգրտությունից և համոզիչ լինելուց։ Մեկ սխալ բառը կարող է արժենալ միլիոններ։ Բացի այդ, դատարանում և արբիտրաժում մենք պատմություն ենք պատմում՝ փաստերի, ապացույցների, տրամաբանության վրա հիմնված, բայց այնուամենայնիվ, պատմություն։ Լավ ընթերցողը հասկանում է, թե ինչպես է կառուցվում համոզիչ պատումը, բայց կա ավելի խորը պատճառ։Մոնտենը, որն իրավաբան էր, «Փորձերում» գրում է, որ մեկնաբանությունները մեկնաբանելը ավելի մեծ գործ է, քան ինքնին իրերը մեկնաբանելը («Il y a plus affaire à interpréter les interprétations qu'à interpréter les choses»)։
Երեք հարյուր տարի անց Ֆլոբերը նույն միտքն ասում է շատ ավելի հատու. «Ճշմարտություն գոյություն չունի։ Կան միայն տեսնելու ձևեր» («Il n'y a pas de Vrai ! Il n'y a que des manières de voir»)։ Փաստաբանն, իհարկե, չի կարող այսքան հեռու գնալ. մեր գործում ճշմարտությունը կա, և դատարանը հենց դա է փնտրում։ Բայց Ֆլոբերը մի բանում անվիճելիորեն ճիշտ է. փաստերն ինքնին լուռ են։ Պայմանագիրը, ստացականը, նամակագրությունը, վկայությունը երկու կողմերի փաստաբանների ձեռքում երկու տարբեր պատմություններ են դառնում։
Փաստաբանի արվեստը ոչ միայն փաստեր հավաքելն է, այլ դրանք ճիշտ բանելը (փաստ – ա - բան), այն է կարդալը, դրանց միջև կապը տեսնելը և մեկնաբանելով այդ կապը դատավորին կամ արբիտրին համոզիչ ցույց տալը։ Ըստ էության, մենք դատարանում պատմություն ենք պատմում՝ փաստերի, ապացույցների, տրամաբանության վրա հիմնված, բայց այնուամենայնիվ պատմություն։ Փաստաբանը, որը գրականություն չի կարդում, զրկում է իրեն ամենակարևոր գործիքներից՝ երևակայությունից, մեկնաբանելու և համոզիչ պատմելու հմտություններից։
Ի՞նչ կապ եք տեսնում փաստաբանական ընկերության գործունեության և գրքի, գրականության, գրահրատարակչության ոլորտի միջև։ Ինչո՞վ են այս երկու ոլորտները օգնում մարդկանց, ծառայում հասարակության զարգացմանը։
Երկուսն էլ աշխատում են բառի հետ և երկուսն էլ ծառայում են վստահության ամրապնդմանը։ Հրատարակիչն ընթերցողին երաշխավորում է, որ գիրքն արժանի է ժամանակին։ Փաստաբանն ապահովում է իր վստահորդի շահերի լավագույն պաշտպանությունը։ Երկու ոլորտն էլ, ամեն մեկն իր ձևով, հասարակությանը սովորեցնում են լսել ուրիշին, ապրումակցել և կանոններով լուծել տարաձայնությունները։ Կայուն իրավական միջավայրը և ընթերցող հասարակությունը միմյանցից անբաժան են։
Ի՞նչ դեր կարող են ունենալ մասնավոր ընկերությունները մշակույթի զարգացման գործում։ Նման նախաձեռնությունների կողքին լինելը Ձեզ համար միայն հովանավորությո՞ւն է, թե՞ նաև մշակութային միջավայրի ձևավորման պատասխանատվություն։
Ոչ, մեզ համար սա միայն հովանավորություն չէ։ Բիզնեսը, որն աշխատում է տվյալ հասարակությունում, պատասխանատու է նաև այն միջավայրի համար, որում աշխատում է։ Պետությունը չի կարող և չպետք է մշակույթի միակ աջակիցը լինի։ Մասնավոր նախաձեռնությունները բազմազանություն և անկախություն են բերում։ Francofest-ի գլխավոր հովանավորներից մեկը լինելով՝ մենք ներդրում ենք անում այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդիկ կարդում են, մտածում և երկխոսում։ Դա նաև մեր՝ իրավաբանների աշխատանքի անուղղակի նախապայմանն է։
Ձեր ընկերությունը մասնագիտական խրթին, բարդ իրավիճակներում տալիս է բազմակողմանի խորհրդատվություն, օգնում է լուծել բարդ իրավաբանական հարցեր։ Պատմեք, խնդրում եմ, ընկերության ռազմավարության ու գաղափարախոսության մասին. ինչպե՞ս եք որոշում, թե որ քեյսերն ընդունել, ո՞ր առաջարկը, մերժել։
HAP-ի ռազմավարությունը Հայաստանի իրավունքի խորքային իմացությունը միջազգային իրավական մեթոդաբանության և բիզնես միջավայրի իմացության հետ համատեղելն է։ Մենք զբաղվում ենք բարդ գործերով, ռազմավարական նախագծերով և զգայուն վեճերով, այսինքն,այնտեղ, որտեղ պատրաստի պատասխաններ չկան։ Գործն ընտրելիս մենք մեզ տալիս ենք երեք հարց. կարո՞ղ ենք իրական արժեք ավելացնել, կա՞ շահերի բախում, և արդյո՞ք վստահորդի նպատակն օրինական ու ազնիվ է։ Հաստատ, կմերժենք այն առաջարկը, որի նպատակը իրավունքն իրավունքի դեմ օգտագործելն է, նաև այն վստահորդին, որն ակնկալում է երաշխավորված արդյունք։ Ազնիվ փաստաբանը ռիսկերի մասին ասում է անկեղծորեն, ոչ թե խոստանում է այն, ինչ կախված չէ իրենից։
Կարո՞ղ եք հիշել մեկ կարևոր մասնագիտական քեյս, որով հպարտանում է Ձեր ընկերության ամեն մի աշխատակից, ու այն կարևոր դեր ունի ձեր մասնագիտական գործունեության մեջ։
Rasia FZE-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը ICSID-ում, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Դուբայում գրանցված ընկերությունը և նրա ամերիկացի ղեկավարը Հայաստանից պահանջում էին շուրջ 330 միլիոն դոլար՝ հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կոնցեսիոն համաձայնագրերի ենթադրյալ խախտման հիմքով։ HAP-ն այդ գործում պետության պաշտպանության թիմում էր։ 2023 թվականի հունվարին արբիտրաժային տրիբունալը պահանջն ամբողջությամբ մերժեց և հայցվորներին պարտավորեցրեց հատուցել Հայաստանի դատական ծախսերը՝ շուրջ 2, 8 միլիոն դոլար։ Հայցվորները փորձեցին վճիռը չեղարկել, բայց 2024 թվականի նոյեմբերին ICSID-ի կոմիտեն մերժեց բոլոր հիմքերը, և պետությունն ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիոն դոլար ծախս հետ ստացավ։ Ներդրումային արբիտրաժում ծախսերի ամբողջական հատուցումը հազվադեպ երևույթ է. սովորաբար պետությունը նույնիսկ հաղթելիս մնում է իր ծախսերի հետ։ Այս գործը ցույց տվեց, որ լավ պատրաստված պաշտպանությունը ոչ միայն կանխում է անհիմն պահանջը, այլ նաև պաշտպանում է հարկատուին։ Մեզ համար էլ այն ապացույց էր, որ հայ իրավաբանները միջազգային արբիտրաժի ամենաբարձր մակարդակում կարող են աշխատել նույն որակով, ինչ աշխարհի առաջատար ընկերությունները։ Այդ համոզմունքն այսօր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ինքնագիտակցության մաս է։
Կարդա նաև
Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիրք և մեկ օր՝ ֆրանկոֆոն գրականության հետ (անոնս)
Ինչու մասնակցել ֆրանկոֆոն գրքերի փառատոնին. ներկայացնում է Արտակ Ալեքսանյանը (տեսանյութ)
Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի մրցանակների արժանացած Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը (թրեյլեր)
Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գիրքը ֆրանսերեն` Le temps des Mouches (թրեյլեր)