Newmag-ը ներկայացնում է «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակի մյուս գիրքը՝ «Փողի ծախսաբանությունը» (թրեյլեր)
10/14/2026
Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի կունենա ֆինանսների և վարքագծային տնտեսագիտության աշխարհահռչակ հեղինակ Մորգան Հաուզելի նոր գրքի՝ «Փողի ծախսաբանության» հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ձեռք բերելու հեղինակի ինչպես նոր գիրքը, այնպես էլ համաշխարհային բեսթսելլեր դարձած «Փողի հոգեբանությունը»։
«Երբ կյանքում զգում ենք դատարկություն, մեր առաջին արձագանքը հաճախ այն է, որ փող է պետք», - ասում է Հաուզելը։ Սակայն արդյոք փողը երջանկացնում է։ Հեղինակը հարցադրում է անում՝ ո՞րն է մեր նպատակը. ավելի շատ փող ունենա՞լը, թե՞ ավելի լավ ապրելը։ Եթե փողը չի բերում ժամանակ, հանգստություն կամ ազատություն, ուրեմն ինչ-որ բան սխալ է մեր մոտեցման մեջ։
Հաուզելը մեզ սովորեցնում է վերանայել մեր վերաբերմունքը ծախսելու նկատմամբ։ Նա հիշեցնում է. «Փողը պետք է ծառայի, ոչ թե կառավարի քեզ։ Այն անհրաժեշտ է ավելի լավ կյանքով ապրելու համար, բայց երբ այն դառնում է քո ինքնության մասը, արդեն փողն է օգտագործում քեզ»։
Հաճախ մենք գնում ենք իրեր, որոնք իրականում մեզ պետք չեն, և հարստությունը շփոթում ենք կարգավիճակի ու դիրքի հետ։ Անընդհատ համեմատվելով ուրիշների հետ՝ մենք չենք կարողանում բավարարվել անգամ մեծ եկամուտ ունենալու պարագայում։ Հեղինակը հարցադրում է կատարում․ «Դու ծախսում ես, որովհետև դա քեզ երջանկացնո՞ւմ է, թե՞ որովհետև սոցիալական կարգավիճակն է պահանջում»։
«Փողի ծախսաբանությունը» գիրքը ոչ թե պատրաստի ֆինանսական բանաձևեր է առաջարկում։ Հեղինակը պատմությունների, հոգեբանական դիտարկումների և իրական օրինակների միջոցով բացահայտում է փողի, երջանկության, նախանձի, վախի ու ափսոսանքի բարդ կապերը՝ դառնալով «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի տրամաբանական շարունակությունը։
Ամերիկացի գրող Մորգան Հաուզելը The Collaborative Fund-ի գործընկերն է, նախկինում The Motley Fool և The Wall Street Journal պարբերականներում եղել է սյունակագիր։ Երկու անգամ արժանացել է Ամերիկյան բիզնես խմբագիրների և գրողների միության Best in Business Award մրցանակին, ստացել է The New York Times-ի Sidney Award մրցանակը և երկու անգամ եղել ֆինանսական լրագրության հեղինակավոր Gerald Loeb Award մրցանակի եզրափակիչում։
«Փողի ծախսաբանությունը» գրքում նա օգնում է հասկանալ սեփական ցանկություններն ու որոշումները, խուսափել ծախսելու տարածված խայծերից և փողն օգտագործել որպես գործիք՝ ավելի ազատ, իմաստավորված ու բարեկեցիկ կյանք կառուցելու համար։
Newmag-ի մեկ այլ բեսթսելլեր հեղինակ Մարկ Մենսոնը ասել է. «Այս գիրքը մատնանշում է այն, ինչ բոլորս ներքուստ գիտենք, բայց չենք ուզում ընդունել. մենք գաղափար չունենք՝ ինչպես ծախսել մեր փողը»։
Հաուզելի ինչպես «Փողի հոգեբնությունը», այնպես էլ «Փողի ծախսաբանությունը» գրքերի գլխավոր գործընկերը Էփրիքոթ Կապիտալն է։
Շնորհանդեսը կանկացվի նախ պանելային քննարկմամբ, որին կմասնակցեն գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը, Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, մոդերատոր՝ Դավիթ Մեջլումյան։ Քննարկմանը կհաջորդի «Խնայողությունների բաշխումը՝ ըստ ֆինանսական նպատակների» թեմայով դասախոսությունը։
Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Փողը կարող է երջանկություն գնել։ Բայց ինչո՞ւ է այն հաճախ մեզ տալիս ավելի քիչ երջանկություն, քան ակնկալում ենք։ Մենք սովորում ենք՝ ինչպես փող աշխատել, խնայել և ներդնել, բայց շատ ավելի հազվադեպ՝ ինչպես այն ծախսել։ Ինչո՞ւ ենք գնում իրեր, որոնք իրականում մեզ պետք չեն։ Ինչո՞ւ ենք հարստությունը շփոթում կարգավիճակի հետ։ Ինչո՞ւ ենք ուրիշների հետ համեմատում մեզ և երբեմն նույնիսկ մեծ եկամուտ ունենալով՝ չենք բավարարվում։ Այս գիրքը «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի տրամաբանական շարունակությունն է։ Առաջին գիրքը ցույց էր տալիս, թե ինչպես ենք հարստություն կուտակում, այս գիրքը բացատրում է այն օգտագործելու նրբությունները։ Մորգան Հաուզելը պատմությունների, հոգեբանական դիտարկումների միջոցով և իրական օրինակներով բացահայտում է փողի, երջանկության, նախանձի, կարգավիճակի, ինքնության, վախի և ափսոսանքի բարդ կապերը։
Հաուզելը պատրաստի ֆինանսական բանաձևեր չի առաջարկում։ Նա օգնում է հասկանալ սեփական ցանկություններն ու որոշումները, խուսափել ծախսելու տարածված խայծերից և փողն օգտագործել որպես գործիք՝ ավելի ազատ, իմաստավորված ու բարեկեցիկ կյանք կառուցելու համար։
Կարդա նաև
4 նոր գիրք հայերեն, 3 միջազգային հյուր. Թարգմանչաց տոնին Newmag-ն անցկացրեց 4-րդ Francofest-ը (լուսանկարներ)
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը