FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի

Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը

10/08/2026

newmag-y-n

HERMITAGE-ը դարձել է Newmag Francofest 2026-ի հովանավորը։ Համագործակցության, մշակույթի և բույրերի միջև կապի մասին զրուցել ենք HERMITAGE-ի համահիմնադիր, մարկետինգի և բիզնես ռազմավարության ղեկավար, օծանելիքի ոճաբան Լիանա Մարկոսյանի հետ։

HERMITAGE-ը դարձել է Newmag Francofest 2026-ի հովանավորը։ Ո՞ր գաղափարն ու արժեքներն են միավորել նիշային պարֆյումերիայի և ֆրանկոֆոն գրականության այս երկուաշխարհները։

Առաջին հայացքից գիրքն ու օծանելիքը տարբեր աշխարհներ են․ մեկը ստեղծվում է բառերով, մյուսը՝ բուրավետ նյութերով, բայց երկուսն էլ պատմություն փոխանցելու արվեստ են։ Գիրքը մեր երևակայության մեջ ստեղծում է պատկերներ, ձայներ ու միջավայրեր, իսկ բույրը երբեմն մեկ ակնթարթում վերադարձնում է մի վայր, մարդու կամ զգացողության, որը վաղուց մոռացված էրթվում։ HERMITAGE-ի համար այս համագործակցությունը բնական է, որովհետև մենք մեզ երբեք չենք սահմանել որպես պարզապես օծանելիք վաճառող ընկերություն։ Մեր աշխատանքը տարիներ շարունակ եղել է բույրերի մշակույթը ներկայացնելն ու զարգացնելը, մարդկանց նոր հեղինակների, պարֆյումերների և պատմությունների հետ ծանոթացնելը։ Նույն գործն է անում նաև գրական փառատոնը՝ բացում է նոր աշխարհներ և ստեղծում երկխոսություն մշակույթների միջև։

Դուք կանգած եք եղել HERMITAGE-ի ստեղծման ակունքներում և ավելի քան 15 տարի աշխատում եք նիշային պարֆյումերիայի ոլորտում։ Ի՞նչ դեր ունեն մշակութային գործընկերությունները բրենդի երկարաժամկետ զարգացման և հասարակության մեջ նրա դերի ձևավորման համար։

Բրենդը երկարաժամկետ արժեք է ստեղծում այն ժամանակ, երբ հասարակության մեջ ունի ոչ միայն առևտրային, այլ նաև մշակութային դեր։ Վաճառքը կարևոր է, որովհետև ապահովում է բիզնեսի կայունությունը, սակայն ուժեղ բրենդային արժեքը ձևավորվում է այն հարցի շուրջ, թե ինչ է ընկերությունը տալիս մարդկանց, բացի ապրանքից։ HERMITAGE-ը Հայաստանում մասնակցել է նիշային պարֆյումերիայի շուկայի ձևավորմանը։ Երբ սկսել ենք, շատ բրենդներ և նույնիսկ նիշային պարֆյումերիայի գաղափարը լայն լսարանի համար դեռ նոր էին։ Հետևաբար մեր աշխատանքը միաժամանակ եղել է և՛ բիզնես, և՛ կրթական առաքելություն՝ ներկայացնել հեղինակներին, բացատրել կոմպոզիցիաները, զարգացնել բույրը գնահատելու մշակույթը և ստեղծել միջազգային փորձառություններին համապատասխան սպասարկում։

Francofest-ը ներկայացնում է ֆրանսիական լեզուն, գրականությունն ու մշակույթը։ Ի՞նչ տեղ ունի ֆրանսիական մշակութային ժառանգությունը HERMITAGE-ի ինքնության և բույրերի ընտրության փիլիսոփայության մեջ։

Ֆրանսիան պարֆյումերիայի պատմության մեջ պարզապես արտադրող երկիր չէ․ այն ձևավորել է բույրի մասին մտածելու մի ամբողջ լեզու։ Գրասի պարֆյումերական գիտելիքները՝ բույսերի մշակությունից և բնական հումքի վերամշակումից մինչև բույրի կոմպոզիցիայի արվեստ, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Սա շատ կարևոր սահմանում է, որովհետև պարֆյումերիան ներկայացվում է ոչ միայն որպես ինդուստրիա, այլ նաև որպես սերունդներով փոխանցվող գիտելիք և ստեղծագործական մշակույթ։ Ֆրանսիական մոտեցման մեջ ինձ միշտ գրավել է ժառանգության և նորարարության հավասարակշռությունը։ Ֆրանսիական լավագույն բրենդները կարողանում են հարգել իրենց պատմությունը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից, երբեմն նույնիսկ համարձակ բույրեր։ Այդ նույն մտածողությունն է նաև HERMITAGE-ի ընտրության հիմքում․ մեզ հետաքրքրում են ոչ միայն գեղեցիկ կոմպոզիցիաները, այլ այն բրենդները, որոնք ունեն հեղինակային դիրք, մշակութային խորություն և զարգանալու ներուժ։ Ֆրանսիական մշակույթը մեզ համար նաև մանրուքների նկատմամբ հարգանք է՝ բառի, ձևի, սպասարկման, փաթեթավորման և զգացողության ամբողջականություն։ Luxury-ն հենցայդ ամբողջականության մեջ է, երբ ոչ մի դետալ պատահական չէ։ Ֆրանսիական մշակույթը HERMITAGE-ի համար հեռավոր կամտեսական հասկացություն չէ։ Այն մեր մասնագիտական ճանապարհի կարևոր մասն է։ Տարիներ շարունակ սերտորեն համագործակցում ենք ֆրանսիական պարֆյումերիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչների հետ՝ Ֆրանսիս Քուրքջյանի, Քվենտին Բիշի, Դոմինիկ Ռոպիոնի, Թիբո Կրիվելիի հետ։ Այս համագործակցությունները մեզ հնարավորություն են տվել հայաստանյան լսարանին ներկայացնել ոչ միայն պատրաստի օծանելիքներ, այլ դրանց հետևում կանգնած մարդկանց, գաղափարները և ստեղծագործական գործընթացը։ Ֆրանսիական մշակութային ժառանգությունից HERMITAGE-ը վերցրել էամենակարևոր սկզբունքներից մեկը՝ ավանդույթի և նորարարության միջև հավասարակշռությունը։ Ֆրանսիական պարֆյումերիան հարգում է արհեստը, նյութը և վարպետությունը, բայց մշտապես փնտրում է արտահայտման նոր ձևեր:

Գիրքն ու օծանելիքն ստեղծում են պատմություններ, արթնացնում զգացողություններ և պահպանում հիշողություններ։ Ո՞րն է, ձեր կարծիքով, դրանց ամենախորը ընդհանրությունը։

Ամենախորը ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ չեն ավարտվում հեղինակի ստեղծածով։ Գիրքը գրում է հեղինակը, բայց յուրաքանչյուր ընթերցողի ներսում այն ստանում է մի փոքր այլ իմաստ։ Նույնը տեղի է ունենում բույրի հետ․ պարֆյումերը ստեղծում է կոմպոզիցիան, բայց մաշկը, հիշողությունները և մարդու ապրած փորձը դրան տալիս են անհատական շարունակություն։

Դուք նաև օծանելիքի ոճաբան եք։ Կարելի՞ է բույրը «կարդալ» այնպես, ինչպես կարդում ենք գիրքը, և ի՞նչ կարող է ճիշտ ընտրված բույրը պատմել մարդու անհատականության, ճաշակի կամ կյանքի տվյալ շրջանի մասին։

Բույրը կարդալու համար նախ պետք է հրաժարվել միայն «հաճելի է կամ հաճելի չէ» արագ գնահատականից։ Ինչպես գրքի դեպքում, պետք է հասկանալ ժանրը, կառուցվածքը և տրամադրությունը։ Բույրի վերին նոտաները կարելի է համեմատել գրքի առաջին էջերի հետ՝ դրանք գրավում են ուշադրությունը։ Սրտի նոտաներում բացվում է հիմնական գաղափարը, իսկ բազային նոտաները այն հետքն են, որը մնում է պատմության ավարտից հետո։ Որպես օծանելիքի ոճաբան՝ ես չեմ փորձում մարդուն տեղավորել պատրաստի կատեգորիայի մեջ։ Հարցնում եմ՝ ինչպիսի կյանք է նա ապրում, ինչ միջավայրում է աշխատում, ինչպես է ուզում ներկայանալ և ինչ զգացողություն է ցանկանում ունենալ։ Երբեմն մարդը բույր է ընտրում իր ներկայիս կերպարն ընդգծելու համար, երբեմն՝ իր մեջ նոր որակ բացելու։ Այդ պատճառով բույրը կարող է լինել և՛ ինքնության արտահայտություն, և՛ ապագա «ես»-ի փորձարկում։ Այնուամենայնիվ, օծանելիքով մարդու բնավորությունը վերջնականորեն գնահատել չի կարելի։ Բույրը հոգեբանական ախտորոշում չէ։ Այն ավելի շատ հուշում է մարդու էսթետիկ ճաշակի, հիշողությունների և տվյալ պահին ընտրած ինքնարտահայտման մասին։

Այսօր կայացած բրենդները ոչ միայն արտադրանք են առաջարկում, այլ նաև ձևավորում են մշակույթ և ամբողջական փորձառություն։ Ո՞րն է HERMITAGE-ի գլխավոր տարբերակիչ արժեքը նիշային պարֆյումերիայի և կոսմետիկայի ոլորտում։

HERMITAGE-ի գլխավոր տարբերակիչ արժեքը կուրացիայի, փորձագիտական գիտելիքի և մշակութային մեկնաբանության համադրությունն է։ Մեր դերը պարզապես միջազգային բրենդներ Հայաստան բերելը չէ։ Մենք կամուրջ ենք ստեղծում տարբեր մշակույթների միջև՝ համաշխարհային պարֆյումերիայի հեղինակային լեզուն հասկանալի, զգայական և մոտ դարձնելով հայ հաճախորդի համար։ Ներկայացնում ենք ոչ միայն պատրաստի բույրը, այլ դրա հեղինակին, ստեղծման գաղափարը և մշակութային համատեքստը։ Դրա կարևոր օրինակներից էր այս տարի՝ Երևանում, Ֆրանսիս Քուրքջյանի ստեղծագործական աշխարհին նվիրված մեր միջոցառումը, որը լայն արձագանք ստացավ Հայաստանում և միջազգային պարֆյումերական շրջանակներում։ Այն ցույց տվեց, որ Երևանը կարող է լինել ոչ միայն համաշխարհային luxury մշակույթը սպառող շուկա, այլև այն արժանապատվորեն ներկայացնող ու սեփական արժեքավոր բովանդակությունը ստեղծող հարթակ։ Հենց սա է HERMITAGE-ի առաքելությունը՝ զարգացնել բույրի մշակույթը Հայաստանում և մեր հաճախորդին դարձնել համաշխարհային պարֆյումերական երկխոսության լիարժեք մասնակից։

Ի՞նչ նոր ընկալում կամ զգացողություն կցանկանայիք, որ Francofest-ի այցելուները տանեն իրենց հետ HERMITAGE-ի հետ այս հանդիպումից հետո։

Կցանկանայի, որ մարդիկ բույրը տեսնեն ոչ միայն որպես գեղեցկության արտադրանք կամարտաքին կերպարի լրացում, այլ որպես մշակութային ստեղծագործություն։ Յուրաքանչյուր լավ օծանելիքի հետևում կա հեղինակ, գաղափար, նյութերի ընտրություն, փորձարկումների երկարընթացք և որոշակի աշխարհայացք։ Երբ դա հասկանում ենք, բույրը սկսում ենք ոչ միայն կրել, այլնաև «ընթերցել»։ Երկրորդ զգացողությունը հետաքրքրասիրությունն է։ Պարտադիր չէ բոլոր բույրերը սիրել։ Ինչպես գրականության մեջ, այստեղ ևս կարող ենք հանդիպել ստեղծագործությունների, որոնք մեզ մարտահրավեր են նետում կամ բացում անծանոթ գեղագիտություն։ Կարևոր է թույլ տալ մեզ ուսումնասիրել՝ առանց անմիջապես որոշելու՝ սա «իմն է», թե ոչ։

Եթե HERMITAGE-ը գիրք լիներ, ի՞նչ ժանրում կլիներ և ի՞նչ պատմություն կպատմեր իրընթերցողին։

Եթե HERMITAGE-ը գիրք լիներ, այն կլիներ շարունակաբար գրվող գեղեցիկ ճանապարհորդական վեպ՝ բույրերի, մարդկանց և հիշողությունների մասին։ Յուրաքանչյուր պարֆյումեր այդ գրքում կունենար իր ձեռագիրը, յուրաքանչյուր բրենդ՝ իր գլուխը, յուրաքանչյուր բույր՝ իր պատմությունը։ Մի էջը մեզ կտաներ Փարիզ, մյուսը՝ Գրաս, հաջորդը՝ հեռավոր Արևելքի այգիներ, բայց բոլոր ճանապարհները վերջում կվերադառնային Երևան՝ այն քաղաքը, որտեղ այդ պատմությունները հանդիպում են մարդկանց զգացողություններին։ Այս գրքի գլխավոր հերոսը, սակայն, օծանելիքը չէր լինի։ Գլխավոր հերոսը կլիներ մարդը՝ իր հիշողություններով, երազանքներով, ապրած սիրով և դեռ չբացահայտված կողմերով։ Որովհետև երբեմն մենք բույր ենք ընտրում ոչ միայն այն մարդու համար, որն այսօր ենք, այլ նաև այն մարդու, որը ցանկանում ենք դառնալ։ HERMITAGE-ն այդ պատմության մեջ կլիներ նուրբ ուղեկիցը՝ օգնելով յուրաքանչյուրին գտնել իր բույրը, գրել իր անձնական գլուխը և հասկանալ, որ երբեմն կյանքի ամենակարևոր պատմությունները պատմվում են ոչ թե բառերով, այլ զգացողությամբ։

Կա՞ գիրք կամ հեղինակ, որն ազդել է ձեր աշխարհայացքի, մասնագիտական մտածողության կամ գեղեցիկի ընկալման վրա։

Ինձ հատկապես հետաքրքրում է Մարսել Պրուստի՝ հիշողության և ժամանակի մասին մտածողությունը։ «Կորուսյալ ժամանակի որոնումներում» նա ցույց է տալիս, որ մարդու հիշողությունը պահպանվում է ոչ միայն գիտակցված մտքերի, այլ զգայական մանրուքների՝ համի, բույրի, լույսի և պատահական թվացող պահերի մեջ։ Պրուստի հայտնի մադլենի դրվագն ինձ համար գրական օրինակ է, թե ինչպես կարող է մեկ զգացողություն ակնթարթորեն վերականգնել մի ամբողջ ժամանակաշրջան։ Այս գաղափարը մեծ ազդեցություն ունի նաև իմ մասնագիտական մտածողության վրա։ Այն հիշեցնում է, որ իրական շքեղությունը միշտ չէ, որ ցուցադրական է․ հաճախ այն թաքնված է մանրուքի, որակի և մարդու մեջ մնացող զգացողությամբ։ Բրենդն էլ հիշվում է ոչ միայն իր արտադրանքով, այլ այն հիշողությամբ, որը կարողացել է ստեղծել մարդու կյանքում։ Այդ պատճառով HERMITAGE-ում մենք ձգտում ենք ոչ միայն բույր առաջարկել, այլ ստեղծել փորձառություն, որը ժամանակի ընթացքում դառնում է մարդու անձնական պատմության մի մասը։

Փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանող ֆրանկոֆոն հեղինակների համար նախատեսվում է հատուկ այց HERMITAGE։ Ինչպե՞ս եք նրանց ներկայացնելու Հայաստանը բույրերի լեզվով։

Մենք ցանկանում ենք նրանց առաջարկել ոչ թե սովորական շրջայց սրահում, այլ փոքր օլֆակտորային ճանապարհորդություն։ Նախ կներկայացնենք HERMITAGE-ի պատմությունը և այն, թե ինչպես է Հայաստանում ձևավորվել նիշային պարֆյումերիայի լսարանը։ Հետո կխոսենք բույրի կառուցվածքի մասին՝ ցույց տալով, թե ինչպես է պարֆյումերը նյութերով կառուցում պատմություն, ինչպես գրողը՝ բառերով։ Կցանկանանք նաև լսել նրանց։ Կհարցնենք՝ ի՞նչ բույր կունենար իրենց գիրքը, ո՞ր նոտան կարտահայտեր գլխավոր հերոսին, և ի՞նչ բույրով կհիշեն Երևանը վերադառնալուց հետո։

Տարածել