Newmag-ն ու «Հրանտ Դինք հիմնարկը» ներկայացնում են փաստավավերագրական բացառիկ ժողովածու` «Լռության ձայնը» (թրեյլեր)

April 18, 2024

newmag հրատարակչությունը «Հրանտ Դինք հիմնարկի» հետ ներկայացնում են նոր նախագիծ։ Հիմնարկը հրատարակել է փաստավավերագրական բացառիկ ժողովածու, որը հրատարակչությունը գրաշուկայում կներկայացնի Newmag & friends ծրագրի շրջանակում։ 2023-ին ևս երկու կառույցներն ընթերցողի սեղանին դրեցին թուրք լրագրող Թուբա Չանդարի «Հրանտ» գիրքը։

Հիշողությունը պարտավորեցնում է։ Եթե անգամ պաշտոնական աղբյուրները լռեն, մարդկային հիշողությունը կաղաղակի։ «Հրանտ Դինք» հիմնարկը հավաքել է Թուրքիայի ու արտագաղթած հայերի վկայությունները, որոնք վերաբերում են ցեղասպանությունից հետո այնտեղ ապրելու, ինքնությունը, հավատը, մշակույթը և լեզուն պահպանելու դժվարությունների մասին։  

Այդ վկայությունները ամփոփվել են «Լռության ձայնը» քառահատորյակում։ Շարք, որ կարող է դառնալ Թուրքիայի արխիվի մի մասը ու հայերի հիշողության մատյանը։ Բռնի կրոնափոխ եղած, իրենց ակունքներին վերադարձող կամ այդպես էլ որպես ծպտյալ հայ ապրող մարդկանց պատմությունների շնորհիվ է, որ ամբողջանում է կոլեկտիվ հիշողության խճանկարը՝ մխրճվելով համակեցության մեջ։  

Newmag & friends ծրագրով հրատարակչությունը ներկայացնում է «Հրանտ Դինք» հիմնարկի փաստավավերագրական բացառիկ ժողովածուն։ «Լռության ձայնը» խորագրի ներկա հավաքված է չորս գիրք՝ «Խոսում են Թուրքիայի հայերը», «Դիարբեքիրի հայերը», «Անկարայի հայերը», «Սիվասի հայերը»։ Այդ գործերում զետեղված են Թուրքիայի հայերի երբևէ չպատմված պատմությունները։  

2023-ի դեկտեմբերին Newmag & friends ծրագրի շրջանակում Հրանտ «Դինք» հիմնարկը ներկայացրեց թուրք լրագրողի գիրքը հայազգի լրագրողի՝ Հրանտի մասին։ Թուբա Չանդարի «Հրանտ» գործը գրված է ինչպես բանավոր պատմություն։ Այն, կարծես, խճանկար է, որը կազմված է ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների հիշողություններից։

«Հրանտ Դինք հիմնարկը» ստեղծվել է 2007 թվականի մեծ ողբերգությունից հետո՝ նման դեպքերը կանխարգելելու, Հրանտ Դինքի՝ ավելի արդար ու ազատ աշխարհի երազանքներն իրականացնելու նպատակով: Հիմնարկի հիմնարար սկզբունքը ժողովրդավարության և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն է՝ անկախ էթնիկական, կրոնական, մշակութային և գենդերային տարբերություններից: Հիմնարկը գործում է հանուն այնպիսի աշխարհի և այնպիսի Թուրքիայի, որտեղ ոչ թե հողը, այլ մարդն է արժեք, որտեղ անցյալն ու ներկան դիտարկելիս առաջնայինը խիղճն է:

«Լռության ձայնը» փաստավավերագրական բացառիկ ժողովածուն հասանելի է ինչպես newmag.am կայքում, այնպես էլ բոլոր գրախանութներում։

Կարդացեք նաև