Newmag հրատարակչությունն ու «Հրանտ Դինք հիմնարկը» սկսում են նոր գործակցություն (թրեյլեր)
2023-ը Newmag-ը եզրափակում է՝ ազդարարելով ևս մեկ գործակցության մասին։ Այսուհետև հրատարակչությունը հանդես կգա «Հրանտ Դինք հիմնարկի» հետ համատեղ նախագծերով։ Գործակցության զարկը տալիս են նոր գրքով։ Newmag & friends ծրագրի շրջանակում ներկայացնում ենք թուրք լ
«Հրանտ Դինք հիմնարկը» ստեղծվել է 2007 թվականի մեծ ողբերգությունից հետո՝ նման դեպքերը կանխարգելելու, Հրանտ Դինքի՝ ավելի արդար ու ազատ աշխարհի երազանքներն իրականացնելու նպատակով: Հիմնարկի հիմնարար սկզբունքը ժողովրդավարության և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն է՝ անկախ էթնիկական, կրոնական, մշակութային և գենդերային տարբերություններից: Հիմնարկը գործում է հանուն այնպիսի աշխարհի և այնպիսի Թուրքիայի, որտեղ ոչ թե հողը, այլ մարդն է արժեք, որտեղ անցյալն ու ներկան դիտարկելիս առաջնայինը խիղճն է:
Այս տարվանից «Հրանտ Դինք հիմնարկը» ու Newmag հրատարակչությունը կգործակցեն միմյանց հետ։ Առաջին համատեղ աշխատանքը Թուբա Չանդարի «Հրանտ» գիրքն է՝ ընդգծում է հիմնարկի ծրագրերի համակարգող Արմենուհի Նիկողոսյանը. «Մենք շատ ուրախ ենք Newmag-ի և մեր հիմնարկի միջև համագործակցության համար և հուսով ենք, որ Newmag-ի շնորհիվ «Հրանտ Դինք հիմնարկի» գրքերը ավելի հասանելի կլինեն Հայաստանում և Սփյուռքում»։
Թուրք լրագրող Թուբա Չանդարն իր մեկ գրքում ներկայացրել է մեկ կյանք։ Երեք անգամ «թուրքականությունը վիրավորելու ու նվաստացնելու» մեղադրանքով դատապարտումից, մինչև դաժան սպանություն։ Սա թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի առաջին մեծ կենսագրականն է՝ ծննունդից, մինչև մահ։ Ականատեսների պատմություններով, ամենամտերիմների հուշերով, անձնական հետազոտություններով բացառիկ հուշագրություն «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կյանքի ու գործունեության մասին է։
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կարևորում է, որ գործակցությունը սկսվում է հենց այս գրքով. «Մենք շատ ուրախ ենք, որ «Հրանտ Դինք հիմնարկը» հենց մեզ է ընտրել որպես իր հիմնական գործընկեր Հայաստանում։ Հուսով եմ՝ այն հայալեզու գրականությունը, որ ստեղծվում է հիմնարկի շնորհիվ, կհետաքրքիր մեր ընթերցողին, թուրքագետներին և հայ-թուրքական հարաբերություններն ուսումնասիրող պատմաբաններին»։
Գրական գործը գրված է ինչպես բանավոր պատմություն։ Խճանկար է, որը կազմված է ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների հիշողություններից։ Գրքում տեղ են գտել նաև Դինքի հոդվածները։ Գրողը 1971 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ստիպված է եղել աքսորի մեջ ապրել Գերմանիայում և միայն 1980-ին քաղաքական համաներումից հետո վերադարձել Թուրքիա։
1996 թվականին Ստամբուլում Դինքը հիմնադրել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։
2005 թվականին Հրանտ Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ Հայաստանի նախագահի մրցանակի։
Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։ 2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
«Հրանտ» հուշագրությունը հասանելի կլինի newmag.am կայքում և բոլոր գրախանութներում։