Գնել Նալբանդյան. Ինձ դուր է գալիս Քիմը, գուցե ես էլ նրան դուր գամ

November 22, 2014

Քիմ Քարդաշյանը պայթեցրեց ինտերնետը: Ինչպե՞ս: Ըմմմ… Իսկ գուցե ավելի ճիշտ` ինչո՞վ: Իր ամենատպավորիչ բարեմասնությամբ: Հետույքով: Իրոք փայլուն գործ է, մարմնական գլուխգործոց: Մշակված, պիրկ, հղկված, անթերի: Ամերիկյան կենսակերպի պես առողջ, կենսահաստատ, խանդավառ: Գովազդվող լոլիկի պես գունեղ, արևելյան քաղցրավենիքի պես զանգվածեղ, փարթամ, կարմիր թուշիկներով, օբյեկտիվորեն մտապահվող, անանձնական:
Կարծես Դրեզդենի «Գեղեցիկ արվեստների» թանգարանի էքսպոնատ լինի, որի տակ դրված «Ձեռք չտալ» հորդորը սրիկայության գագաթնակետն է այս դեպքում: Կարծես ռուբենսյան «Երեք գեղեցկուհիների» (1639թ. Պրադոյի թանգարան, Մադրիդ) թվայնացված քվինտէսենցիան լինի: Կարծես Դելակրուայի «Ազատությունը բարիկադներում» (1830թ.) կտավի գլխավոր պերսոնաժուհին լինի` թիկունքից: Ամեն դեպքում` Վերածննդի դարաշրջանի շունչ կա մեջը: Ներեցեք: Շուրջբոլորը:
Իրոք ռումբի պայթյունի էֆեկտ ունի: Սեքստրոնային ռումբի պայթյունի: Այն ազդում է բանական արարածի կենտրոնական նյարդային համակարգի վրա` պատճառելով անվերակագնելի վնասներ` ինչպես գոտկատեղից ներքև ստացած ենթամշակութային հարվածը: Տղամարդկանց գիտակցությունը մթագնում է, կանանց նյարդերը տեղի են տալիս: Գեղեցկուհի Քիմի գեղեցիկ հետույքի գեղանի պատկերը դարձել է համացանցում սուպերդիտվածը, Ամերիկայում սուպերքննարկվածը, Ադրբեջանում սուպերնախանձվածը:
34-ամյա սուպերհայուհին ստեղծել է հաջողակ բիզնես-կայսրություն, ունի բացառիկ պրագմատիկ մտածողություն, ոչ այնքան աֆրոամերիկյան հումոր և 2.044.965.687 հատ այլ բան: Բրիտանական GQ-ն նրան հռչակել է «2014 թվականի կինը»: Vogue-ի և Paper-ի շապիկներից հետո նա հավանաբար կհայտնվի Time-ի և Forbes-ի շապիկներին: Ուրեմն ո՞րն է Քիմի ֆենոմենի գաղտնիքը:
Չգիտեմ: Երևի Քիմի կյանքում ամենակարևորը ոչ թե սեփական հետույքի մեծությունն է, այլ երջանիկ լինելու զգացումը: Ինձ ու Քիմին հավանաբար կապում է հենց դա. մենք երկուսս էլ երջանիկ ենք` անկախ մեր սպեցիֆիկ տաղանդներից: Ինձ դուր է գալիս Քիմը: Գուցե ես էլ նրան դուր գամ: Գուցե մի օր հանդիպենք սրճարանում, կամ պուրակում, կամ ցուցասրահում, նկատենք իրար, ժպտանք, գլխով աննկատ ողջունենք միմյանց ու քիչ անց պատահաբար զրույցի բռնվենք:
Ես նրան կպատմեմ իմ մի ծանոթ այլմոլորակայինի մասին, նա ժպտալով կնայի ինձ` իբր հավատում է, ես էլ ժպտալով կնայեմ ուղիղ նրա աչքերի մեջ, իբր այլ տեղ չեմ էլ նայում, որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ հայացքս սահեցնել դեպի… Բնականաբար ինձ դա թույլ չեմ տա: Ոչ մի ակնարկ նրա… հղկված… անթերի… անանձնական… Չէ՞ որ այդ պահին կա մի շատ ավելի կարևոր բան, քան գովազդային մտասևեռումը: Չէ՞ որ երջանկությունը նաև լինում է մեկ, միայն մեկ ակնթարթ: