Ինչո՞ւ վերջնականապես չեն խզվի Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերությունները

February 9, 2016

Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրումը ամբողջ աշխարհում որպես ահազանգ հնչեց: Իրական մտավախություն կա, որ եթե հարաբերություններում դրական փոփոխություն չլինի, Սիրիայում հումանիտար ճգնաժամն ավելի կխորանա, ավելի կապակայունանա պայթյունավտանգ տարածաշրջանը, «Իսլամական պետության» դեմ պայքարը կխաթարվի:

Երբ տարածաշրջանի ամենաանկայուն ու փլուզման վտանգի առաջ կանգնած երկրներից Իրաքը առավել հզոր Իրանին ու Սաուդյան Արաբիային առաջարկում է իր միջնորդությունը, հասկանում ես, թե իրավիճակն ինչքան լուրջ է:

Այնուամենայնիվ տարածաշրջանի երկրները չեն կարող կանխել այն աղետային հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև թշնամության շարունակականության դեպքում: Գերտերությունները պետք է դիվանագիտական հարձակում սկսեն, որպեսզի կանխեն երկու երկրների հարաբերությունների անկումը դեպի անդունդ, փրկեն սիրիական խաղաղ կարգավորման փխրուն գործընթացը, թույլ չտան «Իսլամական պետությանն» օգտվել ստեղծված իրավիճակից:


[ Արևելյան խոհանոց ]



Վտանգը ավելի ակնառու է դառնում, երբ հասկանում ես, որ այս կոնֆլիկտը իշխանության համար եռաշերտ պայքարի մի մասն է: Այն ներառում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային խաղացողներին: Սաուդյան Արաբիան ու Իրանը եռաշերտ պայքարի հիմնական տարածաշրջանային կոմպոնենտներն են, որոնք միջազգային խաղացողներին՝ ինչպիսին են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, կապում են տեղական ուժերին կոնֆլիկտային գոտիներ Սիրիայում, Իրաքում ու Եմենում: Որքան առողջ են Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ միջազգային խաղացողներ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կկարողանան կառուցողական երկխոսություն վարել  տեղական ուժերի հետ Սիրիայում և Մերձավոր արևելքի այլ թեժ կետերում:
Թեհրանի ու Էր Ռիյադի միջև աճող լարվածությունը մեծացնում է ռիսկը, որ գերտերությունները ավելի կխրվեն Սիրիայի, Իրաքի ու Եմենի նման կոնֆլիկտային գոտիներում, իսկ պայքարի երեք մակարդակներում քաոս կտիրի:

 Տեղական մակարդակ   
Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև թշնամանքը կերկարաձգի սիրիական մղձավանջը, որը տարածաշրջանային անկայունության էպիկենտրոնն է: Իրանը հավանաբար կկրկնապատկի Ասադի ռեժիմը ամրապնդելու իր ջանքերը, իսկ սաուդցիները կմեծացնեն ապստամբ խմբերին տրվող օգնությունը: Ավելին, եթե իրանա-սաուդական հարաբերությունների սրումը բերի դիվանագիտական ջանքերի տապալման, Սիրիայում ցամաքային գործողության հավանականությունը կդառնա ավելի քան արդիական: Ապստամբ խմբերը միավորելու և Ասադի հետ բանակցելու համար ապստամբների չափավոր ճակատ ձևավորելու Հորդանանի ջանքերը կտապալվեն՝ ավելի պառակտելով ընդդիմադիրներին: «Իսլամական պետությունը» կարող է դառնալ սաուդա-իրանական հակամարտութան ամենաշահած կողմը, քանի որ այն պայքարում է սիրիական միջնորդավորված պատերազմից դուրս: «Իսլամական պետությունը» ուշադրությունից դուրս կմնա, եթե Իրանն ու Սաուդյան Արաբիան իրենց էներգիան ծախսեն Սիրիայում իրենց միջնորդավորված պատերազմի վրա:
 Տարածաշրջանային մակարդակ
Երկու երկրների հակամարտությունը մեծացնելու է տարածաշրջանի դավանական ու քաղաքական բևեռացումը: Այս գործընթացն արդեն սկսվել է:  Արաբական լիգայի պետությունների բոլոր արտգործնախարարները, բացի Լիբանանից, միացյալ հայտարարությամբ իրենց աջակցությունը հայտնեցին Սաուդյան Արաբիային: Նման քաղաքական ժեստերը դժվար է անտեսել, դրանք տարածաշրջանը տանում են դեպի պառակտում և գրեթե անհնար դարձնում հակամարտությունների կարգավորումը:
Սրան ավելանում է այն, որ Թուրքիան այս հակամարտությունում թեքվելու է Սաուդյան Արաբիայի կողմը՝ կորցնելով պոտենցիալ միջնորդի ու հավասարակշռողի իր արժեքավոր դերը:

Այս հարցում արաբական ու թուրքական դիրքորոշումների համատեղումը կարող է մեծացնել տագնապը Թեհրանում՝ հավանաբար ուժեղացնելով կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը փետրվարին կայանալիք խորհդարանական ընտրություններում: Սա կարող է Իրանին դարձնել ավելի արկածախնդիր, երբ սաուդացիները արդեն դարձել են ավելի բացահայտ ագրեսիվ: Պարտադիր չէ, որ հետագա բևեռացման այս հնարավոր գործոնները հանգեցնեն երկրների միջև ուղիղ ռազմական բախման: Փոխարենը դրանք անշուշտ կնվազեցնեն տարածաշրջանային խնդիրները լուծելու նրանց կամքն ու հնարավորությունները:
Միջազգային մակարդակ   
Մերձավոր արևելքում Մեծ խաղի ժամանակներն անցել են: Այն ժամանակ գերտերությունները ի զորու էին Մերձավոր արևելքում իրենց կամքով  ձևել հարաբերություններն ու իրադարձությունները: Այժմ դինամիկան երկկողմանի է, երբ ռեգիոնալ խաղացողները ունակ են ազդել համաշխարհային մակարդակի հարաբերությունների վրա: Այս դեպքում Իրանի ու Սաուդյան հարաբերություններում թշնամությունը կարող է մեծացնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը: Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները շարունակաբար վատացել են Սիրիայի հարցում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է հակամարտության հակադիր կողմերին, այնուամենայնիվ նրանք կարծես թե համամիտ են, որ պատերազմին ռազմական լուծում չկա: Սրա ապացույցը դիվանագիտական նախաձեռնության մեկնարկն էր Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո:
Ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող է ավարտվել, եթե իրանա-սաուդական հակամարտությունը ձախողի Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու դիվանագիտական քայլերը:

Եթե սիրիական բանակցություններում Թեհրանն ու Էր Ռիյադը միայն իրենց սուղ շահերը առաջ տանեն կամ տապալեն գործընթացը, Մոսկվային ու Վաշինգտոնին ուրիշ բան չի մնա, քան թևերը թափ տալ: Արդյունքը կարող է լինել այն, որ  գերտերությունները կմեծացնեն իրենց ռազմական պոտենցիալն ու կոշտացնեն դիրքորոշումները: Իսկ եթե Իրանն ու Սաուդյան արաբիան Սիրիայում կրակի վրա ավելի շատ յուղ լցնեն,  գերտերությունները կարող են ներքաշվել ցամաքային պատերազմի մեջ՝ հայտնվելով աննախանձելի ու ոչ ձեռնտու իրավիճակում:
 Եզրակացություն
Առանց Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման տարածաշրջանում կայունությունը վերականգնելու, Իսլամական պետությանը հաղթելու, Սիրիայում ու Եմենում քաղաքացիական պատերազմն ավարտելու հեռանկարները կմնան անիրական: Մերձավոր արևելքը հետևում է այն ուղուն, ուր տանում են այս 2 ռեգիոնալ տերությունները: Գերտերությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի կարգավորեն նրանց հարաբերությունները: Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի տապալվեն, իսկ տապալումը Մերձավոր Արևելքի ու ամբողջ աշխարհի համար ընդունելի տարբերակ չէ:

Հոդվածի ամբողջական ու անգլերեն տարբերակն՝ այստեղ: