#KarabakhNow. Ադրբեջանական ագրեսիա և ղարաբաղյան հակահարված

April 4, 2016

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը Արցախի սահմանի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով անցնում է հարձակման: Ադրբեջանական ստորաբաժանումները, բացի հիմնական զինատեսակներից, կիրառում են նաև ծանր զրահատեխնիկա, ԲՄ-21 ռեակտիվ հրթիռա-հրետանային կայանքներ («Գրադ»), ականանետներ:
Ապրիլի 2, 09:10
Հայտնի է դառնում ադրբեջանական ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին: Կարճ ժամանակ անց հայտնի է դառնում նաև ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին: Այդ ընթացքում ոչնչացված ուղղաթիռի մասին գրում են նաևադրբեջանական լրատվամիջոցները:
10:10
Հայտնի է դառնում, որ 8:30-ին հրթիռակոծության հետևանքով զոհվում է 12-ամյաՎաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Եվս երկու երեխա վիրվորվում են և տեղափոխվում հիվանդանոց: Նրանք բոլորն էլ Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղից են:
Արցախի Լևոնարխ գյուղի մոտ հայկական զինուժը կեսօրին ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական 30-հոգանոց ջոկատը: ՊԲ-ն խփում է ադրբեջանական անօդաչու թռչող սարք և հրապարակում է դրա լուսանկարը: ՊԲ-ն հյուսիսային հատվածում շարքից հանվում է 1 տանկ, հարավ-արևելյան ճակատում` 2 տանկ, խոցվում է հակառակորդի 2-րդ ուղղաթիռը:
17:00
Հրապարակվում են Ադրբեջանի ՊՆ առաջին տվյալները կորուստների մասին: Համաձայն դրանց, ադրբեջանական կողմը կորցրել է 12 զինվոր, 1 ուղղաթիռ և 1 տանկ:
18:50
ՊԲ-ն հայտնում է Ադրբեջանի 200-ից ավելի կորուստների մասին, հրապարակվում է նաև ադրբեջանցիների դիակների տեսագրությունը: Լուսանկարներում ու տեսագրություններում երևացող դիերի քանակը գերազանցում է հրապարակված պաշտոնական թվին: Ապրիլի 2-ի երեկոյան «Ինտերֆաքս» գործակալությունը ոչ պաշտոնական տեղեկություն է տարածում, որ Արցախի ԶՈԻ ստորաբաժանումների շրջապատման մեջ են հայտնվել ադրբեջանական զինվորներ և 5 տանկ։
Ուշ երեկոյան նախագահ Սարգսյանը հայտարարում է, որ հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:
Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարն ուշ երեկոյան  հայտարարում է, թե հրաձգությունը շփման գծում դադարել է։
Ապրիլի 3
ՊԲ հաղորդագրությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը 6։00-ից վերսկսել է ռազմական գործողությունները։ Հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցնում նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերը, հայկական կողմից վիրավորվում է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացվում է ադրբեջանական 2 տանկ և հետևակի մարտական 1 մեքենա:
Ապրիլի 4, 07:00
Գործողությունները ծավալվում են հիմնականում հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով: Հակառակորդն առաջին անգամ օգտագործում է ТОС-1 հրանետներ և մարտական անօդաչու թռչող-սարքեր: Հակառակորդը կորցնում է 5 տանկ: Ոչնչացվում է նաև ТОС-1 հրանետ:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական զինուժը կորցնում է 20 տանկ, 6-ից ավելի զրահատեխնիկա, 4 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ, 1 «Գրադ» հրթիռա-հրետանային կայանք և 1 ТОС-1 հրանետ: