«Newmag Summer FEST» ամառային գրքի հոբելյանական փառատոն

June 13, 2023

Հունիսի 17-ին Երևանի «Երազ» այգում կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։

Հունիսի 17-ին Երևանի «Երազ» այգում կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։

Տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին և անցկացվում է «Newmag»-ի գրքի 5-րդ փառատոնը։

«Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից, այն լինելու է ավելի մասշտաբային ու բավական ընդգրկուն ծրագրով։ Ունենք շատ անակնկալներ մեր ընթերցասեր հասարակության համար։ Ներկայացնելու ենք 5 նոր գիրք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ասաց «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը։

Փառատոնի շրջանակներում ընթերցասերները հնարավորություն կունենան գրքեր գնել մինչև 50 տոկոս զեղչով։ Սպասվում են նաև այլ հետաքրքիր ծրագրեր ու միջոցառումներ։

Փոքրիկների համար լինելու է հեքիաթի ժամ. հեքիաթ են կարդալու հայտնի աստղերն ու գրողները։ Անցկացվելու են նաև թրեյնինգներ արդի թեմաներով՝ ինչպե՞ս խուսափել հեռախոսի գաղտնալսումից, ինչպե՞ս դառնալ հեռուստաաստղ,  ինչպե՞ս գիրք գրել և այլն։

Համերգային ծրագրող հանդես կգան նաև Երգի պետական թատրոնի երգիչներ ու D'Litte-ը (Լիլիթ Օսիպյան)։ Սպասվող համերգը նվիրված է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ փառատոնը ոչ միայն գիրք վաճառելու վայր է, այլև հարթակ, որտեղ հավաքվում են ընթերցասերները, գրականագետները, հրատարակիչները, տպագրիչները, քննարկում են ժամանակակից միտումները և նոր կապեր են հաստատում։

«Փառատոնային ակտիվությունը մեզ համար շատ կարևոր է։ Ընթերցողը գալիս է ու հնարավորություն է ունենում հանդիպել հեղինակի հետ,  զրուցել, հարցեր տալ։ Մյուս կողմից, գալիս են հեղինակներ ու իրենց ստեղծագործություններն առաջարկում են հրատարակիչներին։ Այդ համատեքստում փառատոնը հրաշալի միջավայր է»,-ասաց Նալբանդյանը։

Խոսելով նախորդ փառատոնների արդյունքներից՝ բանախոսները նկատեցին, որ աստիճանաբար  նկատվում է գրքերի վաճառքի աճ։ Բոլոր փառատոններին էլ ընթերցասերները շատ գրքեր են գնում։ Ավետիս Հարությունյանն ընդգծեց, որ նույնիսկ մարդիկ ցուցակներով են այցելում, այսինքն՝ կոնկրետ գիտեն, թե ինչ են պատրաստվում գնել։