Shakatak՝ բարձրակարգ երաժշտության հոմանիշ. Փափուկ ջազ, հիթային մեղեդիներ, հումոր և ազատ շփում

March 3, 2015

Shakatak-ի պատմությունը սկսվեց 1980-ին, երբ լույս տեսավ Stepping-ը՝ Լոնդոնի Record Shack երաժշտական խանութի պատվերով գրված և ձայնագրված առաջին սինգլը: Այսպես սկիզբ առավ Ռոջեր Օդելի (հարվածային գործիքներ), Բիլ Շարվփ (ստեղնաշարայիններ), Ջիլ Սոուարդի (վոկալ, պերկուսիա) և Ջորջ Անդերսոնի (բաս կիթառ) գործակցությունը:
- Ես ու Բիլը մի քաղաքից էինք: Միասին ստեղծեցինք մի փոքրիկ խումբ և ջազ էինք նվագում, Հերթի Հենքոքի, Չիք Կորեայի գործերը, հիմնականում՝ ֆյուժն ջազ: Միաժամանակ ես Լոնդոնում սեյշն էի կատարում և այնտեղ համերգներից մեկում հանդիպեցի Ջիլին: Մենք միասին աշխատում էինք մի պրոդյուսերի համար, տարբեր նախագծեր անում: Օրերից մի օր մի ձայնագրության համար բարձրակարգ դաշնակահար էր պետք, և ես անմիջապես դիմեցի Բիլին, որից հետո էլ մեզ միացավ Ջորջը: Այդ ձայնագրությանը հետևեց մի այլ նախագիծ, որի համար Բիլը մի քանի կոմպոզիցիա գրեց: Դրանցից մեկն ինստրումենտալ Stepping-ն էր, որը դարձավ անդրգրաունդ հիթ: Երբ եկավ առաջին ալբոմը ձայնագրելու ժամանակը, մենք փորձեցինք ստեղծել նոր երաժշտություն՝ ինստրումենտալ գործերը համատեղելով վոկալի հետ, որն այն տարիներին նորություն էր: Դա էլ դարձավ մեր առանձնահատուկ ոճը,- պատմում է Ռոջեր Օղելը:
Stepping-ն անմիջապես հայտնվեց բրիտանական բոլոր չարթերում, և խումբը գործակցության առաջարկ ստացավ Polydor Records ընկերությունից:

- Հենց այդ ժամանակ էլ առաջ եկավ անվան խնդիրը: Ընկերներով մտածում էինք, քննարկում, մտքեր փոխանակում, և հայտնվեց Record Shack-ին հարգանքի տուրք մատուցելու գաղափարը: Հետո մեկը, արդեն դժվար է հիշել ՝ ով, ասաց, որ attack բառը լավ կնայվեր: Այդպես էլ եկավ Shack Attack-ը, որից սղվեցին մի քանի տառ, և ահա, մինչև օրս էլ, մենք Shakatak-ին ենք,- հիշում է Օղելը:

Polydor Records-ի հետ ձայնագրած դեբյուտային Drivin Hard ալբոմի երգերից երկուսը (Brazilian Dawn և Livin' In The UK) բրիտանական հիթերի լավագույն հիսունի մեջ էին: Սակայն իրական հաջողությունը եկավ Easier Said Than Done սինգլի հետ, որը Top 20-ում ամրապնդվեց 17 շաբաթով՝ գրավելով ռադիոեթերը և ավելի մեծ լսարանի ներկայացնելով Shakatak ուրույն ոճը: Պահպանելով առաջխաղացման կայուն տենդենցը՝ հաջորդ սինգլը՝ Night Birds-ը, մտավ Top 10, իսկ համանուն ալբոմը՝ խմբի առաջին Ոսկե սկավառակը, հիթշքերթների առաջին տողերում էր 6 ամիս: Այդպես Shakatak-ը ներխուժեց միջազգային երաժշտական ոլորտ՝ դառնալով №1 խումբը Ճապոնիայում և երկրպագուների մի հսկա բանակ ձեռք բերելով Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում: Խմբի հաջողության մակարդակը պատկերացնելու համար բավական է նշել, որ 1982-ին նրանք 132 համերգ են տվել Եվրոպայում ու Ճապոնիայում:
- Իսկական ցնորք էր, թայֆուն: Շատ հոգնեցուցիչ, բայց երջանիկ օրեր էին: Ես ցավում եմ միայն նրա համար, որ այդ ժամանակ ուղղակի չէինք հասցնում հասկանալ որտեղ ենք: Իսկ այսօր նախապես տեղեկանում ենք երկրի մասին, փորձում ծանոթանալ մշակույթին, ժողովրդին,- ասում է Ջիլ Սոուարդը:
Ձայնագրությունները, ստեղծագործելը, հյուրախաղերը մեզ աննկարագրելի բավականություն են պատճառում: Դե պատկերացրեք, մենք եկել ենք Հայաստան՝ մի երկիր, որտեղ երբեք չենք եղել: 
Հրավերը ստացանք և սկսեցինք ինտերնետում կարդալ Երևանի մասին, հայոց պատմության մասին, նկարներ դիտել: Հյուրախաղերի ժամանակ մենք միշտ աշխատում ենք շրջել քաղաքով, հնարավորին չափ շատ բան տեսնել: Նոր երկրներ բացահայտելը, նոր մարդկանց հանդիպելն իսկական հրաշք է:Մենք իսկապես շատ հաջողակ մարդիկ ենք: Վաստակում ենք մեր սիրելի գործով, շրջագայում ենք, նոր տպավորություններ ստանում: Հոյակապ ապրելաոճ է,- բացատրում է Բիլ Շարփը:

Ասիայից վերադառնալով՝ խումբը կենտրոնացավ Let The Piano Play նոր ալբոմի ձայնագրության վրա: Ընդմիջումն օգտակար էր. 1997-ին լույս տեսած ալբոմն ավանդական մելոդիկ ջազ-ֆանկը համատեղում էր հնչուն գրուվի հետ: 90-ականների վերջին խումբը տուրերով շրջում էր աշխարհով լեփ-֊լեցուն դահլիճներ հավաքելով Ռուսաստանում, էստոնիայում, Եվրոպայում, Ճապոնիայում: Երաժշտական կարիերայի 20-ամյակը և նոր հազարամյակը խումբը նշեց հատուկ Jazz In The Night հավաքածուով:
21-րդ դարում էլ խումբը չդավաճանեց իր սկզբունքներին՝ ոճ, որակ և ար-դյունավետ աշխատանք: Shakatak-ի ֆենոմենն այն է, որ տարին մեկ ալբոմ թողարկելով՝ նրանք պահպանում են որակը և երբեք չեն կրկնվում.
- Գուցե սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ խմբի բոլոր անդամներն ստեղծագործում են: Այնպես որ մենք միշտ նոր երգերի, նոր ալբոմի նյութ ունենք: Դա ինչ-որ չափով պայմանավորված է նաև պահանջարկով,- այսպես է Ջորջ Անդերսոնը հիմնավորում խմբի աննախադեպ արդյունավետությունը: Անսպառ ոգեշնչումն էլ իր տեղն ունի.
-Երաժշտությունը ոգեշնչման ամենամեծ աղբյուրն է, նաև նոր երաժիշտները կամ մեծ երաժիշտները, որոնցով միշտ հիացել ենք, օրինակ` Սթիվի Ուանդերը: Վարակի պես բան է:

Ժամանակակից երաժշտական ոլորտի բազմադիմության և բազմազանության մեջ Shakatak-ը զբաղեցնում է իր ուրույն տեղը և ոչ միայն չի կորցնում իր հին ունկնդիրներին, այլև ձեռք է բերում նորերը: Այդ են վկայում 2001-2007թթ. թողարկված սկավառակների (Under Your Spell, Dinner Jazz, Blue Savannah, Easier Said Than Done (live), Beautiful Day, Emotionally Blue) բարձր վաճառքները: Խմբի անդամները հաշվի են նստում ոլորտի նոր պայմանների հետ.
- Այսօր երաժշտական բիզնեսը հիմնավորապես փոխվել է, առաջին հերթին՝ ինտերնետի ազդեցությամբ: 80-ականներին, երբ մենք սկսեցինք մեր կարիերան, նույնիսկ լազերային սկավառակներ չկային, կասետներ էին ու վինիլային դիսկեր: Ձայնագրությունների վաճառքը մեծ եկամուտ էր բերում: Այսօր ինտերնետն այդ առումով սպանել է երաժշտական բիզնեսը: Երաժիշտները հիմնականում եկամուտ են ստանում կենդանի ելույթներից: Եթե դուք Beatles-ը չեք, Փոլ Մաքարթնին չեք, Ս2-ն չեք, ձեր ձայնագրությունների վաճառքը գրեթե զրոյական է: Բայց մյուս կողմից նույն ինտերնետն իր լավ գործն էլ է անում: Այն նոր երաժշտություն հայտնաբերելու, օնլայն ունկնդրելու, համագործակցելու հեշտ միջոց է,- խորհրդածում է Ռոջեր Օդելը: