[Զինուժ] Ժանգոտ մետաղ + փայլուն երևակայություն. Հրամանատարների վարորդներն ու կիսագերմանական Վիլլիսները

October 31, 2017

Կոշկակակարի հայտնի պատմությունը հիշում եք՝ նա կոշիկ չունի: Երբեմն բանակում նույնպես այդպես է, մասնագետները բոլորին ապահովում են անհրաժեշտ գույքով, իրենք մնում են սպասելով այդ ամենին:
Զորամասերի շտաբի դիմաց ավտոկայանատեղի կա, առանձնացված, գծված, սահմանված, գլխավոր ուղղանկյունը հրամանատարինն է, կողքին՝ շտաբի պետինը և այդպես մինչև վերջին տեղակալը:
Վաղ առավոտյան բոլորը տեղում են, տերերն էլ, մեքենաներն էլ: Ուազներ են, տարբեր թվերի, սակայն գրեթե նույն տեսքով, թարմ, լվացված, հարդարված ու վարորդների գլուխգործոցներով: Պայմանագրային վարորդները երբեմն ստեղծագործում են մեքենայի սրահում՝ լուսանկարներ, խաչեր, նստատեղերը փոխարինում են գերմանական լավագույն մակնիշների արտադրած բազկաթոռներով: Շեֆերին դուր է գալիս:
Եվ հակառակը, հանդիպում են վիլիսներ, որոնք անխնամ են, մաշված, շարժիչը պահպանվել է, թափքն ամբողջությամբ գունատվել, ժանգոտել, փտել: Մեքենաների մեջ մեկն այդպիսին է, հրամանատարի ամենագնացից հեռու չէ, հետևաբար պաշտոնը բարձր է, ծառայողական տեխնիկան ճիշտ հակառակը:
Ավելի ուշ է պարզվում, սա զորամասի ապահովման պատասխանատուներից մեկինն է: Պարադոքս է, չէ: Նա բոլորին ապահովում է անհրաժեշտ պարագաներով մինչև իր մեքենան անսարք է, թերություններ ունի:  
Հրամանատարի սպառազինության գծով տեղակալի ձեռքի տակ զորամասի ամբողջ զինանոցն է, ռազմական տեխնիկան, զինամթերքը, մարտական գույքը: Բոլորին տալիս է, իրենը մնում է անկատար: Թե ինչու, հարցնելն ավերոդ է: Ժպտում է, շրջանցում թեման, կարևորը առաջնագծում ամեն ինչ կարգին լինի, իր մեքենան այդպես էլ է աշխատում: Ընդ որում աշխատանքը հարաբերական է, մեկ կանգնում է, մեկ խափանվում: Հիմա գուցե նորն են տվել, բայց այն ժամանակ այդ մեքենան իսկական նմուշ էր զորամասի ու բանակի համար:
Հրամանատարների տեղակալների մասին զրույցները շատ են, բազմաշերտ ու չավարտվող: Նրանք վարորդ ունեն, նստում են կողքի նստատեղին, ձեռքը գցում վերևում կապված պարանին, այդպես հարմար է: Տեղաշարժվում են այդ ուազով, գալիս են պաշտպանության նախարարություն, այդ մեքենայով ուղարկում են փաստաթղթեր, իրեր: Դիրքեր նույնպես այդ վիլիսն է տանում, պարզապես առանց վարորդի: Փոխգնդապետը խուսափում է վարորդի ուղեկցությամբ հենակետ բարձրանալ:
Հրամանատարի մարտական գծով տեղակալը վարում է միայնակ, դեպքերը հիշում է մեկ շարքով: Հակառակորդը երբ տեսնում է իր մեքենան, կրակում է: Ընդ որում հաշվարկում են, որ սպան պիտի վարորդի կողքին լինի և կրակում են կողքի նստարանին: Դիմապակու հենց այդ հատվածն էլ վնասվել է: Այդ պատճառով էլ ինքն է ղեկին նստում, շրջում խրամատներով, գիշերով վերադառնում:
Հրամանատարի անձնակազմի գծով տեղակալը գիտի ամեն ինչ: Նրանից որևէ մեկը չի թաքցնում իր գաղտնիքը, չի խուսափում հարցերից, կիսվում է ամբողջ հոգով ու խնդիրներով: Սա հենց այդ զինվորականների գործառույթն է: Տարիներ առաջ այս սպաները տեղեկություններ ստանում էին հարցուփորձով, ճշտելով, օգնելով, ծնողների հետ հանդիպումներով: Հիմա նաև առցանց են հետևում, որ ենթակաները զգույշ լինեն վիրտուալ տիրույթում, չներբեռնեն լուսանկարներ, որոնք կարող են հուշել հակառակորդին:



[Զինուժ] շարքից կարդացեք նաև.



Ի դեպ: Զինվորներին եմ հորդորում: Եթե նույնիսկ ձեր ձեռքի տակ հեռախոս է հայտնվել, միացել եք ինտերնետ կապին, խուսափեք նամակագրությունից, հեռախոսազրույցներից, սոցցանցերում հանրագրեր անելուց և լուսանկարներ, տեսանյութեր բեռնելուց: Սա իհարկե երկու վտանգ է պարունակում, մեկը համապետական սպառնալիքի աղբյուր է, մյուսը՝ անձնական ձախողման առիթ:
Հակառակորդի հետախուզական խմբերն առանձին աշխատում են վիրտուալ դաշտում, մի մասը հետևելով հայ երիտասարդների ակտիվությանը, մյուսները ֆեյք հաշիվներով փորձում կապվել զինվորների հետ: Այս դեպքում նրանց էկրանին հայտնված ցանկացած տեղեկություն խոցելի է: Լուսանկարները հավաքում են, մշակում դիրքի մոտավոր քարտեզը ու հեշտությամբ գրոհում:
Երկրորդ դեպքում հայ ոստիկանները կարող են ակտիվ օգտատիրոջ հետևից գալ, սա նույնպես վտանգավոր է, որովհետև զինվորը մեկ լուսանկարի հետևանքով կարող է կարգապահական գումարտակում հայտնվել: Սա իհարկե լավագույն դեպքում: Հնարավոր է քրեական գործ հարուցեն, ազատազրկեն: Զգույշ եղեք, տղերք: