Այս վեպը ամերիկյան կլասիցիզմի վառ օրինակ է

"Մարդը հղանում է մեղքի ու ծնվում անբարոյականության մեջ, ճանապարհ անցնում գոզաբույր բարուրից մինչև գարշահոտ սավան․․․" Ռոբերտ Փեն Ուորենի հետ ծանոթացա բանակում․ չէ, իրար հետ չէինք ծառայում, ուղղակի զորամասի գրադարանից վերցրի "Արքայի ամբողջ թիկնազորն" ու ․․․ չկարդացի։ չստացվեց, չհասցրեցի, չտրամադրվեցի։ Բայց գիրքը հետս բերեցի զորացրվելուցս հետո։ Սկզբի մի քանի էջը կարդացի ու թողեցի․ անգամ գրադարակումս տեղ չէի հատկացրել։ Հետո տեսա, որ Նյումեգը թարգմանել է․ հրատարակելուց երկու տարի անց գնեցի գիրքը, սկսեցի կարդալ։ Առհասարակ, դժվար է տրամադրվել գիրքը կարդալուն, եթե այն գերազանցում է 100 էջը, բայց սկսեցի։ Առաջին 400 էջը հազիվ էր առաջ գնում։ Երևի երբեք չի եղել գիրք, որ կարդամ այսքան դանդաղ։ Բայց վերջին, մոտ 200 էջը կլանեց, ու գնացի մի շնչով։ Սա հետաքրքիր կենսագրական է Վիլլի Ստարկի մասին, կամ, եթե ավելի հստակ ասենք՝ նրա աջ ձեռք հանդիսացած Ջեկ Բարդենի մասին, ում կյանքի դրաման էլ ներկայացնում է հեղինակը՝ թողնելով Վիլլի Ստարկի ստվերում։ Սա պատմություն է ոչնչից քաղաքական կարիերա կերտած անհատականության մասին, ով կարողանում է դեպքերն ու նախախնամությունն իր օգտին օգտագործել ու հայտնվել բուրգի գագաթին, գլորվել, նորից բարձրանալ, սակայն հերթով կորցնել կյանքում ամենակարևորը։ Վիլլի Ստարկի օրինակը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ կարիերան վեր դասել անձնականից։ Ու այս ամենին Ջեկ Բարդենը հետևում է կողքից՝ նաև ապահովելով Ստարկի հարթ ճանապարհը։ Ջեկը մեկն է ամերիկյան հասարակության այն հազարավոր ջեկերից, ում օգտագործում են, և կյանքի վերջում ուղղակի հասկանում է, որ իր կյանքը մի մեծ կեղծիք էր․ կեղծ սեր, կեղծ հայր, կեղծ ժառանգություն, կեղծ կարիերա, կեղծ հավատարմություն։ Այս վեպը ամերիկյան կլասիցիզմի վառ օրինակ է․ եթե Դրայզեր հաճախ եք կարդացել, ուրեմն այստեղ կնկատեք Դրայզերին նման ոճ ու շարադրանք։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել