Խնդիրը շատ իշխանություն ունենալը չէ։ Խնդիրն ունեցածդ իշխանությունը ճիշտ օգտագործելն է։

Խնդիրը շատ իշխանություն ունենալը չէ։ Խնդիրն ունեցածդ իշխանությունը ճիշտ օգտագործելն է։ Երբեմն պետք է զիջել, բայց միայն այն դեպքում, եթե դա հաղթանակի ճանապարհն է։ ՆԱՏՕ-ում միայն երկու կարծիք կա՝ ամերիկյան ու սխալ։ Ոմանք սիրում և վստահում են նրան անվերապահորեն, մյուսներն ատում են նրան և մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ: Նրան միաժամանակ և՛ աստվածացնում են, և՛ հրեշացնում։ Նա Ցար է և միևնույն ժամանակ հասարակ մահկանացու։ Սեփական անձի նկատմամբ այսպիսի երկբևեռ վերաբերմունք առաջացնող անձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Նա ռուսական հասարակ աշխատավորական ընտանիքից սերող անձնավորություն է ու գրեթե երկու տասնամյակ հանդիսանում է աշխարհաքաղաքական շախմատային խաղատախտակի կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Գերտերությունների ղեկավարները հաշվի են նստում նրա կարծիքի հետ, չնայած որ Պուտինի նախագահան կարիերայի սկզբում նրա մասին արտահայտվում էին Who is Mr. Putin?(Ով է պարոն Պուտինը) բառերով։ Նրա ընկերությունն են փնտրում բազմաթիվ օլիգարխներ, նրա հովանավորչությանն են ցանկանում արժանանալ անվանի մարդիկ, իսկ նրա պաշտպանության տակ են գտնվում տարբեր կրոնների և համոզմունքների տեր ազգեր և անհատներ։ Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի մրցանակակիր Օլիվեր Սթոունի "Զրուցելով Պուտինի հետ" գիրքը կտրականապես տարբերվում է մինչ այս Պուտինի մասին գրված գրքերից։ Նախ և առաջ այն փաստը, որ գիրքը գրվել է Օլիվեր Սթոունի 2015-2017թթ․ Պուտինի հետ անցկացրած հարցազրույցների հիման վրա, արդեն իսկ տվյալ գիրքը դարձնում է յուրահատուկ։ Չորս սերիանանոց համանուն հաղորդումը կարելի է համարել գրքի աուդիո տարբերակ, որի ձայնային կրկնօրինակումը կատարում են հարցազրուցավար Օլիվեր Սթոունը և նախագահ Պուտինը։ Գիրքը մոտ 2 տարի տևած հարցազրույցների ընդլայնված, մանրամասն և ամբողջական տարբերակն է։ Կարճատև հանդիպումներ, որոնց ընթացքում անվանի ռեժիսորը իր սուր հարցադրումներով Պուտինից քամում է հնարավոր ամբողջ ինֆորմացիան ՝ նախագահ Պուտինին հանրությանը ներկայացնելով բոլորովին այլ, ոչ տրադիցիոն տեսանկյունից։ Բնականաբար, հարցազրույցի հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն են, օրեցօր հասունացող ուկրաինական ճգնաժամը, սիրիական պատերազմը։ Եվ երբեմն խոսակցությունը շեղվում է դեպի նախագահի անձնական կյանք, առօրյա, ընտանիք։ Նմանատիպ հարցերում նախագահը ժլատ է իր արտահայտություններում, կարճ, սեղմ, խուսափողական պատասխաններ է տալիս։ Գրքի զարմանալի բացահայտումներից մեկը Օլիվեր Սթոունի բացահայտ քննադատական վերաբերմունքն էր սեփական երկրի, ղեկավարության, ԱՄՆ վարած արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Գրքում կարելի հանդիպել բազմաթիվ կրկնվող մտքերի, հարցերի, գաղափարների, որը կարելի է վերագրել հարցազրույցի ոճաբանությանը։ Հարցազրուցավարը գերպատրաստված է և գերինֆորմացված, թեպետ Վլադիմիր Պուտինի պես հզոր քաղաքական գործչի հետ, ով ունի փայլուն հիշողություն և սուր միտք, այլ կերպ հնարավոր չէ։ Գրքում շատ են անդրադարձները նախագահ Պուտինի 2007թ․ Մյունխենյան կոնֆերանսի կես ժամանոց հանրահայտ ելույթին։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է նախքան գիրքը սկսելը, դիտել նախագահի հզոր ելույթը՝ գրքում արտահայտված մտքերն ու գաղափարները ճիշտ և տեղին ընկալելու համար։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել