Անդրանիկի ձին հասել է ու սուսուփուս քնել

Աներևույթ խրխինջն ու վարգը Զարթնեց, թե չէ, անմիջապես հարցրին՝ ձին, Աթամ, ձին ու՞ր ա։ Ասես ձին իր ունեցած միակ ֆիզիկական բնութագիրը լիներ, կարմրաբաշ ձին, հերոսի ձին, աներևույթ ձին։ Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» հյութեղ, մոգականացված պատում է՝ գրված գյուղացու լեզվով, բայց և պահելով ժամանակակից շունչը։ Ինտելեկտուալ ու ահասարսուռ այս լեզվի մեջ կա հային սահմանող ամեն բան՝ և՛ հերոսություն ու մեծ սիրտ, և՛ դավաճանություն ու նենգություն, և՛ վառող արև ու դաշտեր ընդարձակ, կենդանիներ սիրված և համեղ՝ միաժամանակ։ Գրքի իրադարձությունները՝ 1918-ից մինչև 2020 թվականը, ներառում են պատմական կարևոր դեպքեր, սկսած Սիլիկյան եղբայրների սպանությունից, Սիբիրից ու համաշխարհային պատերազմներից մինչև Covid-19 ու 44-օրյա պատերազմ, իսկ այդ ընթացքում Անդրանիկ Փաշայի ձին իր անտեսանելի վարգով անցնում է մարդկանց ու տների կողքով, մի պահ դադար առնում, հետո էլի շարունակում համաչափ ընթացքն իր, մե՛կ առարկայանում և մե՛կ վերածվում անդիպչելի խորհրդանիշի։ Իր հետևից տանում է հերոսներին, ովքեր փորձում են ձեռքը պարզելով հպվել կարմրաբաշի պոչին՝ առանց գիտակցելու, որ երբեք, երբեք չեն հասնելու այդ ձիուն, որ իրենց ու ձիու միջև միշտ է լինելու անանցանելի տարածություն, և որ հանդիպումը հետաձգվելու է, կրկին։ Գրքում բազմաթիվ են կերպարներն ու շատ քիչ՝ հերոսներ։ Այստեղ յուրաքանչյուրն ապրում է դիցաբանական մի կարճ ժամանակ՝ հավերժության ու մահվան ինչ-որ սահմանագծում, երբեք չկորցնելով հույսը, բայց նաև չիմանալով՝ ո՞ր հույսը, ինչի՞ հանդեպ հավատքը՝ քայքայված հայրենիքի՞, բզկտված սիրո, թե՞ մաս-մաս եղած արժեքների, միգուցե հանուն կնունքի ավազանի՞, որ Խորենի ու Աթամի հայր Մոլլան փրկել էր եկեղեցուց ու դարձրել ջրաման կենդանիների համար. պրագմատի՞զմ, ուրացու՞մ, թե՞ հավատքի խորհրդանիշերի ապասիմվոլացում։ ***...ու քանի դուք հեծվորին թողած երիվարին եք պաշտում, միշտ էլ ձեր երազանքի հրեղեն ձիու փոխարեն կստանաք մի քոսոտ ավանակ։*** Փորձել գրքի հերոսների միջից բահով քերել–հանել հավատքը (այն մեկը, որն ուղղված է վերև, բայց ոչ երբեք դեպի կյանքը). կստանաք հոգևոր երաշտ ու գազանի անմխիթար ճիչ։ Բայց մե՛նք ենք, որ հիմա հասկանում ենք դա, տասնամյակներ անց, երբ կարողացել ենք կտրել–անցնել պատմության ժամանակը, և արդեն հետահայաց՝ ուսումնասիրել անցյալն ու այնտեղից մեզ հասած և արդեն գոյություն չունեցող լույսի իմաստն ըմբռնել։ Հեղինակը պատմության կտորները պատառ–պատառ հյուրասիրում է մեզ, ամեն պատառի հետ ավելի քիչ ուշադրություն դարձնելով մեր՝ «ուտելու» այդ պահի ցանկությանը, լրիվ հայավարի. սրանից փորձիր, իսկ հիմա սա համտես արա, այ այս մեկից հաստատ ոչ մի տեղ չես կերել... Պատմությունը հենց այդպես է, որ կա՝ կազված է պատառներից, որովհետև հերոսների կյանքն էլ է պատառ–պատառ բացվում, հենց արարվում ապրելու պահին՝ երբեմն կամայականորեն, երբեմն էլ՝ մտածված իրողությամբ։ Ու ամեն պատառ իր հետևից թողնում է համի ու հոտի մասին երանելի հիշողություն, իսկ սնունդը մարսվում է աստիճանաբար, գիրքը թերթելու ընթացքում։ Հեղինակի ձայնը լուսարձակի պես ընկնում է մե՛կ այս, մե՛կ այն կտորի վրա, մթնեցնելով ու լուսավորելով իրադարձությունները, մեկի մասին պատմելիս ստիպելով մոռանալ մյուսը։ Սկզբում Աթամն է պատմության հերոսը, Անդրանիկի՝ Աթամին նվիրած ձին, որը պիտի նա չկորցներ, բայց կորցրել է...ախր որտե՞ղ է էդ ձին...հեղինակը գրքի ամենասկզբից հալածում է մեզ այդ ձիով, ստիպում մեզ հերոսների հետ միասին փնտրել նրան ու ամաչել Աթամի փոխարեն։ Աթամի ամոթալի հերոսությունը.. ո՞վ կկարողանա գելերից փրկվել ու հանգիստ ապրել դրանից հետո։ Հեղինակը մեզ թույլ է տալիս տեսնել Աթամի լեգենդի ստեղծումը, հենց ամենասկզբից՝ կասկածի որդերից մինչև լեգենդի վերջնական հաստատում. Աթամն իր հումանիստ գելերով ու թուրքերով, հերոս ու միաժամանակ՝ կորցնող։ Իսկ հետո գալիս է Խորենի՝ Աթամի եղբոր ժամանակը. փառքի, որը մարդու համար չէ նախատեսված և միայն գազանավարի է հնարավոր այն վայելել։ Խորենի ողջ կյանքը նման է տիրոջից լքված ու իշխանություն ստացած դևի կյանքին, ով իր ապրելու ողջ ընթացքում փորձում է իր ստամոքսում կուչ եկած մի քանի գրամանոց հոգին դուրս հանել իր միջից՝ ամեն քայլափոխի ցավ պատճառելով կենդանի բոլոր արարածներին, բայց ամենաշատն, իհարկե, մարդկանց։ Խորենը հանուն փառքի պատրաստ էր անգամ մահվան մահճում պառկել՝ կորցնելով իր դեմքն անվերադարձ։ Խորենի որդին՝ Մովսեսը, ով պատմութան թելը հասցնում է մինչև վերջ՝ հանդես է գալիս որպես հետևանք ու տեղի ունեցածն իր վրա կրող, բայց նա էլ ստիպված է վերջում թափ տալ փոշին ու դեն նետել բեռն իր ուսերից, որովհետև մահը ձեռքով է անում իրեն։ Մովսեսը հարցականներ թողած սերնդի վերջին ամենամեծ հարցականն է, որ ոսկու և կասկածի մի խառնուրդ է, ով իրեն փոխանցած հարցի էությունը չի կարողանում ջնջել, բայց նաև չի կարողանում հարցի պատասխանը տալ։ Հեղինակն, ամեն դեպքում, հույսի փոքր կտոր է թողնում, այն հույսի, որ ի վերջո՝ կգտնվի պատասխանը հարցի, և պատասխանը կլինի հայի օգտին ու կսովորեցնի մեզ փոխվել, արմատապես փոխվել։ Ինձ հիացրեց հեղինակի ստեղծած լեզուն՝ բոլոր համային զգայարանները շոյող, ախորժելի հայոց լեզուն, որտեղ գյուղական պարզությունը խառնված է ինտելեկտուալ կարևոր շերտերի հետ, մոգականությունը ծեփված է իրականությանը, իսկ կենցաղն ուղղակի լցված է աներևույթ բաղադրիչներով։ Հայկական մոգական ռեալիզմ, ես կասեի՝ կենցաղային մոգականություն։ Սուսաննայի լեզուն իր մեջ ծածկագրի պես պահում է գրքի իմաստն ու բանալիները, և հենց կարդալուց, մի ինչ–որ գերբնական ուժով ստանում ես գրքի մարդկանց տեսողությունը։ Գյուղի ամեն մի մանրուք պատրաստ է անձնավորվել ու շունչ առնել՝ հեղինակի հմուտ ու կախարդական ձեռքի օգնությամբ։ Գրքի կերպարները հասարակ գյուղացիներ են՝ փոքր երազանքներով ու աշխարհի երեսին եղած բոլոր կարծրատիպերը շալակած, նրանց հավատքը չի սահմանափակվում միայն տեսանելիով, անտեսանելին ավելի կարևոր է ու որոշիչ նրանց համար։ Երբ տեսան, թե ինչպես են այրում իրենց սրբազան Անդրանիկի նկարները, կորցրին այդքան դժվարությամբ ձեռք բերված ապրելու իմաստը. պարզ գյուղացու համար սիմվոլն իր բնագրից չի տարբերվում, և Անդրանիկի նկարները կրակի մեջ տեսնելը նույնն է, թե տեսնեին հենց այրվող Անդրանիկին։ Հեղինակն, առանց մեր նյարդերը խնայելու, ցույց է տալիս բոլոր զազրելի արատները. պետք է պինդ նյարդեր ու հոգեվիճակ, որպեսզի կարողանաս դիմանալ այդ հրեշավոր նկարագրություններին, բռնություններին, սեքսիզմի սարսափելի դրսևորումներին ու հակամարդկային արժեքներին։ Սովետը քանդվեց, բայց չքանդվեցին կիսափուլ ու անմարդաբնակ կառույցները մեր ներսի, որտեղ բնությունն անհոգի է, իսկ կյանքի պայմաններն՝ անբարենպաստ։ Ու եթե անգամ այնտեղ բնակիչներ կան՝ արդեն քանի դար է որսի են ելել անկենդան անտառում, իսկ դիերին էլ չեն ներում անկողնում պառկած խաղաղ մահվան համար։ Անդրանիկի ձին դեռ շատ երկար է իր գոյությամբ մեզ հետապնդելու, սպասելու ենք ձիուն Գոդոյին սպասողների կամ Փոքր Մհերի անսահման համբերատարությամբ, ժամանակի մեջ կորցնելով իմաստն ու պատճառը, նորերը ձեռք բերելով, փոխելով ու ձևափոխվելով, կառուցելով ու քանդելով, ու միշտ վախենալով մեր շուրջն ապրող գելերից։ Վախենալով, որ գելերը կպտտվեն մեր շուրջն ու կփոխեն մեր կյանքը, բայց էդպես էլ չեն ուտի մեզ, ինչպես Աթամի հետ վարվեցին. պահելով կյանքի բեռն ուսերին ու հարցականները՝ ողնաշարի մեջ դաջված՝ հաջորդ սերունդների համար, ապագայի համար, այն ապագայի, որտեղ, հավանաբար, Անդրանիկի ձին հասել է ու սուսուփուս քնել՝ երազում տեսնելով, թե ինչպես է անցյալը կուլ տալիս իր զավակներին ու մնացորդները շպրտում ժամանակից դուրս։ ...նրա ամենամեծ թերությունն այն է, որ մեջն Անդրանիկ չկա, հասկանու՞մ եք, նրա մեջ Անդրանիկ չկա...