1923թ. Կազան։ Պատերազմ։ Սով։ Մահ։ Անտեր երեխաներ։ Էշելոն տեղափոխելու փորձ ունեցող կոմիսար Բելայա և էշելոնի պետ, խղճի ձեռքը կրակն ընկած, հրաշքների հավատացող Դեև։ Էշելոնը, որը ուղևորվում էր խաղողի ու բրնձի երկիր՝ Թուրքեստան, կարող էր տեղափոխել բացառապես 500 առողջ, թափառաշրջիկ երեխաների։ Մինչդեռ Կազանում նրանց թիվը ավելին էր, իսկ առողջ երեխաների կողքին մահանում էին սովահար հիվանդ երեխաները։ Մեկը, ով հենց նոր էր ձեռքը քեզ պարզել մի բուռ հացի համար արդեն հոգին ավանդեց, երբ չէիր հասցրել անգամ աչքերդ թարթել։ Սարսափելի, դժոխային տեսարան։ Ահա և էշելոնը ճանապարհ է ընկնում Վոլգայի անտառներից, ղազախական տափաստաններից մինչև Կզլկումի անապատներ և Թուրքեստանի լեռներ։ Բարդ, սարսափելի արկածներով, գարշահոտով, հիվանդություններով ու մահով ուղեկցվող այս ճամփորդությունը ոչ մեկ կողքից չի ուզենա դիտել, ուր մնաց լինել նրանում, նրա մի մասնիկը։ Բայց ընթերցողի հոգուն ու սրտին դիպչելու հեղինակի մեծ տաղանդի շնորհիվ, ուզած - չուզած մի կերպ տեղավորվում ես էշելոնի վագոններից մեկում ու ընթանում ռելսերով՝ դեպի անհայտ ապագա։ Չեկիստներ, կազակներ, փախստական գյուղացիներ, փոքրիկ, չարաճճի թափառականներ։ Մարդիկ՝ տարբեր աշխարհներով, հավատալիքներով, ուժով ու հույսերով։ Ուղևորության ընթացքում հասկանում ես, որ ոչ մի արևածագ և մայրամուտ ժպիտ չի պարգևում այնքան, ինչքան կարող է պարգևել մեկ կում ջուրը, կամ մեկ բուռ ջրալի ապուրը։ Հասկանում ես, որ յուրաքանչյուր լուսացրածդ օրվա համար պիտի շնորհակալ լինես Աստծուց։ Որ պիտի ամբողջ սրտով ատես պատերազմը, սովը, դաժանությունը, մարդկային փոքրոգությունն ու չկամությունը։ Որ պիտի ծափահարես ու խրախուսես թեկուզ աննշան թվացող հերոսական արարքներն ու պայքարը՝ հանուն դրացու, հանուն քեզ, բոլորի հետ կռիվ տալն ու չհանձնվելը։ Իրական հիմք ունեցող այս վեպը բացի դեպրեսիայից, արցունքներից ու դաժան հիշողություններից ձեզ միայն մեկ ժպիտ կտա՝ հույսի ու չհանձնվելու ժպիտ, որը այնքան անհրաժեշտ է անտեր գոյությունը քարշ տալու համար։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել