Հեղինակի երրորդ դետեկտիվը,որ կարդացվում է մեկ շնչով( որպես կանոն, շունչդ պահած ես կարդում), վերջում էլ բոլոր 《գուշակություններդ》հօդս են ցնդում։ Գրավիչ, գաղտնիքներով լի և առեղծվածային մթնոլորտը հրաշալիորեն փոխանցող գործ՝ կրկին համեմված դիցաբանական տարրերով։ Հատկանշական է Աուրան՝ ոխակալ աստվածուհին,ամենակուլ քամին։ Հետաքրքրական է,որ Աուրան  նաև ախտանիշ է,որ ուղեկցվում է  ընկալման խանգարմամբ։  Զգում են էպիլեպսիայով կամ միգրենով տառապող անձինք։ Մայքլիդիսը այստեղ էլ է խորապես ու յուրովի ներկայացնում մարդու հոգեբանությունը։ Կարևորվում է հատկապես մանկությունը՝ մեզ ձևավորող գլխավոր փուլը։ Խմբային թերապիան վարող հոգեթերապևտը( պիտի որ ծանոթ լինի) խորհուրդ է տալիս վախի պատճառով սեփական 《ես》֊ին  մանկության որևէ տարիքում թակարդը չգցել ու թողնել,այլ մշտապես խոսել մեր  ներսում ապրող  երեխայի հետ. միայն այդպես կարող ենք ազատություն շնորհել նրան ու ապրել լիարժեք։ Գրքում հենքայինը ոչ թե 《ովն》 է,այլ 《ինչուն》։  Ի՞նչն է մարդուն դրդում այս կամ այլ քայլի. վա՞խը, սե՞րը, ճակատագիրն ու անսպասելի հանգամանքնե՞րը։ Հերոսը հիշում է Հերակլիտոսի միտքը. 《Բնավորությունը ճակատագիր է》։ Արդյոք բնավորությու՞նն է ճակատագիր կերտում,թե՞ ճակատագրով արդեն իսկ ստանում են բնավորության որոշակի գծեր։ Այս և շա՜տ ուրիշ հարցերի պատասխաններ թաքնված են գրքում։ Շեքսպիրն ասում է. 《Կյանքը բեմ է,մարդիկ՝ դերասաններ》։ Արդյոք մեր կերպարները լա՞վ կխաղան իրենց դերը կյանքում, թե՞ կգա Ստանիսլավսկին ու կասի. 《Չեմ հավատում》... Կարդացեք մի կղզում ամփոփված սիրո, ընկերության, խանդի, համառության, վախի ու զարմանքի մրրկահույզ ցասման մասին։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել