Ոսկե գնդակը՝ ոսկե տղային. ինչո՞ւ Մեսսին ստացավ մրցանակը և ի՞նչ է մտածում Ռոնալդուն

Ոսկե գնդակը՝ ոսկե տղային. ինչո՞ւ Մեսսին ստացավ մրցանակը և ի՞նչ է մտածում Ռոնալդուն

Բարսելոնայի եւ Արգենտինայի հավաքականի առաջատարն այս մրցանակին արժանանում է 6-րդ անգամ: «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնում է Ֆրանս Ֆուտբոլ պարբերականը, որով որոշվում է տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Ինչո՞ւ Մեսսին…

… այլ ոչ Ռոնալդուն կամ Վան Դեյքը: Սա գլխավոր հարցն էր, որին յուրաքանչյուր մասնագետ պատասխանում է միայն սուբյեկտիվորեն: Մեսսին ակումբային մակարդակում չնվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, հավաքականի հետ՝ ոչ մի նշանակալի արդյունք: Սակայն վաղուց Ոսկե գնդակի հաղթողին որոշելիս դադարել են հաշվի առնել շոշափելի տիտղոսները: Բարսելոնայի կազմում Մեսսիի խաղն է, խփած գնդակներն են ու ամեն շաբաթ գրանցվող ռեկորդներն են նրան դարձրել տարվա լավագույնը: Նույնիսկ մի քանի վնասվածքները չխանգարեցին լեգենդին, որպեսզի նա շարունակի իր հաջողակ պատմությունը: Շատ մասնագետների պնդմամբ, Վան Դեյքն ավելի արժանի էր, սակայն սա քմահաճություն չէ եւ ոչ էլ շռայլություն. սա ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրների ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների չոր քվեարկությունն է: Փաստ է՝ Մեսսին է լավագույնը:

Ռոնալդուն տխուր է

Եւ դա երեւաց Փարիզում կայացած գալա երեկոյից առաջ: Պորտուգալացին նույնիսկ չմասնակցեց միջոցառմանը, մինչդեռ լավագույն եռյակում էր: Յուվենթուսի հարձակվողն իմացել էր, որ Մեսսին է ստանալու մրցանակն ու չէր մեկնել Փարիզ: Բայց դա մի կողմ. նվաճած Ոսկե գնդակների քանակով Մեսսին շրջանցեց իր երկարամյա մրցակցին: Ռոնալդուն մեկ գնդակ պակաս ունի եւ շատ մասնագետների պնդմամբ՝ ավելի քան մեկ տասնամյակ ձգվող այս դիմակայությունում Ռոնալդուն այլեւս չի կարողանա գնդակների քանակով շրջանցել Մեսսիին: Ռոնալդուն այն Ռոնալդուն չէ, որ կար Ռեալում խաղալու տարիներին: Հիմա նա փոխել է առաջնությունը, Յուվեն՝ այն թիմը չէ, որը կարող է պորտուգալացուն ձեռքերի վրա վեր բարձրացնել:


Կարդացեք նաև.


Վեցը լուրջ թիվ է

Մեսսին դարձավ ամենաշատ Ոսկե գնդակ ունեցած ֆուտբոլիստը: 6-ակի դափնեկիրը մեկ եւ ամենակարեւոր վիճակագրությամբ առաջ անցավ Ռոնալդուից: Առաջիկա տասնամյակում, շատերի պնդմամբ՝ նույնիսկ երբեք, ոչ ոք չի կարողանա գերազանցել այս երկուսի վիճակագրությունը: Մեսսին նույն եռանդով խաղում, իր թիմին առաջ է տանում եւ ռեկորդներ է գրանցում 32 տարեկանում: Եվ պատեհ չէ, որ մասնագետները մտածում են՝ գուցե յոթերորդը լինի հաջորդ տարի:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք