Երկրորդ Սառը պատերազմն ընթանում է ավելի արագ, քան Առաջինը. Նիլ Ֆերգյուսոն. Bloomberg

May 2, 2024

Աշխարհահռչակ պատմաբան, «Մեծ անկումը» և «Հրապարակն ու Աշտարակը» գրքերի հեղինակ Նիլ Ֆերգյուսոնը Bloomberg-ում հրապարակել է հոդված՝ բացատրելով, թե ինչ է կատարվում աշխարհում: Ըստ նրա, ընթանում է Երկրորդ Սառը պատերազմը:

«Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը»-ում աստիճանաբար է երևում, որ խավարի ուժերը միավորվել են», - գրում է Ֆերգյուսոնը:  

Թոլքինն Առաջին աշխարհամարտի վետերան էր և խորը մտահոգությամբ էր հետևում, թե ինչպես էին Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան պատերազմից հետո աստիճանաբար միավորվում ու վերածվում դաշինքի: Նիլ Ֆերգյուսոնի խոսքով, այսօր ևս տեղի է ունենում նման մի դաշինքի ձևավորում: 

Ֆերգյուսոնը կենտրոնանում է Ուկրաինայի հարցում ԱՄՆ հանրապետական կուսակցության ներքին պառակտումների ու անհամաձայնությունների վրա: Հիշեցնելով 1938 թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի խոսքը Չեխոսլովակիայի վրա Հիտլերի հարձակման հնարավորության վերաբերյալ, թե «դա վեճ է մի հեռավոր երկրում, այնպիսի մարդկանց միջև, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք»՝ Ֆերգյուսոնը քննադատում է ԱՄՆ-ում այն ուժերին, որոնք դեմ են Ուկրաինային տրվող աջակցությանը: Այդպիսի մարդկանց նա անվանում է Պուտինի «օգտակար հիմարներ»:  

Նիլ Ֆերգյուսոնը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանին տրվող չինական աջակցության վրա, մասնավորապես՝ ռազմաարդյունաբերական ոլորտում: Թեև Պեկինը հայտարարում է, որ ձգտում է ունենալ խաղաղարարի դեր, Ֆերգյուսոնի խոսքով 2022 թ. գարնանը Կիևի մատույցներից ռուսների նահանջից հետո Պուտինին փրկել է հենց Չինաստանի աջակցությունը:  

Բարեբախտաբար, մենք ոչ թե Երրորդ աշխարհամարտի, այլ դեռ Երկրորդ Սառը պատերազմի մեջ ենք, որը, սակայն, ավելի արագ է ընթանում, քան Առաջինը:

Պատմաբանը նաև քննում է Իրանի և Իսրայելի հակամարտությունը ու նշում, որ Իրանը Ռուսաստան է մատակարարում անօդաչուներ ու հրթիռներ, Ռուսաստանն էլ, հավանաբար, ի պատասխան օգնում է իրանցիներին հակաօդային պաշտպանության հարցում: Միևնույն ժամանակ, Չինաստանը իրանական նավթի հիմնական գնորդներից է, Չինաստանի ԱԳ նախարարն էլ վերջերս հրաժարվել էր քննադատել Թեհրանին Իսրայելի վրա հարձակվելու համար: Ֆերգյուսոնը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական Զբիգնև Բժեսինսկու՝ 1997 թվականին հնչեցված միտքը.

«Ամենավտանգավոր սցենարը կարող է լինել «հակահեգեմոնիկ» դաշինքի ստեղծումը Չինաստանի, Ռուսաստանի ու հնարավոր է՝ Իրանի մասնակցությամբ: Այս դաշինքի անդամներին կմիավորի ոչ թե գաղափարախոսությունը, այլ փոխլրացնող վիրավորվածությունը: Սա կարող է նմանվել պատմության մեջ արդեն իսկ արձանագրված խորհրդա-չինական դաշինքի խնդրին, սակայն այս դեպքում գերիշխողը կլինի ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը»:  

Ֆերգյուսոնը հավելում է. «Բարեբախտաբար, մենք ոչ թե Երրորդ աշխարհամարտի, այլ դեռ Երկրորդ Սառը պատերազմի մեջ ենք, որը, սակայն, ավելի արագ է ընթանում, քան Առաջինը: Եթե զուգահեռներ տանենք, ապա Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նման է 1950-ականների Կորեական պատերազմին, Թայվանի շուրջ վերջին լարվածություն էլ՝ Կարիբյան ճգնաժամին: Հիմա էլ արդեն մտել ենք այդ իրադարձություններին հաջորդած լիցքաթափման փուլ, որն այն ժամանակ տևեց երկու տասնամյակ»:

Կարդացեք նաև

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Սառը պատերազմի պատճառը գաղափարական է: Արևմուտքում խոսում են ազատությունը պաշտպանելու մասին, ինչը Պուտինն ու Սի Ծինփինը ընկալում են ԱՄՆ հատուկ ծառայությունների ծրագրած «գունավոր հեղափոխություն»: Միաժամանակ, ըստ Ֆերգյուսոնի, նոր Սառը պատերազմն ուղեկցվում է տեխնոլոգիական մրցակցությամբ, գնաճով և ներքին պառակտումներով: Չինաստանի ու Ռուսաստանի այսօրվա միությունը «ԱՄՆ ու իր դաշնակիցների համար գլխացավանք է», միևնույն ժամանակ՝ բազմաթիվ երկրներ նախընտրում են չմիանալ հակամարտող կողմերից ոչ մեկին:  

Առաջին Սառը պատերազմի հետ տարբերությունը նաև այն է, որ Չինաստանը շատ ավելի հզոր տնտեսական մրցակից է, քան Խորհրդային Միությունն էր: Ավելին, Չինաստանի հետ տնտեսական կապերը շատ ավելի խորն են: Արևմուտքն էլ շատ ավելի թույլ է Չինաստանից արտադրական հզորություններով: 

Կարդացեք նաև