Նիլ Ֆերգյուսոն. Պուտինը պատմությունից գլուխ չի հանում․ ցավոք՝ ԱՄՆ–ն նույնպես

March 29, 2022

Շոտլանդացի աշխարհահռչակ պատմաբան, «Մեծ անկում», «Հրապարակն ու Աշտարակը» գրքերի հեղինակ Նիլ Ֆերգյուսոնը հոդված է գրել Bloomberg–ում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «

«Բայդենը մեծ սխալ է թույլ տալիս՝ կարծելով, թե կարող է Ռուսաստանն արնաքամ անել, հեռացնել Պուտինին և ուղերձ հղել Չինաստանին հեռու մնալ Թայվանից։  

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարտերը մի առիթով նկատել էր, որ «իշխանության կուլիսներում խոսում են ոչ թե տնտեսության կամ քաղաքականության, այլ պատմության լեզվով»։

Իմ վերջին հոդվածներից մեկում ես ցույց էի տվել, թե որքան ճիշտ էր այս գնահատականը 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից և 2008–ի սեպտեմբերի 15–ի ֆոնդային բորսայի փլուզումից հետո։ Համաշխարհային առաջնորդները միշտ պատմական զուգահեռներ են տանում։ Ջորջ Բուշը սեպտեմբերի 11–ը համեմատել էր Փերլ Հարբորի հետ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն էլ 2008–ի ճգնաժամի սկզբին վախենում էր «Մեծ դեպրեսիայի» կրկնությունից։  

Իսկ ի՞նչ պատմական համանմանություն կա հիմա։ Ամենաբարձրաստիճան աղբյուրներն ունեցող Նյու Յորք Թայմսի թղթակից Դեյվիդ Սենգերը գրում է, որ Բայդենի վարչակազմը դեռ չի կողմնորոշվել, թե Աֆղանստանում ԽՍՀՄ-ի հետ «միջնորդական» պատերազմից ինչ դասեր կարելի է կիրառել Ուկրաինայում»։ 

Ֆերգյուսոնը գրում է, որ Բայդենի վարչակազմը Աֆղանստանի օրինակով ուկրաինացիներին ԿՀՎ խողովակներով զենքի մատակարարման լայնամասշտաբ ու գաղտնի գործողություն չի իրականացնում։ Դրա փոխարեն բացահայտ փոխանցում է հակատանկային միջոցներ, հրթիռանետեր ու ԱԹՍ–ներ, որպեսզի Ռուսաստանին ներքաշի երկարատև հակամարտության ճահիճը, բայց, միևնույն ժամանակ, չկտրի  հնարավոր ապաէսկալացիայի ուղիները։ 

«Վերջերս մի փակ միջոցառում էր անցկացվել, որի ժամանակ ամերիկյան վարչակազմի անդամներից մեկն ասել էր, որ հիմա վերջնական նպատակը միայն մեկն է՝ պուտինյան ռեժիմի փլուզումը։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, աշխարհի բոլոր տերությունները արհամարհելու են Ռուսաստանին։ Չինաստանի համար էլ, որը կարծում էր, թե Ռուսաստանն ինչ էլ աներ չէր պատժվելու, սա դաս պետք է դառնա։ Նաև ազդակ, որ վերանայի Ռուսաստանի հետ գործակցությունը։ Իսկ Արևմտյան ժողովրդավարության համար սա աստեղային ժամ է և կոնսոլիդացիայի շանս»։ 

                                                                           

Ֆերգյուսոնի խոսքով, բրիտանական էլիտաներում գրեթե նույն կոնսենսուսն է․ «Թեկուզ պատերազմ լինի, բայց որը կհյուծի Պուտինին»։ Հիմնականում սրանով է բացատրվում այն, որ ԱՄՆ–ն դժկամությամբ է սատարում ռուս–ուկրաինական բանակցային գործընթացին, հնարավոր հրադադարին, նաև այստեղ է թաքնված Պուտինին ռազմական հանցագործ անվանելու Բայդենի պատրաստակամությունը։ 

Ըստ Ֆերգյուսոնի, կան շատ օրինակներ, երբ ռազմական հակամարտությունը դառնում է ավտորիտար ռեժիմի փլուզման խթան։ Այդպես եղավ Սադամի, Կադաֆիի, Ֆոլկլենդյան կղզիներ ներխուժած արգենտինյան խունտայի հետ։ 

«Հրաշալի կլիներ, եթե երկարաձգված հակամարտության վերածված խափանված բլից-կրիգը տնտեսական պատժամիջոցների համադրությամբ հանգեցներ Պուտինի ռեժիմի ավարտին։ Ի՞նչ կասես, Չինաստան։ Դե հիմա փորձիր հարձակվել Թայվանի վրա, որը մեզ (Արևմուտքի) համար, եկեք անկեղծ լինենք, շատ ավելի կարևոր է, քան Ուկրաինան։

Այսպիսի ռազմավարությունը ապշեցուցիչ ձևով համադրում է ցինիզմն ու օպտիմիզմը։ Ահա՛ այն, Ռեալպոլիտիկն իր լավագույն ավանդույթներով թող ուկրաինական սպանդը շարունակվի, փոխարենը մենք կթուլացնենք Ռուսաստանն ու պարզ ակնարկ կանենք Չինաստանին, որի հետ ԱՄՆ–ն հիմա «Սառը պատերազմ 2.0»–ի մեջ է»։

 Բայց, Ֆերգյուսոնը բացատրում է, որ այս հաշվարկը կարող է սխալ լինել։ 

«Բայդենի վարչակազմը համարում է, որ բավարար չափով օգնում է Ուկրաինային՝ չներքաշվելով Պուտինի հետ ուղիղ բախման մեջ։ Բայց այս հաշվարկը կարող է սխալ դուրս գալ․ եթե պատերազմը երկարի, այն կհանգեցնի ոչ միայն հազարավոր ուկրաինացիների մահվան, այլև այնպիսի ավարտի, որը Պուտինը կկարողանա ռուսաստանցիներին մատուցել որպես հաղթանակ։ Իսկ այդժամ պալատական ոչ մի հեղաշրջում չի լինի։ 

                                                                          

Բացի այդ, ԱՄՆ–ն իզուր է ենթադրում, որ պոտենցիալ պատժամիջոցների սպառնալիքով Չինաստանին կհամոզեն տնտեսական օգնություն չցուցաբերել Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, նույնիսկ հաշվի առնելով, որ պատերազմն ակնհայտորեն ըստ նախատեսվածի չի ընթացել, ուկրաինական բանակի հաջողություններն արևմտյան ԶԼՄ–ները չափազանցնում են։ Պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը ոչ թե Կիևի շրջակայքն է, այլ հարավը։ Հնարավոր է պաշարված Մարիուպոլը ընկնի մի քանի օրից, որից հետո ռուսական զորքերը օղակի մեջ կառնեն Դոնբասը։ Հաջորդ մեծ նպատակակետը Նիկոլաևն է՝ Խերսոնից հյուսիս–արևմուտք, և պատմական նավահանգիստ Օդեսան»։ 

Ֆերգյուսոնը քննադատել է Պուտինի պատմական ընկալումները, բայց նաև նկատել, որ Լուժնիկիում Ղրիմի միավորման 8–րդ տարվա առիթով ելույթում ՌԴ նախագահը մեջբերել էր ոչ թե Հայրենական մեծ պատերազմի որևէ մարշալի, այլ Ռուսական կայսրության զորավարներից մեկի խոսքերը, որը հայտնի էր հենց Ղրիմն ու Օդեսան թուրքերից պաշտպանելով։ Պատմաբանը այստեղ վտանգներ է տեսնում առաջին հերթին Օդեսայի համար։ 

Գիտնականը կարծում է, որ Արևմուտքն իրատեսական չի գնահատում այս պատերազմի հեռանկարները։ Նրա խոսքով, Ուկրաինան Ռուսաստանի երախը նետելը իմաստուն ռազմավարություն չէ։ Ուկրաինան Աֆղանստան չէ, և այստեղ պատերազմը տևելու է ոչ թե 10 տարի, այլ, ավելի շուտ, 10 շաբաթ։ 

Գիտնականը տեղի ունեցողը համեմատում է 1950–ականների կորեական պատերազմի հետ՝ ի ցույց դնելով փաստը, որ ԱՄՆ–ն փոխվել է։ Եթե այդ տարիներին ԱՄՆ–ն հզոր կոալիցիա գլխավորեց և օգնեց իր դաշնակցին, ապա այսօր սահմանափակվում է միայն որոշ զինատեսակներ մատակարարելով։ 

«Պուտինը, ինչպես Ռուսաստանի առաջնորդների մեծամասնությունը, կմահանա բնական մահով։ Չինաստանն էլ, հետևելով այս ամենին, ավելի հստակ կգիտակցի, որ այլևս գործ չունի Տրումենի ու Քեննանի Ամերիկայի հետ։ Այդ Ամերիկան արդեն անցյալում է»։ 

Կարդացեք նաև