Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս»

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)

11/25/2025

newmag-y-n

Տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Գաել Ֆայի «Ժակարանդա» և Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» գրքերի հեռուստաշնորհանդեսը։ «Բարի լույս» ծրագիրը հյուրընկալել է երկու գրքերի թարգմանիչներին՝ լեզվաբան, Երևանի Պետական Համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանին և թարգմանիչ, երաժիշտ, երգչուհի Լիլիթ Բլեյանին։

Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը նախորդ տարվա Գոնկուր գրական մրցանակի հավակնորդ էր ու նաև Գոնկուր ազգային ժյուրիի 25 երկրների հաղթող։ Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպը Գոնկուր է ստացել 2018 թվականին։ Երկու գրքերի հայերեն հրատարակության շնորհանդեսները տեղի են ունեցել հրատարակչության Francofest 2025 միջազգային փառատոնին։

Գաել Ֆայի «Ժակարանդան» վեպը հաղթել է նաև Հայաստանի ազգային ժյուրիի ընտրությամբ։ Գրքի թարգմանիչ, լեզվաբան, ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանը պատմեց, որ գիրքը 20-րդ դարի վերջին ցեղասպանության՝ տուտսիների ցեղասպանության մասին է. 

«Երբ ասում եմ ցեղասպանության մասին է, թվում է, թե շատ դաժան, ցավոտ գիրք է։ Բայց «Ժակարանդան» նաև շատ քնքուշ գիրք է։ Հեղինակը՝ Գաել Ֆայը, ցավին զուգահեռ սեր ու քնքշություն է ներկայացնում։ Գաել Ֆայը ոչ միայն գրող է, այլ նաև սլամ է երգում, դա ֆրանսիական ռեփն է։ Գրքում էլ շատ հետաքրքիր ռիթմ կա, կարճ կամ շատ երկար նախադասություններ, որն առաջացնում է երգեցիկ ոճ»։

Գոնկուր Հայաստանի ազգային ժյուրիի կազմում են նաև Թագուհի Բլբուլյանի ուսանողները։ Ժյուրին միաձայն Գոնկուր Հայաստանի հաղթող գիրք ընտրել էր այս վեպը։ Թագուհի Բլբուլյանը կարծում է, որ պատճառը նաև մեր հիշողություններն են, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ. 

 

«Ուսանողները գնահատել էին ոչ միայն թեման, այլ նաև լիրիզմը, որ կա գրքում։ Իրենք միահամուռ ընտրել էին Ժակարանդա վեպը, որը վստահ եմ, կապված է նաև մեր պատմության հետ։ Գրքում շատ է քննարկվում, թե ինչպես խոսել ցեղասպանության մասին, ինչպես հաղթահարել լռությունը, մոռանա՞լ, ներե՞լ, թե՞ ապրել հիշողությամբ։ Ռուանդայի կառավարությունը ստիպում էր մոռանալ ցեղասպանությունը։ Գրքում այս բոլոր հարցադրումները կան հերոսների ապրումների տեսքով։ Այս բոլոր հարցադրումները արդիական են նաև մեզ համար»։

Երկրորդ գիրքը, որ Գոնկուր ֆրանսիական գրական մրցանակ է ստացել 2018 թվականին, Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպն է։ Նիկոլա Մատյոն գրել է իննսունականների Ֆրանսիայի արդյունաբերական ճգնաժամի, գործազրկության, երիտասարդների ձանձրույթի, առաջին սիրո ու դժվարությունների մասին։ Երաժիշտ, երգչուհի, գրքի թարգմանիչ Լիլիթ Բլեյանի կարծիքով՝ հայկական ու ֆրանսիական ինսունականները նման են, չնայած գրքում ներկայացված քաղաքը Փարիզը չէ, այն առանց գլամուրի, անփայլ մի քաղաք է, որն իրականում չկա։ Բայց հեղինակն այդ քաղաքի միջոցով ցույց է տալիս փոքր մարդու կյանքը մեծ փոփոխությունների շեմին. 

«Ֆրանսիացի պատանիները փոփոխվող, բեկումնային պահերին փորձում են գտնել իրենց։ Նրանց ծնողներն էլ, ինչպես մեր ծնողները, կայուն կյանք էին ապրել, բայց այդ աշխարհը քանդվել էր։ Այդ առումով շատ նման է մեր իրականությանը։ Գրքում պատկերված են քանդված գործարանների կմախքներ, ոչ մեկին պետք չեկող բանվորներ, փշրված երազանքներ։ Գրքում շատ է նաև ձանձրույթը, ինչը մեր ինսունականներին չկար, ես չեմ հիշում։ Մենք ձանձրանալու ժամանակ չունեինք, մենք պատերազմի թիկունքում էինք, քաղաքական ու սոցիալական մեծ տեղաշարժեր էին»։

Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» գրքի հաջողություններից մեկը թարգմանիչը համարում է նոստալգիան, որն ունեն մարդիկ այդ տարիների՝ իրենց երիտասարդության կամ մանկության շրջանի հետ։ «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վերնագիրն էլ հուշում է, որ գրքի հերոսները հաճախ չեն ուզում պայքարել, համակերպվում են, ինչպես իրենց ծնողները։

Կարդացեք նաև

Տարածել

Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո
Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո

Նիկոլա Մատյո

7800 ֏

Նկարագրություն

Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։

Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։

«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժակարանդա
Ժակարանդա

Գաել Ֆայ

6800 ֏

Նկարագրություն

Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ 

Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ 

Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։