Francofest2025/ Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական Գոնկուրի 25 երկրում ու տարածաշրջանում բացարձակ հաղթող Գաել Ֆայի «Ժակարանդա» գիրքը (թրեյլեր)
11/03/2025
Ինչպե՞ս տարիներ անց խախտել տուտսիների ցեղասպանությունից հետո ավերված Ռուանդայի լռությունն ու հասնել արմատներին։ Չորս սերունդների պատմություն, որ ամփոփում է սքանչելի մի երկրի սարսափելի պատմությունն ու դառը ճակատագիրը։ Newmag-ը ներկայացնում է մեծ ֆրանսիական վեպ՝ «Ժակարանդա»։
Գրքի ու գրողի մասին պատմությունը պետք է սկսել նախ գործի վերնագրից։ Գաել Ֆայը գիրքը կոչել է «Ժակարանդա»։ Սա մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։ Եվ ինչպես հույսի ծաղիկը կօգնի ամոքել ցեղասպանությունից փրկված մի ժողովրդի, միահյուսել մեծերի ու փորքերի հիշողությունն ու ճակատագիրը։
Գաել Ֆայը գրական աշխարհում հայտնի դարձավ իր «Փոքր երկիր» (Petit Pays) վեպով։ 2016 թվականին գիրքն արժանացավ բազմաթիվ մրցանակների։ Ու սկսվեց ֆրանս ռուանդացի գրողի գրական մեծ ուղին։ Գաել Ֆայը ծնվել է 1982 թվականին Բուրունդիում՝ ռուանդացի տուտսի մոր և ֆրանսիացի հոր ընտանիքում: Հայրը Լիոնից Աֆրիկա հասել էր հեծանվով։ Ըստ գրողի, ճամփորդությունը տևել էր հինգ տարի.
«Ես ֆրանսիացի եմ, ես ռուանդացի եմ, ես բուրունդացի եմ։ Իմ այս երեք բաղադրիչ մասերի միջև որևէ հակասություն չեմ տեսնում։ Չեմ ուզում տարանջատել դրանք։ Երբ հարցնում են՝ ով եմ ես, պատասխանում եմ, որ ունեմ երկու երեխա, գրում եմ գրքեր ու երգեր, և ամուսին եմ»։
Հարյուր տարվա պատմություն՝ ընտանիքների լռության, ստվերում մեծացող մարդկանց մասին։ Ֆայը նրբորեն պատմում է իր հայրենակիցների մասին, թե ինչպես են նրանք հաղթել մահը, ու չեն մոռացել ցեղասպանությունը, հարազատների ու երեխաների դաժան ու սարսափելի մահը։ Վեպի գլխավոր հերոսներն են ընտանիքն ու ժողովուրդը։ Գրողն իր պատմությամբ հյուսում է անձնական ու հավաքական հուշերի խճճված ու բարդ թելերը։
Ժակարանդան ֆրանսիական Գոնկուր մրցանակի հավակնորդ էր։ Վեպը հաղթեց հայաստանյան Գոնկուրում։ Այն սիրո, արմատները որոնելու և ինքնությունը բացահայտելուը պատմություն է։ Գլխավոր հերոսը ծնվել է Ֆրանսիայում, և վերադառնում է Աֆրիկա՝ իր նախնիների երկիրը բացահայտելու և ցեղասպանությունից փրկված մոր լռության պատճառը պարզելու համար։
«Ժակարանդան «Փոքրիկ երկրի» շարունակությունը չէ, բայց նույն պատկերի մեկ այլ փազլ է։ Այն փորձում է բացել Ռուանդայի բարդ իրականությունը, ցույց տալ լռության ու վերհուշի բախումը, սերունդների միջև եղած կապը։ Գրելով՝ նաև լռության դեմ եմ պայքարում։ Ընտանեկան լռությունը երբեք չի պաշտպանում երեխային․ հակառակը՝ հանգեցնում է անապահովության զգացման, նույնիսկ զայրույթի։ Ես այդ լռությունը վերածել եմ գրականության՝ ստեղծելով սանդուղք, որով կարող եմ բարձրանալ պատն ի վեր»։
Գրողը տարված է ռեփ երաժշտությամբ։ Գործակցել է Milk Coffee and Sugar խմբի հետ, ապա ձայնագրել է իր «Pili-Pili sur un croissant au beurre» ալբոմը։ Գաել Ֆայն ամուսնացած է, ունի երկու դուստր։ 2015 թվականից կնոջ և երեխաների հետ ապրում է Ռուանդայում։
Վեպը հայերեն է թարգմանել Թագուհի Բլբուլյանը։ «Ժակարանդա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Francofest-ին՝ նոյեմբերի 15-ին, 16:00, Կոնգրես հյուրանոցում։ Այդ օրը վեպը կվաճառվի հատուկ զեղչով։
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)