104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
11/20/2025
Նոյեմբերին ծնվեց ու նույն ամսին էլ կյանքից հեռացավ հայազգի ամերիկացի պաշտոնյա, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Փոլ Իգնեշիուսը: Ընդամենը մի քանի օրից՝ նոյեմբերի 11-ին, նա կդառնար 105 տարեկան։ Newmag-ը 6 տարի առաջ հրատարակել էր նրա «Հիմա մասամբ գիտեմ» հուշագրությունը։
Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Նա ԱՄՆ նավատորմի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն էր Վիետնամի պատերազմի տարիներին: 2019-ին Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավը կոչվել է հենց նրա անունով:
Պետական ռազմական ծառայությունից հետո նա դարձավ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն փոստի» նախագահը: Հետո 15 տարի զբաղեցրել է ամերիկյան «Օդային փոխադրական ընկերակցության» նախագահի պաշտոնը:
ՀԲԸՄ-ն հարգանքի տուրք է մատուցում ամերիկահայ հանրային գործիչ և գործարար Փոլ Ռ. Իգնեյշըսին. «Փոլ Ռ. Իգնեյշըսի կյանքի ուղին պարտքի, պատվի և հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է։ Ավելի քան մեկ դար ապրելուց հետո նա իր մահկանացուն կնքեց 105-ամյակից ընդամենը մեկ շաբաթ առաջ»։
ՀԲԸՄ-ի հետ նրա կապը անձնական բնույթ ուներ։ Նրա պապը՝ Ավետիս Ժամկոչյանը, հիմնադրել է Անգլիայում առաջին ՀԲԸՄ մասնաճյուղը Մանչեսթեր քաղաքում. «Նրա կյանքը ազնվության, ծառայության և իր հայ-ամերիկյան ինքնության մեջ արմատավորված հավերժական արժեքների վկայությունն էր։ Նա հարգանք էր տածում իր ազգային ժառանգության հանդեպ և իր կարողությունները ծառայեցնում էր ի բարօրություն հայրենի հողի։ Փոլ Իգնեյշըսի թողած ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է այն սերունդների համար, որոնք ձգտում են հանրային կյանք մուտք գործել։ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը սգում է հայ-ամերիկյան պատմության մեջ այս ականավոր անհատի կորուստը»,-գրված է ՀԲԸՄ-ի ցավակցական ուղերձում։
Մինչև ռազմածովային կարիերան, Փոլ Իգնեշիուսը փոքր դերեր է ունեցել կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մի քանի ֆիլմում: Իր գրքում Փոլը գրում է, թե ինչպես էր Մամուլյանը ստիպում նորից խաղալ նույն տեսարանը, այնքան մինչև հավաներ:
Որդին՝ Դեյվիդ Իգնեշիուսը, պատմում է՝ ընտանիքն ամեն անգամ հավաքվում էր հեռուստացույցի դիմաց, որ փոքրիկ դրվագներն ուշադրությամբ դիտեին. «Հայրս նկարահանվել էր մի տեսարանում, որտեղ քայլում է կովբոյների քաղաքով և մի ռեպլիկ անում. «50 դոլար», բայց դա մեզ համար շատ մեծ իրադարձություն էր, ու ամեն անգամ անհամբերությամբ էինք սպասում ֆիլմի այդ էպիզոդին»:
Հարվարդի համալսարանի շրջանավարտը շփվում ու մտերմություն էր անում բազմաթիվ հայտնի հայ արվեստագետների հետ՝ Վիլյամ Սարոյան, Մայքլ Առլեն, Ռուբեն Մամուլյան, Զաբել Բոյաջյան, Արամ Սարոյան, Փիթեր Բալաքյան: Ունի 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Դեյվիդն ու Ադին լրագրողներ են, Սառան ու Էմին՝ իրավաբան:
Newmag-ի «Հիմա մասամբ գիտեմ» գրքի հրատարակման ամբողջ ընթացքին հետևել ու հայատառ գրքին սրտի թրթիռով սպասել են Փոլ Իգնեշիուսի զավակները: Գիրքը հենց նրանց է նվիրված: Նախաբանն էլ վստահել է Իգնեշիուսի չորս զավակներին:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա էր Իգնեշուսների ավագ որդին՝ «Վաշինգտոն փոստի» հայտնի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը: Ելույթի ընթացքում նա նկատեց՝ հայերն իր հորը ճանաչում են որպես ռազմածովային ուժերի նախարարի, որպես ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյայի, բայց գրքի միջոցով ավելի հետաքրքիր փաստեր կբացահայտեն. «Այն, ինչ գիտեմ, կիմանան նաև այս գրքի ընթերցողները, նա նաև արտիստ է՝ բառի լայն իմաստով: Նա բառերի և ձևակերպումների բացառիկ տաղանդ ունի, որով կարողանում է նկարագրել ոչ միայն իր կյանքը, այլև իր շրջապատը, մարդկանց ու ժամանակը»:
Այս գիրքը բացում է հանրահայտ ու պատկառելի Իգնեշիուս ընտանիքի պատմությունը: Մի ամբողջ դարաշրջանի ռազմական, քաղաքական կյանքի ու ամերիկահայերի մասին է: Պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում ապրել մեր պապերը, ինչպես են խոսել, երբեմն էլ պարզապես լռել իրենց անցած ճանապարհի ու ցեղասպանության մասին:
Կարդացեք նաև
- Հայ վետերանի ամերիկյան պատմությունը․ Փոլ Իգնեշիուսն ու Պենտագոնի 8 տարիները
- Newmag-ը հրատարակել է ամերիկահայ ամենաբարձր պետական պաշտոնյայի՝ Փոլ Իգնեշիուսի հուշերը
- [Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ
- Նյումեգը թարգմանել է հայերեն ու հրատարակել Փոլ Իգնեշիուսի ինքնակեսագրականը
- Ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերը. «Հիմա մասամբ գիտեմ»
Փոլ Ռ. Իգնեշիուս
5800 ֏
Նկարագրություն
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։
Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։
Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)
Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Francofest միջազգային գրքի ու արվեստի փառատոնը (տեսանյութ)