Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
12/03/2025
Newmag հրատարակչությունն իր նոր` Signature club հատուկ առաջարկը ներկայացրեց Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։ Աննախադեպ ծրագրի մասին հեռուստաթերում ներկայացրել է հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ ակումբն ընթերցող, մտածող, ստեղծագործ համայնքի համար է։ Newmag Signature club–ին անդամակցությունն արդեն սկսվել է։ Այն կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։
Արտակ Ալեքսանյանը պատմեց, որ երկար ժամանակ քննարկել են գրքային ակումբ հիմնելու գաղափարը։ Մյուս պատճառը Newmag–ի բազմաժանր ու մեծ բովանադակությունն է՝ փառատոներ, գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ, երբ ընթերցողները երբեմն չէին հասկանում, թե ինչպես որոշեն, հատկապես որ միջոցառմանը մասնակցեն.
«Այս ակումբի ստեղծմամբ հաջորդ տարվանից մենք վերաիմաստավորելու ենք մեր շփումները հանրության ու ընթերցողների հետ։ Մեր բոլոր միջոցառումները կլինեն միայն ակումբի անդամների համար։ Լայն հանրության համար Newmag–ը բաց կլինի տարին երեք անգամ՝ ձմեռային, ամառային ու ֆրանսիական գրքի փառատոներին։ Մյուս դեպքերում կլինեն ավելի մասնագիտական, կամերային, փակ հանդիպումներ ու շփումներ հատուկ ակումբի անդամների համար»։
Թվային դարաշրջանում, երբ մարդիկ նախընտրում են օնլայն շփումները, արագ տեսանյութերն ու կարճ տեքստերը, այնուամենյանիվ, նրանք ուզում են նաև իրական շփումներ։ Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ անկանխատեսելի, տագնապալի ժամանակաշրջանում, երբ հասարակությունը բավականին բևեռացված է բոլոր հարցերի շուրջ, մարդիկ երբեմն չեն գնում որևէ հավաքույթի, որ չփչացնեն իրենց հարաբերությունները.
«Անհնար է անընդհատ խոսել քաղաքականությունից կամ այլ տագնապալի հարցերից։ Պատկերացրեք, դուք 32 տարեկան եք, աշխատում եք բանկում, ձեր ժամանացը սահմանափակվում է այդ բանկի ու ձեր ընտանիքի շրջանակներում։ Մենք առաջարկում ենք մի վայր, որտեղ կհանդիպեք մարդկանց, որոնք ունեն նույն կրթական ցենզը, հետաքրքրությունները։ Սա վայր է, որտեղ պետք չէ գնալ թուղթ ու գրիչով կամ քննություն հանձնել։ Բայց այս ակումբում մարդիկ կստանան գիտելիք։ Տարվա մեջ ակումբի անդամները ստանալու են 24 գիրք, այսինքն, ամեն ամիս 2 գիրք։
Բացի նոր գրքերը ստանալուց, մասնակցելու են գրքերի քննարկումների ու շնորհանդեսների, դասախոսությունների։ Բերեմ օրինակներ. Հայաստանցիները հաճախ են մեկնում Եվրոպա եռօրյա կամ մի քիչ ավելի երկար ժամկետով։ Այդ ընթացքում նրանք հասցնում են լինել տուրիստական հայտնի վայրերում, շոփինգ են անում ու դրանով այցն ավարտվում է։
Մենք առաջարկում ենք վարպետության դաս, թե ինչպես հասկանալ Բարսելոնա քաղաքն ըստ գլխավոր ճարտարապետ Գալդիի։ Եթե կարճ ժամանակով եք մեկնելու Բարսելոնա, ի՞նչ տեսնել, ինչպե՞ս իմանալ արդեն տեսած կոթողների նշանակությունն ու արժեքը։ Մեկ այլ տուրիստական հայտնի կենտրոն՝ Հռոմը։ Ինչպե՞ս ճանաչել Հռոմը, բացի այն տուրսիատական ընդունված կետերից, ուր մեկնում են բոլորը։
Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մարդիկ չունեն մոտիվացիա, հոգնած են։ Դա ոչ թե ֆիզիոլոգիական է, այլ հոգեբանական։ Այդ հոգեվիճակը հաղթահարելու գործուն մեխանիզմ կա։ Մեր վարպետության դասերն այդպիսին են լինելու։ Մենք առաջարկելու ենք օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի հետաքրիքր դարձնել կյանքը, արագ կողմնորոշվել, հարստացնել ներաշխարհը»։
Դասախոսությունների ու վարպետությունների թեմաները Newmag-ում ընտրել են, ինչպես անում են գրքերի ընտրության դեպքում. հրատարակում են գրքեր, որոնք իրենք են կարդում, առաջարկում են դասախոսություններ, որոնք իրենք էլ կցանկանան լսել.
«Signature club-ին պետք է միանան մարդիկ, որոնք ոչ միայն ուզում են լսել, այլ նաև ասելիք ունեն։ Ինչո՞ւ որոշեցինք, որ ակումբի անդամների թիվը կլինի սահմանափակ՝ հարյուր հոգու համար. սա պրոդուկտ է, որը Հայաստանում նոր է, մենք պետք է հասկանանք ամբողջ մեխանիզմը, կազմակերպական հարցերը։ Այդ բոլոր հարցերից հետո գուցե հետո ակումբն ավելի մասշտաբային դառնա»։
Signature club-ի անդամները հավատարմության ծրագրով զեղչեր կունենան ակումբի գործընկերների խանութներում՝ l'occitane, Burmunq, Hermitage, Time ու այլ ապրանքների համար։
Արտակ Ալեքսանյանը պատմեց նաև, որ համագործակցում են երեք հայ դիզայներների՝ Արամ Նիկոլյանի, Նուռի ու Արմեն Գալյանի հետ։ Նրանք կստեղծեն կապսուլային, սահմանափակ հավաքածուներ հատուկ ակումբի անդամների համար. «Արամ Նիկոլյանը ստեղծում է հուդիներ, Նուռը կստեղծի մետաքսե շարֆեր, իսկ Արմեն Գալյանը՝ ակսեսուարներ, որոնք հասանելի կլինեն Signature club-ի անդամների համար սահմանափակ քանակով։
Ակումբի անդամների համար ենք կլինեն նաև փակ կինոդիտումներ Սինեմա Սթար Արմենիայում։ Կդիտենք ոչ թե ժամանակակից, այլ համաշխարհային դասականների ընտրված ֆիլմերը, որոնք դիտելուց հետո քննարկումներին կմասնակցեն նաև կինոգետներ, կլինեն հարց ու պատասխաններ։
Երբեմն գիրք կարդալիս կամ ֆիլմ դիտելիս, ուզում ենք հասկանալ, հասկացե՞լ ենք ֆիլմի կամ գրքի գլխավոր ուղերձը, կամ ուզում ենք կիսվել մեր էմոցիաներով ու տպավորություններով։ Կարծում եմ, ակումբի գլխավոր առաքելությունը գիտելիքի ու տպավորութուննեւրի փոխանակումն է։
ԱՅՑԵԼԻՐ NEWMAG SIGNATURE CLUB-Ի ԷՋ
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը հեռուստադիտողներին խորհուրդ տվեց երեք գիրք՝ Ռեյ Դալիոյի «Սկզբունքները», Դարեն Հարդիի «Փոքր քայլերի մեծ արդյունքը» և գեղարվեստական գրքերից Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)
Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Francofest միջազգային գրքի ու արվեստի փառատոնը (տեսանյութ)