Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)
11/17/2025
Newmag հրատարակչության Francofest 2025 ֆրանսիական գրքի ու արվեստի միջազգային փառատոնն ընդամենը երեք տարում լոկալ իրադարձությունից դարձավ միջազգային փառատոն։


Ֆրանսիական գրքի առաջին փառատոնի մեկնարկից ընդամենը մեկ տարի անց հրատարակչությունը դարձավ Գոնկուր ֆրանսիական մրցանակի հայաստանյան ներկայացուցիչը։ Հայաստանը հռչակվեց 39-րդ երկիրը, որտեղ հիմնվեց Ազգային ժյուրի։ Անցյալ տարի Francofest-ը դարձավ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու կոչվեց միջազգային փառատոն։


Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը փառատոնի մասնակիցներին ողջունելուց հետո ներկայացրեց, թե ինչպես ծնվեց գրական իրադարձության գաղափարը. «Երբ սկսեցինք այս փառատոնը, այն հնչում էր որպես փորձ՝ էքսպերիմենտ․ ֆրանկոֆոն փոքր փառատոն Երևանում, որտեղ գրքերն ու հեղինակները կամուրջ են դառնում Հայաստանի ու ֆրանկոֆոն աշխարհի միջև։

Այսօր այդ փորձը շատ կոնկրետ ձև է ստացել։ Francofest-ի նպատակը շատ պարզ է, բայց միաժամանակ չափազանց հավակնոտ. ֆրանկոֆոն գրականությունը Հայաստանում դարձնել կենդանի, լսվող, կարդացվող ու քննարկվող իրականություն, ոչ թե միայն թարգմանված անունների ցուցակ։ Newmag-ի համար ֆրանսերենից թարգմանված գրքերը պարզապես մեկ մատենաշար չեն կատալոգում․ դրանք մեր ինքնության շատ կարևոր հատվածն են։

Մեզ համար ֆրանսիական և ֆրանկոֆոն գրականությունը ոչ միայն գեղարվեստական բարձր չափանիշ է, այլ նաև մտածելու, կասկածելու, վիճելու, նոր տեսանկյուններ բացելու մշակույթ։ Եվ այս փառատոնի ամեն օրվա, ամեն քննարկման, ամեն հանդիպման մեջ մենք ուզում ենք, որ այդ մշակույթը զգացվի։ Երբ երեք տարի առաջ Newmag-ում ձևավորվում էր Francofest-ի գաղափարը, ինձ հաճախ թվում էր, որ սա շատ մեծ քայլ է փոքր երկրի համար։


Այսօր, երբ արդեն ունենք նաև Goncourt Armenia, ես հակառակն եմ զգում․ ձևավորվող ընթերցող հասարակությունը շատ ավելի մեծ է, քան մեր ցանկացած նախագիծ, և մենք պարզապես փորձում ենք քայլել նրա կողքով՝ մի փոքր արագացնելով քայլերը»։

Francofest-ը Ֆրանսիական գրականության միակ միջազգային փառատոնն է Հայաստանում։ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ուրախությամբ հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ փառատոնին տեսնում է շատ մասնակիցներ ու հատկապես երիտասարդներ. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտակ Ալեքսանյանին ու Newmag հրատարակչությանը. չէ՞ որ չկա գրականություն, առանց գրողի, չկա գրականություն, առանց լեզվի, բայց չկա նաև գրականություն, առանց հրատարակիչների։

Այս հրատարակչությունը, որն ի սկզբանե ֆրանկոֆոն չէ, մեծ կարևորություն է տալիս ֆրանկոֆոն գրքերի թարգմանությանը ու նաև իրականություն դարձրեց Գոնկուրի հայաստանյան ընտրությունը։ Դա կարևոր է հայ ֆրանսախոս ուսանողների համար, դա կարևոր է բոլոր երիտասարդների համար, դասավանդողների համար, որոնք Վայոց ձորից, մինչև սահմանամերձ գյուղեր դասավանդում են ֆրասներեն»։
Արդեն երկրորդ անգամ փառատոնին մասնակցում է նաև ֆրանսիացի փիլիսոփա, գրող, Գոնկուր ակադեմիայի անդամ Պասկալ Բրուկները։


Այս տարի Բրուկները Հայաստանում է նաև իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին մասնակցելու համար։ Փիլիսոփան Գոնկուրի հայաստանյան ընտրությունը մեծ իրադարձություն կոչեց ու անդրադարձավ նաև այս տարվա Գոնկուր Հայաստանի դափնեկիր գրքին՝ Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպին.

«Վեպը դափնեկիր է դարձել ոչ միայն Հայաստանում։ Երկու տասնյակից ավելի երկրներում են այս վեպն ընտրել։ Ի դեպ, ինքս էլ ընտրել էի այս գիրքը։ Գոնկուրը համընդհանուր արժեք է։ Ֆրանսիական Գոնկուրի ներսում քննարկումները բավականին բուռն են լինում։ Նոբելյան մրցանակից հետո Գոնկուրը երկրորդ հեղինակությունն ունի աշխարհում, հատկապես ֆրանսիական գրականության ու ֆրանսերեն լեզվի տարածման տեսանկյունից։ Չնայած ընթերցողները, կարդացող մարդիկ պակասում են ամբողջ աշխարհում, բայց ես հավատում եմ ապագա սերունդներին, նաև տեսնելով, թե ինչպես են կարդում իմ թոռները։

Պարզ հարց կարելի է տալ, թե ինչի՞ն են ծառայում գրական մրցանակները։ Դրանք ուղեցույց են, լույս են մթում։ Երբ մտնում ենք գրախանութ, բազամթիվ գրքեր ենք տեսնում, մրցանակներն օգնում են կողմնորոշվել, ինչ կարդալ, ինչ հեղինակ ընտրել։ Գրական մրցանակները ձեռք են մեկնում ընթերցողներին այս մեծ բազմազանության մեջ։ Գոնկուրյան մրցանակն այն գերագույն մրցանակն է, որը դառնում է իսկական նվեր Սուրբ ծննդյան տոներին։ Այս տարի նույնպես մեծ հետաքրքրությամբ հետևելու եմ, թե ինչ գիրք է ընտրելու հայկական ժյուրին։ Եթե այն հաընկնի իմ ընտրության հետ, շատ կուրախանամ»։


Փառատոնի միջազգային գործընկերն են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Գոնկուր Ակադեմիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի Ֆրանիսական ինստիտուտը, Ազնավուր հիմնադրամն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը։ Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ասում է, որ հատկապես իրենց համալսարանի ուսանողները, որոնք գրականության ու լեզվի մասնագետներ չեն, մեծ ոգևորությամբ դարձան ժյուրիի անդամ.

«ԵՊՀ ու Բրյուսովի համալսարանի ուսանողները ֆրանսերեն գրականության ու լեզվի մասնագետներ են, իսկ մեր ուսանողները մարկոտելոգներ են կամ այլ մասնագիտություններ ունեն, բայց նրանք նույնպես դարձան ժյուրիի անդամ, նրանք նույնպես կարդում են ու մասնակցում են գրական այս մեծ իրադարձությանը։ Պարոն Բրուկներն ասաց, որ մարդիկ սկսել են քիչ կարդալ, բայց հայերը շատ են կարդում, իսկ Գոնկուրի այս մեծ հաջողությունը Հայաստանում նաև ֆրանսիական լինելու պատճառով է»։


Փառատոնին հայտարարվեցին Գոնկուր Հայաստանի ազգային ժյուրիի այս տարվա անդամների անունները։ Հենց նրանց շնորհիվ է Հայաստանը հայտարարում Գոնկուրի իր մրցանակակրին։ Արդեն Հայաստանում են այն ութ գրքերը, որոնք պետք է կարդան հայաստանյան ժյուրիի անդամ ոսւանողները ու գարնանը հայտարարեն հաղթողի անունը։


Փառատոնի գլխավոր հովանավորներներն Ակբա բանկն ու Սինեմա Սթար Արմենիան են, հովանավորները՝ «Կարաս Գինիներն» ու Maison Marom ընկերությունների խումբը, որ փառատոնին ներկայացրեց, թե ինչպես կարող է բիզնեսը լինել ոչ միայն տնտեսական գործունեություն, այլ նաև մշակութային երկխոսության հարթակ։ Maison Marom ընկերությունների խումբն այս տարի առաջին անգամ է միացել Francofest միջազգային փառատոնին։


Ընկերությունների խմբի կոմերցիոն տնօրեն Բելլա Վահրամովան գործակցությունը համարեց համահունչ ու օրինաչափ. «Հրատարակչության հետ մեր գործակցությունը պատահական չէ։ Մեր ընկերությունների խմբի գործունեության հիմքում ֆրանսիական ու հայկական մշակույթների երկխոսությունն է։ Ժամանակակից աշխարհում բիզնեսը տրանսֆորմացվում է՝ վերածվելով մշակութային արժեքի։ Հայկական ու ֆրանսիական սինթեզը մեր բզինեսի հիմքում է»։


Փառատոնին ներկայացված չորս գրքերից երեքը կապ ունեն ֆրանսիական Գոնկուր մրցանակի հետ։ Առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեց Գոնկուր Հայաստանի հաղթող գիրքը՝ Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը։


Շնորհանդեսին մասնակցեցին գրքի թարգմանիչ Թագուհի Բլբուլյանն ու ժյուրիի անդամ երեք ուսանողներ։ Նրանք իրենց ընտրությունը մեկնաբանեցին վեպի թեմայով։ Հեղինակը՝ ֆրանս-ռուանդացի Գայել Ֆայը, գրել է տուտսիների ցեղասպանության մասին։ Ըստ ուսանողների՝ ցեղասպանության թեման, նախնիների հետ կապը, հիշողություններն ու լռությունը անտարբեր չեն թողնի ոչ մի հայ ընթերցողի։


Գոնկուր 2018-ի մրցանակակիր Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» գիրքը նույնպես հայ ընթերցողներին հոգեհարազատ թեմայով է գրված։


Այն պատմում է 90-ականների արդյունաբերական ճգնաժամի, երիտասարդների ձանձրույթի ու ապագա կյանք մտնելու բարդ ընտրության մասին։ Չնայած գիրքը ֆրանսիական հորինված մի շրջանի մասին է, հերոսների ապրումներն ու խնդիրները հոգեհարազատ են այդ ժամանակաշրջանում ապրած և՛ ֆրանսիացիների, և՛ հայերի, և՛ ընդհանրապես բոլոր մարդկանց համար։


Գոնկուր Ակադեմիայի անդամ, փիլիսոփա, գրող Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը»գրքի հայերեն հրատարակության առիթով Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը զրուցեց Պասկալ Բրուկների հետ։ Բրուկները ներկայացրեց, թե ինչու է գրել իր հումորային, խոհափիլիսոփայական գիրքը։


Ըստ փիլիսոփա գրողի՝ այն ձոն է կանացի գեղեցկությանն ու մի քիչ սարկազմ տղամարդկային մուսկուլինությանը։ Գրքում հեղինակն անդրադառնում է նաև ժամանակակից ընտանիքին, հասարակության մեջ տղամարդու դերին ու հայրեր-որդիներ հավերժական թեմային։


Չորրորդ հեղինակը հայ ընթերցողին լավ ծանոթ Ժոել Դիկերն է։ Հրատարակչությունը հայերն էր թարգմանել նաև հեղինակի մեգաբեսթսելլերը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» դեդեկտիվը։ «Բալթիմորների գիրքը» վեպի հերոսը նախորդ գրքի գլխավոր կերպարներից մեկն է՝ Մարկուս Գոլդմանը։ Նա տարիներ անց պետք է բացահայտի իր ընտանիքում տեղի ունեցած մի քանի ողբերգական մահերը։


Չորս նոր գրքերից բացի, եղան նաև պանելային քնարկումներ կրթության, բիզնեսի ու թատրոնի մասին։ Առաջին Francofest-ին ներկայացված Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպի հիման վրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը բեմադրում է ներկայացում։ Պրեմիերայից առաջ ներկայացման մասին պատմեցին բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը և դերասաններ Արսեն Գրիգորյանն ու Նարինե Պետրոսյանը։


Հայ–ֆրանսիական «Զենիթ Ակադեմիա» կրթական հիմնադրամը փառատոնի համար կազմակերպել էր «Մշտատև կրթությունը Հայաստանում ու Ֆրանսիայում» թեմայով քննարկում։


Իսկ MAISON MAROM ընկերությունների խումբը՝ բիզնեսի ու մշակույթի անքակտելի կապը ներկայացնող հետաքրքիր պրեզենտացիա։


Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը փառատոնը կոչեց ֆրանսախոս գրականության, ֆրանսահունչ էսթետիկայի, ֆրանսալեզու ստիլիստիկայի մեծ արշավ ու մարաթոն. «Բոլորս կարողացանք վայելել այն գաղափարները, այն գիտելիքն ու հնարամտությունները, որոնք հեղինակները փոխանցում են մեզ իրենց ստեղծագործութունների միջոցով։ Նրանք տալիս են բանալիներ, որպեսզի հասկանանք, թե ինչ են գրում, ինչու են գրում։ Կարծում եմ, որ մշակութային երկխոսությունն այդպես է լինում»։

Միջազգային փառատոնն ամփոփեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը։ Քսավիե Ռիշարն ասում է, որ Newmag-ի հրատարակած չորս գրքերից հատկապես երկուսն իրեն շատ հոգեհարազատ են.

«Ինձ համար շատ հոգեհարազատ են Պասկալ Բրուկների նուրբ հումորով հիանալի «Իմ փոքրիկ ամուսինը» և Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպերը։ Հեղինակը Ֆրանսիայի այն նույն շրջանից է, որտեղից ես եմ։ Հատուկ ողջունում եմ նաև այս չորս գրքերի թարգմանիչներին, որոնք այս գրքերը ներկայացրել են՝ պահպանելով հեղինակների ոճը, ոգին, նուրբ հումորն ու երաժշտականությունը։
Այս ամենը փոխանցելը տեղով մեկ արվեստի ստեղծագործություն է։ Նրանք հնարավորություն են տալիս, որ գրականությունը հնչի տարբեր լեզուներով։ Գլուխգործոցները ծնվում են ոճի ու գաղափարի միացումից։ Երբ լավ գործը թարգմանվում է, պետք է ունենա լավ թարգմանիչ ու հանձնառու հրատարակիչ, ինչպես Newmag-ի թիմն ու ղեկավարն են։ Դուք եք տարածում գրականությունը։ Francofest-ն ուղղակի հիանալի էր»։


Փառատոնին ինչպես միշտ հնչեց նաև գեղեցիկ երաժշտություն։ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի երիտասարդ կատարողները, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրները հանդես եկան դասական կատարումներվ։


Մավի բենդի ու Folk Quartet-ի Ֆրանսիական մեղեդիները միջազգային գրական Francofest-ը դարձրեցին նաև երաժշտության ու արվեստի փառատոն։


Կարդացեք նաև
- Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր
- Նոյեմբերի ուղիղ կեսին Երևանում կանցկացվի Francofest-2025 միջազգային փառատոնը և Գոնկուր Հայաստանը (լուսանկարներ)
- Ինչ գրքեր, գրողներ Newmag-ը կներկայացնի Francofest2025-ին. հրատարակչության թիմին հյուրընկալել է «Բարի լույսը» (տեսանյութ)
- Francofest2025/ MAISON MAROM. Դարձնել բիզնեսը մշակութային ժառանգություն
- Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
- Francofest2025/ Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական Գոնկուրի 25 երկրում ու տարածաշրջանում բացարձակ հաղթող Գաել Ֆայի «Ժակարանդա» գիրքը (թրեյլեր)
- Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» մեծ վեպը (թրեյլեր)
- Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի ժամանակակից գրող Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը (թրեյլեր)
- Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Francofest միջազգային գրքի ու արվեստի փառատոնը (տեսանյութ)
Պասկալ Բրուքներ
5800 ֏
Նկարագրություն
Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։
Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը:
Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։
Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։
«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Francofest միջազգային գրքի ու արվեստի փառատոնը (տեսանյութ)