Նոյեմբերի ուղիղ կեսին Երևանում կանցկացվի Francofest-2025 միջազգային փառատոնը և Գոնկուր Հայաստանը (լուսանկարներ)
11/11/2025
Newmag-ն արդեն 3-րդ անգամ մեկ վայրում կհավաքի ֆրանկոֆոն գրականության սիրահարներին։ Նոյեմբերի 15-ին, 15:00-21:00-ը Կոնգրես հյուրանոցում կանցկացվի Francofest 2025 ֆրանսիական գրականության միջազգային փառատոնը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսն ուրախությամբ նշում է, որ Francofest-ը ֆրանկոֆոն գրականությանը նվիրված միակ փառատոնն է Հայաստանում.

«Մեզ համար շատ կարևոր է գործակցել Francofest-ի հետ, և ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ անցյալ տարի ազդարարեցինք Գոնկուրի հայաստանյան ընտրության մեկնարկը»,-Արմենպրեսում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Տյուրսը:
Դավիդ Տյուրսի խոսքով՝ Գոնկուրը ֆրանսիայի գրական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է, այն մեծ տարածում ունի ոչ միայն ֆրանկոֆոն աշխարհում. «Գոնկուրի մուտքը հայաստանյան գրական աշխարհ շատ կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս հայ ընթերցողներին ծանոթանալ ֆրանսիական ժամանակակից ու մրցանակակիր գրականությանը։
Տարբեր երկրներում կան ազգային Գոնկուրի ժյուրիներ։ Հայաստանն էլ անցյալ տարվանից է անում իր ազգային ընտրությունը։ Սկզբունքը բոլոր երկրներում նույնն է. ֆրանկոֆոն ուսանողներից բաղկացած ժյուրին կարդում է Գոնկուր ակադեմիայի ընտրած 8 գրքերը և այդ գրքերից ընտրում իր հաղթողին:
Հայաստանում ընտրությանը մասնակցում են 3 համալսարան` ԵՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ու Ֆրանսիական համալսարանի ֆրանսալեզու ուսանողները: Այս տարվա մարտին հայտնի դարձավ Գոնկուր Հայաստանի հաղթող ստեղծագործությունը` Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը, որը հայերեն է թարգմանել Newmag-ը, և այն կներկայացվի Francofest 2025-ին»:

Դավիդ Տյուրսը նկատեց, որ Հայաստանի մուտքը Գոնկուրի մեծ ընտանիք կարևոր է այն առումով, որ Հայաստանը դառնում է գրական մեծ ընտրության մի մասը, ընտրություն, որ կատարում են 40 երկրներ. «Սրա շնորհիվ նաև ծանոթանում ենք հայաստանյան ընթերցողների ապրումներին ու հասկանում, թե ինչպես է նա գնահատում գրականությունը:
Արտակ Ալեքսանյանն էլ նկատեց, որ պատահական չէ, որ Գաել Ֆայի՝ «Ժակարանդա»-ն հաղթող է ավելի քան 25 երկրներում, հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ հեղինակը ոչ միայն գրող է, այլ նաև հայտնի երգիչ։ Նրան երիտասարդները ճանաչում են։ Կարծում եմ, որ պատահական չէ, որ Հայաստանում էլ հաղթեց նրա գիրքը»:

Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը համոզված է, որ ժամանակակից գրականության թարգմանությունը բովանդակություն է ոչ միայն ընթերցողների, այլ նաև գրական ինդուստրիայի համար. «Francofest միջազգային փառատոնը կարևոր հարթակ է՝ ծանոթանալու ֆրանկոֆոն ժամանակակից գրականությանը, գրական հոսքերին, գրական տեխնոլոգիաներին ու գրական խոհերին, այն ամենին, ինչի մասին այսօր մտածում են Եվրոպայում։
Հայաստանի մասնակցությունը Գոնկուրին կարևոր է երեք մակարդակում. նախ` ընթերցողների համար, որոնք հնարավորություն ունեն ծանոթանալ արդեն հայտնի, մրցանակակիր, հետաքրքիր, որակյալ, նոր ստեղծագործությունների։ Հայ գրողները նույնպես կարող են տեսնել, թե ինչպիսի բովանդակություն է ստեղծվում ֆրանկոֆոն աշխարհում։ Հաջորդ մակարդակն արդեն ինդուստրիան է»։

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց Francofest միջազգային փառատոնի 4 նոր գրքերը, որոնցից երկուսն արդեն Գոնկուր շահած գործեր են. ««Նիկոլա Մատյոյի վեպը՝ «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպը խոշոր կտավ է 1990-ականների մասին, որն արժանացել է Գոնկուր 2018 մրցանակին, և Գաել Ֆայի՝ «Ժակարանդա»-ն, որը «Գոնկուր Հայաստանի» ընտրությունն է: Այս տարի արդեն երկրորդ անգամ Հայաստան է ժամանում ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։ Նախորդ տարի նա ժամանել էր, որպես Գոնկուր ակադեմիայի անդամ, իսկ այս տարի մասնակցելու է իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։
Գիրքը կոչվում է «Իմ փոքրիկ ամուսինը»: Ի դեպ, փիլիսոփա Բրուկները շատ հայտնի է իր հայամետ հայտարարություններով: Քանի որ այս փառատոնը ֆրանսագիր գրականության փառատոն է, հեղինակները ոչ միայն ֆրանսիացիներ են, այլ նաև ֆրանկոֆոն աշխարհից: Չորորդ գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա փառատոնին, ժամանակակից ամենաերիտասարդ ու հայտնի շվեյցարացի ֆրանսալեզու գրող Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» վեպն է։ Հեղինակը հայ ընթերցողին արդեն հայտնի ու սիրելի դարձած «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» դեդեկտիվի հեղինակն է»:

Արտակ Ալեքսանյանը Արմենպրեսի մամուլի ակումբում նաև հայտնեց, որ բացի գրքերի շնորհանդեսներից, կլինեն հետաքրքիր պանելային քննարկումներ կրթական, բիզնես թեմաներով։ Բացի այդ, Francofest 23-ին հրատարակված Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վիպակը շուտով կբեմադրվի Երգի պետական թատրոնում։ Ներկայացման ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Թատերական մեծ պրեմիերայից առաջ՝ նոյեմբերի 15-ին, կլինի թատերական քննարկում ռեժիսորի, թատրոնի տնօրենի ու գլխավոր դերակատարների հետ:
Ֆրանսիական փառատոնին կհնչեն նաև դասական ու ֆրանսիական մեղեդիներ, կլինի համերգ։ Հրատարակչության նոր գրքերը կվաճառվեն հատուկ զեղչով։ Փառատոնի մուտքն ազատ է։
FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Ասուլիսի ընթացքում հիշատակվեցին այն գործընկերները, որոնց շնորհիվ անկացվում է միջազգային փառատոնը։ Արդեն երրորդ տարին Francofest-ի հետ է Ակբա բանկը։ Գլխավոր հովանավոր է նաև Սինեմա Սթար Արմենիան։ Գլխավոր գործընկերներից են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ազնավուր հիմնադրամը, Karas Wines, Maison Marom ընկերությունների խումբը։
Պասկալ Բրուքներ
5800 ֏
Նկարագրություն
Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։
Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը:
Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։
Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։
«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)