Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Ինչ գրքեր, գրողներ Newmag-ը կներկայացնի Francofest

Ինչ գրքեր, գրողներ Newmag-ը կներկայացնի Francofest2025-ին. հրատարակչության թիմին հյուրընկալել է «Բարի լույսը» (տեսանյութ)

11/12/2025

newmag-y-n

Նոյեմբերի 15-ին, 15.00-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա ֆրանսիական գրականության ու արվեստի միջազգային փառատոնը։ «Newmag» հրատարակչությունն իր միջազգային ու հայկական գործընկերների հետ բոլորին հրավիրում է Francofest2025-ին։ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում փառատոնի մասին պատմել են Newmag-ի կորպորատիվ և միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը, հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը, գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, «Զենիթ Ակադեմիա» հայ-ֆրանսիական կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանը։

Newmag-ը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում պատմել է նոյեմբերի 15-ին տեղի ունեցող Francofest-2025 միջազգային փառատոնի մասին։ Հրատարակչության կորպորատիվ ևմիջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը պատմեց, թե ինչպես ընդամենը երեք տարում Francofest-ը դարձավ միջազգային փառատոն։ Ի սկզբանե հրատարակչությունը փառատոնի միջոցով ներկայացնում էր իր ֆրանսիական գրքերը.

«Երկրորդ տարում Գոնկուր Ակադեմիայի հետ Հայաստանը դարձավ Գոնկուրի Ազգային ժյուրիի անդամ երկրներից մեկը։ Անցյալ տարվանից Փառատոնին միացավ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ 

Այս փառատոնը մենք իրականացնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գոնկուր Ակադեմիայի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ազնավուր հիմնադրամի հետ։ Այսինքն, Francofest 2025-ն արդեն ինստիտուցիոնալ առումով միջազգային մակարդակում է։ Միջազգային հանրությանն ենք ցույց տալիս, թե Հայաստանն ինչ գրական միջավայր ունի, ինչ նախաձեռնություններ է իրականացնում»։

Որպես հայ-ֆրանսիական կրթական հիմնադրամ, փառատոնին է միացել նաև «Զենիթ Ակադեմիա» հիմնադրամը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանը պատմեց, թե ինչու որոշեցին միանալ Francofest 2025-ին.

«Զենիթը հայ-ֆրանսիական հիմնադրամ է, որն իրականացնում է շարունակական կրթական ծրագրեր։ Մենք աշխատաշուկային առաջարկում ենք երեք հարյուրից ավելի կրթական ծրագրեր, որպեսզի կրթությունը, գիտելիք ձեռք բերելը դառնա մեր ամենօրյա աշխատանքը։ Իրականում, առանց դրա զարգացող աշխարհում անհնար է դիմանալ մրցակցությանը։

Շատ ուրախ ենք, որ Francofest-ին նախաձեռնել ենք «Մշտատև կրթությունը Հայաստանում և Ֆրանիսայում» թեմայով պանելային քննարկումը։ Մշտատև, անընդհատ կրթությունը գրքի ու գրականության անբաժան ուղեկցողն է, դրա համար էլ մեր հիմնադրամը միացավ այս փառատոնին։ Պանելային քննարկմանը խոսելու ենք մասնագիտական կրթության մասին»։

Քննարկումը կմոդերացնի «Զենիթ Ակադեմիա» հայ-ֆրանսիական կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանը։ Քննարկման բանախոսներն են «Զենիթ Ակադեմիայի» համահիմնադիր և կրթական ծրագրի ղեկավար, մանկավարժ Հակոբ Աժամյանը, «Մատենայի» առաջնորդության դպրոցի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, reArmenia հարթակի, «Այ քեզ բան» կրթական շարժման տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Բացի այս կրթական քննարկումից, փառատոնին կլինի նաև թատերական քննարկում մեծ պրեմիերայից առաջ։ Հրաչ Քեշիշյանը բեմադրում է ֆրանսուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը։ Գիրքը Newmag-ը հայերեն էր հրատարակել առաջին Francofest-ին։ Փառատոնի գործընկեր Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնի հովանավոր MAISON MAROM ընկերությունների խումբը պատրաստել է պրեզենտացիա բիզնեսի ու մշակույթի կապի մասին։

Francofest 2025 միջազգային փառատոնին Maison Marom ընկերությունների խումբը կներկայացնի իր նախագծերը, թե ինչպես կարող են լայֆսթայլը, նորաձևությունը, գաստրոնոմիան և մշակութային նախաձեռնությունները դառնալ հասարակության ու մշակույթի փոխազդեցության շարժիչ ուժ, ստեղծել միջավայր, որտեղ գաղափարներն ու ավանդույթները հանդիպում են ժամանակակից լուծումների հետ։

Newmag հրատարակչության Մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը ներկայացրեց գլխավոր իրադարձությունը, որ տեղի կունենա փառատոնին։ Առաջին անգամ հրատարակչությունը հայերեն կներկայացնի Գոնկուրի հայկական ազգային ժյուրիի ընտրած գիրքը՝ Գաել Ֆայի «Ժակարանդան».

«Գոնկուր ակադեմիան ամեն տարի ներկայացնում է ֆրանսալեզու դափնեկիր գիրքը, բայց իրենց ընտրությունն անում են նաև ազգային ժյուրիները, այդպես ցույց տալով, թե ինչ գրականություն է ընտրում ոչ միայն հեղինակավոր Գոնկուր ակադեմիան, այլ նաև երիտասարդ ընթերցողները։

«Ժակարանդա» վեպը հաղթել է Գոնկուրի 39 ազգային ժյուրի երկրներից 25 երկրում ու տարածաշրջանում։ Սա հետաքրքիր միտում է։ Փաստորեն, տարբեր երկրների ուսանողները, որոնք լինում են ազգային ժյուրիի անդամներ նույն ընտրությունն են արել»։

Բացի հայաստանյան ժյուրիի ընտրած՝ Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպից, Newmag-ը կներկայացնի ևս երեք գիրք. Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը», Գոնկուր 2018-ի դափնեկիր Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպերը։

Առաջին անգամ հայերեն է հրատարակվել նաև Գոնկուր Ակադեմիայի անդամ, ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը։ Շնորհանդեսին կմասնակցի նաև գրողը։ Newmag-ի ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց, որ Բրուկներն արդեն երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին.

«Բրուկները նաև շատ հայամետ գործիչ է։ Նա հաճախ է Հայաստանի, Արցախի խնդիրների մասին խոսում ֆրանսիական մամուլում, դրանք ներկայացնում նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրա գիրքն էլ շատ հետաքրքիր խոհափիլիսոփայական դրամա է ժամանակակից ընտանիքի, հասարակության մեջ բրուտալ տղամարդու դերի մասին։ Գրքի շնորհանդեսը կլինի հարցազրույցի ժանրում, որը կվարի հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը»։

Newmag հրատարակչության Francofest 2025 միջազգային փառատոնը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին, 15:00-ից 21:00, Կոնգրես հյուրանոցում։


FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ


Փառատոնն իրականություն կդառնա հավատարիմ ու նաև նոր գործընկերների շնորհիվ։ Արդեն երրորդ տարին Francofest-ի հետ է Ակբա բանկը։ Գլխավոր հովանավոր է նաև Սինեմա Սթար Արմենիան։ Գլխավոր գործընկերներից են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, , Ազնավուր հիմնադրամը,  Հայաստանում ֆրանսիական համալսարանըKaras WinesMaison Marom ընկերությունների խումբը։



Տարածել

Իմ փոքրիկ ամուսինը
Իմ փոքրիկ ամուսինը

Պասկալ Բրուքներ

5800 ֏

Նկարագրություն

Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։  

Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: 

Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։ 

Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո
Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո

Նիկոլա Մատյո

7800 ֏

Նկարագրություն

Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։

Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։

«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Բալթիմորների գիրքը
Բալթիմորների գիրքը

Ժոել Դիկեր

7800 ֏

Նկարագրություն

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։

«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։

Ժակարանդա
Ժակարանդա

Գաել Ֆայ

6800 ֏

Նկարագրություն

Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ 

Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ 

Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։