20 նոթ՝ թքած ունենալու նուրբ արվեստի մասին

June 15, 2019

newmag-ի թարգմանած և հրատարակած գրքում յուրաքանչյուրը կարող է գտնել հետաքրքիր և օգտակար խորհուրդներ՝ բարդույթներից ազատվելու և թքած ունենալու նուրբ արվեստի մասին: Ձեզ ենք ներկայացնում 20 մեջբերում «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից:



«Պարադոքսն այն է, որ դրականի վրա ֆիքսվելը մեզ միայն հիշեցնում է մեր անհաջողությունների, մեր թերությունների, մեր ձախողումների մասին։ Ի վերջո որևէ իսկապես երջանիկ մարդ չի կանգնի հայելու դիմաց և չի կրկնի, որ երջանիկ է։ Նա պարզապես երջանիկ է»։




«Մեր այսօրվա հասարակությունը տառապում է սոցիալական ցանցերում տարածված սպառողական մշակույթի խայծերով՝ «վայ, նայիր՝ իմ կյանքը քոնից ինչքան լավն է»: Ու ծնվում է մի սերունդ, որը կարծում է, թե բացասական փորձառությունը՝ մտահոգությունը, վախը, մեղքը, վատ բան է»։




«Մենք վատ ենք զգում վատ զգալու համար։ Մենք մեզ մեղավոր ենք զգում մեղավոր զգալու պատճառով։ Մենք ջղայնանում ենք ջղայնանալու պատճառով։ Մենք մտահոգվում ենք այն պատճառով, որ մտահոգվում ենք։ Ի՞նչ է կատարվում հետներս»։




«Վատ զգալու վրա թքած ունենալով՝ դու կտրում ես արատավոր շթղան։ Դու քեզ ասում ես․ «Վատ եմ, բայց… թքա՜ծ»: Իսկ հետո կարծես լսվում է հուրի փերիի մեղմ շշնջոցը. «Տանձիդ չդնես»: Ու վատ զգալու համար այլևս չես ատում ինքդ քեզ»:




«Երբևէ նկատե՞լ ես, որ եթե ինչ-որ բանի մասին քիչ ես մտածում, ավելի լավ է ստացվում։ Նկատե՞լ ես, որ ամենաքիչ «վիզ դնող» մարդը մեկ-մեկ ամենամեծ հաջողությանն է հասնում։ Զգացե՞լ ես, որ երբեմն, երբ սկսում ես թքած ունենալ ինչ-որ հարցի վրա, հանկարծ ամեն ինչ տեղն է ընկնում»։




«Մի օր պիտի մեռնես, չէ՞։ Գիտեմ. դա ակնհայտ է, բայց ասացի՝ ասեմ, գուցե մոռացած լինես։ Քո բոլոր ծանոթներն էլ շուտով մեռնելու են։ Դուք բոլորդ թքած ունենալու քիչ շանսեր ունեք մինչև ձեր մեռնելը։ Շա՜տ քիչ։ Ու եթե թքած
չունենաս ամեն մի անկապության վրա ու ծանր տանես ամեն ինչ, ապա ինքդ «կթքես փայտիկին»։




«Հարցը հետևյալն է՝ ի՞նչը սրտին մոտ ընդունել։ Ի՞նչն ենք մենք համարում խորապես ուշադրության արժանի։ Ու ինչպե՞ս կարողանանք թքած ունենալ այն ամենի վրա, ինչն ի վերջո անկապ է»։




«Եթե մի քանիսի համար ազդեցիկ մարդ ես ուզում լինել, իմացիր, որ մյուսների համար էլ դառնալու ես ծիծաղելի: Եթե մի քանիսին օգնելու ես, ուրեմն այլոց խանգարելու ես: Այլ կերպ չի ստացվի: Որովհետև մրցակցություն միշտ կա։
Միշտ»:




«Ժամանակն ու էներգիան ծախսելու ամենաարդյունավետ մեթոդը կյանքում կարևոր ու իմաստալից մի բան գտնելն է։ Եթե որևէ իմաստալից զբաղմունք չգտնես, ստիպված նյարդայնանալու ես ամեն մանրուքից»։




«Մենք թքած ունենալը պահում ենք որպես հիմնական մոտեցում և սրտացավ ենք միայն բացառիկ երևույթների հարցում՝ մեր ընտանիքի, մեր լավագույն ընկերների, մեր ֆուտբոլային ակումբի։ Ու ի զարմանս մեզ սա բավարար է»։




«Մեզ վարժեցրել են, որ ամեն ինչ միշտ պետք է բարեհաջող լինի մեր կյանքում: Ու հենց այդ բարեկեցության մարմաջն էլ մարդուն գցում է դժոխային շրջապտույտի մեջ, որտեղից շատերը ելք չեն գտնում: Բայց պետք է կարողանալ սոսկ թքած ունենալ»:




«Տառապելը զզվելի է։ Ոչ էլ առանձնապես որևէ իմաստ ունի։ Հարստությունն էլ, տառապանքն էլ արժեք չունեն, եթե զուրկ են նպատակից»։




«Երջանկությունը մաթեմատիկորեն լուծվող բանաձև չէ։ Անբավարարվածությունը և անհանգստությունը մարդու
բնույթի անբաժան մասն են»։




«Մենք տառապում ենք, որովհետև դա կենսաբանորեն օգտակար է։ Բնությունը դրա միջոցով մեզ ստիպում է փոխվել։ Էվոլյուցիան է մեզ այդպիսին ստեղծել. մենք միշտ չբավարարված ենք և պրպտող»։





Կարդացեք նաև. 




«Գուցեև լորձերդ գնում են անհոգ կյանքով ապրելու մտքից, երազում ես մինչև վերջ պարուրված լինել հավերժական երջանկությամբ ու կարեկցանքով, բայց այս մոլորակի վրա՝ իրական կյանքում, խնդիրներ միշտ էլ կան: Դրանք վերջ չունեն»։




«Երջանկությունը գալիս է այն պահին, երբ կարողանում ես լուծել խնդիրը։ Այստեղ կարևորը «լուծել» բառն է։ Եթե
խուսափում ես խնդիրներից կամ մտածում ես, թե դրանք չկան, ուրեմն դժբախտությունը պատրաստ է»:




«Մարդիկ չեն ընդունում պրոբլեմը կամ իրենց պրոբլեմների համար ուրիշներին են մեղադրում մի պարզ պատճառով. դա հեշտ է և հաճելի։ Մինչդեռ խնդիրներ լուծելը դժվար է և հաճախ՝ տհաճ։ Մեղադրելը վայրկենական բավարարվածություն է պատճառում։ Դա խնդիրներից ժամանակավորապես փախչելու ձև է»։




«Մարդկանց մեծ մասն ուզում է լավ սեքս և հրաշալի հարաբերություններ, բայց ոչ բոլորն են պատրաստ դժվար զրույցների, անհարմար հայացքների, զգացմունքների դրամայի։ Ու մարդիկ ստիպված են բավարարվել քչով։ Նրանք հարմարվում են և երազում՝ «Լավ կլիներ, որ…»»։




«Դու ուզում ես զուգընկեր, կին/ամուսին գտնել։ Բայց դա չի լինի, եթե պատրաստ չես էմոցիոնալ վայրիվերումների,մերժումների, սեռաքաղցի: Պիտի պատրաստ լինես լուռ նստելուն ու անթարթ նայելուն այն հեռախոսին, որն այդպես էլ չի զանգում: Այս ամենը խաղ է, որը կոչվում է սեր։ Չխաղաս՝ չես հաղթի»:




«Հաջողության հասնելու համար դադարիր հարցնել. «Ի՞նչ հաճույք եմ ուզում»։ Իրական հարցը հետևյալն է. «Ի՞նչ
ցավ եմ տենչում»։ Դեպի երջանկություն տանող ճանապարհը լի է աղտեղությամբ և ամոթալի ձախողումներով»։





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում