«Զգացմունքային խցիկի» վարպետը. Ալբերտ Յավուրյան

July 11, 2016

ամենավառ պատկերները
Մի անգամ Աղասի Այվազյանը հետաքրքիր բան ասաց. «Եթե ինձ հնարավորություն տրվեր նորից ապրել, կուզեի մանկության մեջ լինել»: Բայց իմ մանկության տարիները Երկ­րորդ համաշխարհայինի տարիներ էին, իսկ Լենինականում կյանքը ծանր ու դաժան էր: Սահմանամերձ քաղաք: Անընդ­հատ սպասում էին, որ Թուրքիան կհարձակվի Սովետական Միության վրա: Ամեն մարդ իրավունք չուներ Լենինական մտնել, լրտես էին ման գալիս: Տղամարդիկ ռազմաճակատում էին: Կանայք փորձում էին ոչ միայն իրենց ձագուկներին անվ­նաս, կուշտ պահել, տաքացնել, այլև կրթել, լուսավորել: Մենք ապրում էինք մի շատ գեղեցիկ տնակում, որ հայտնի Գեղամովի մենատունն է եղել: Հորս հորեղբայրները հայտնի լու­սանկարիչներ էին, որոնք Ալեքսանդրապոլում տաղավար են ունեցել: Նրանք գովազդել են մթության մեջ նկարելու իրենց վարպետությունն ու հայտնի դարձել: Փաստորեն ինչ-որ բա­ներ արդեն ինձ բնությունից էր տրված:
հայ կինոյի դժբախտությունը
Բեկնազարյանի ժամանակներից շատ էր անցել: «Հայֆիլմի» արտադրական կարողությունները, մասնագետների ու­նակություններն ինձ կամաց-կամաց հեռացրին պրոֆեսիոնա­լիզմից, որովհետև այստեղ միայն արհեստավորի հնարքներ էին պետք: Էս չկա, էն չկա, էնտեղ լուսավորողը քնել է, դիրեկ­տորը տեխնիկա չի բերել: Այսինքն՝ իմ կենսագրության մեջ սկսվեց պայքար արտադրության դեմ: Չնայած «Մենավոր ընկուզենու» ժամանակ էլ հետաքրքիր բաներ կարողացա անել: Ֆրունզեն այդ ֆիլմում նաև դերասան էր, կադրում էր, և արտադրական ու ստեղծագործական շատ խնդիրներ ես էի լուծում: Այդուամենայնիվ, մտածում էի «Հայֆիլմից» հեռա­նալու, օպերատորական արվեստից հրաժարվելու մասին… Չկարողացա, որովհետև պահպանողական եմ… Հայ կինոյի դժբախտությունը նաև դրամատուրգիայի բա­ցարձակ բացակայությունն էր: Բոլորը սովետական առօրյայի մասին էին գրում: Ֆրունզն էր մի քիչ դիմադրում, Մալյանն էր կարողանում այստեղից-այնտեղից ինչ-որ բան գտնել: Հիմա, եթե մի քիչ լավ լինեի, կշարունակեի աշխատել, բայց Հայաս­տանից դուրս: Մինչև անցյալ տարի հրավերներ էի ստանում Թուրքիայից, Հունաստանից, Իսպանիայից: Ստիպված մեր­ժում էի: Այնպես որ, ինչպես աննկատ սկսվեց իմ կարիերան, այնպես էլ շատ աննկատ և բնական ավարտվեց:
ինձ լավ չեն ճանաչում
Ովքեր իմ անունը կապում են Փարաջանովի հետ, ոչ միայն իմ, այլև հայ կինոյի անցած ուղին չգիտեն: Չէ՞ որ Փարա­ջանովի հետ աշխատել եմ ընդամենը մեկ ու կես ֆիլմում, ավարտել՝ մեկը: Պարզապես նրա հետ բավական երկար եմ ապրել: Այդպիսին էին կինոարտադրության օրենքները: Չէի ուզում աշիսատել Սերգեյի հետ, որովհետև գիտեի, որ բարդ է լինելու, բայց նա համոզելու կախարդանք ուներ: Պատմում էին, թե որքան դժվար է եղել Սուրեն Շահբազյանի համար «Նռան գույնը» նկարելիս: Սերգեյը ֆիլմի նկարահանման ընթացքում կուժն ու կուլան միշտ ջարդում էր օպերատորի գլխին, բայց միակ զավակի անունը դրեց Սուրեն՝ ի պատիվ Շահբազյանի:
Հիմա է Փարաջանովը հանճար: Այն ժամանակ նա պար­զապես հետաքրքիր ռեժիսոր էր, բայց հետաքրքիր ռեժիսոր­ներ Սովետում շատ կային: Հիմա է, որ ամեն ինչ ամփոփելով՝ գիտենք. Սերգեյը հանճարեղ ռեժիսոր է: Ինձ համար հաճե­լի էր նրա հետ աշխատելը: Իմ մեջ սկսված դեգրադացիան կտրուկ կանգ առավ: Ի վերջո, դա միայն տաժանակիր աշ­խատանք չէր, նաև վայելք էր: Նա այն աճպարարն էր, որ կարողանում էր մարդկանց, առարկաները, կենդանիներին աներևակայելի փոփոխությունների ենթարկել:
կինը և դանակը
Կնոջս նկարահանման հրապարակում եմ գտել, երբ Կիևում ֆիլմ էինք նկարում: Արդեն քառասուն տարի կինս է: Նա է իմ ամենամտերիմ ընկերը: Կենցաղում բարդ մարդ եմ, սովորությունների գերի: Ուզում եմ, որ անպայման իմ դանա­կը դրված լինի ինձ մոտ: Իսկ կինս ասում է. «Դանակը դա­նակ է, ի՞նչ նշանակություն ունի»: Ինձ համար մեծ նշանա­կություն ունի: Ամեն դեպքում նա այդ ամենը հանդուրժում է: Աշխատանքս փաստորեն քոչվորի աշխատանք է եղել: Մինչև 93-ը, ծննդյանս գրեթե բոլոր օրերը նշել եմ նկարահանման հրապարակներում: Վերջին տասը տարին է, որ վայելում եմ ընտանիքիս անդորրը, և հիմա եմ կարողանում կարգին ու շիտակ գնահատել կնոջս: Գուցե շատ բաներ պիտի տեսնեի՝ չեմ տեսել, պիտի գնահատեի՝ չեմ գնահատել:
մեջքիս՝ Սերգեյի ձեռքը
«Աշուղ Ղարիբում» այնքան բան կարելի է տեսնել, որ Սերգեյն այդտեղ ոչ մի կապ չունի, դրանք զուտ օպերատորական հնարքներ են: Սցենարում Ղարիբին աղջիկ չեն տալիս: Նրա հետևում պայմանական տնակ է: Պատուհանների վրա Սերգե­յը գեղեցիկ խճանկարներ էր ստեղծել: Հասկացա, որ կարելի է ամեն ինչ մթնեցնել, մռայլ սարքել, և այդ գեղեցիկ խճանկար­ները կերևան: Երբ հերոսին հագցնում էին, լուսավորողները կամաց հանգցրին լույսերը, և ստացա այդ մռայլ, սև պատկե­րը: Սերգեյն այդպիսի հնարքների հաճախ էր դիմում, օրինակ՝ սպիտակ ուղտը սև էր դառնում, պատերը մթնում էին…
Մենք պետք է ոչ միայն «Աշուղ Ղարիբը» նկարեինք, այլև Լերմոնտովի «Դևը»: Էդ գոմեշները, էդ կովկասյան լեռները, այդ կողմերի աստվածային լույսը: Արդեն շատ հետաքրքիր լուծումներ ու գեղեցիկ գույներ էինք գտել: Բայց «Աշուղ Դարիբը» ստեղծելիս Սերգեյն այնքան ոգևորվեց, որ «Դևի» մա­սին մոռացավ: Երբ Վենետիկում ցուցադրում էին «Աշուղը», մենք օթյակում էինք նստած. Սերգեյը՝ մի քիչ առաջ, ես՝ մի քիչ հետ: Հասկանում էի, որ նա է կարևոր: Վերջում բոլորը հոտնկայս ողջունում էին մեզ: Մի պահ ծափահարություն­ները թուլացան, ապա կրկին ուժեղացան: Ուզեցի հետ գնալ, բայց մեջքիս Սերգեյի ձեռքն էր, ասաց. «Հետ չգնաս, սա քեզ համար է»:
Աստվածային լույսը
Մինչև հիմա ինչո՞ւ է Ջոկոնդայի ժպիտն առեղծված: Որով­հետև Դա Վինչին ոչ միայն վարպետ էր, այլև լույսը գնահա­տելու շատ սուր և աստվածային աչք ուներ: Այդ նկարում այնպիսի լույս է, որով Ջոկոնդան ստանում է աստվածային ժպիտ, և դա միակ վիճակն է, որը մարդուն առանձնացնում է կենդանական աշխարհից: Այդ գաղտնիքների շնորհիվ է, որ արվեստագետը կարողանում է, աստվածայինը հայտնա­բերելով, դառնալ հանճար: Իմ վարպետներից միայն Մոսկվինն էր, որ կարողանում էր լույսն ընկալել: Նա հիշեցնում է Ռեմբրանդտին, որը լույսի հանդեպ առանձնակի գուրգու­րանք ուներ…
Վրաստանում լույսն ուրիշ է: Բիտովն իր պատմվածք­ներում փառաբանում է Վրաստանի լույսը: Ես տեսել էի արևելքի լույսը, բայց չէի ընկալել: Տեսեք՝ Սարյանի գույ­ները որքան զրնգուն ու վառ են, բայց նրա կողքին ունենք Հակոբ Հակոբյան, որի կտավներում բացարձակ գույն չկա: Սա ընկալման խնդիր է: Լույսի շատ ու քիչ լինելն ինձ հա­մար միմիայն գույնով է պայմանավորված: Այսինքն՝ ինչքան շատ լույս, այնքան պարզ և մաքուր գույն: Արևելքի լույսն այդ մանրուքների մեջ է, և լույսի տարածքներում որոնելն ու գտնելը բավական դժվար է, մանավանդ կինոյում: Ի վերջո, ի՞նչ է լույսը: Կյանքի հիմնական շարժիչ ուժն է: Լույսը որտե­ղի՞ց է գալիս: Այնտեղից… Այնտեղ ո՞վ կա՝ Աստված…

Վարպետի վերջին խոհերը՝ մահից օրեր առաջ, գրի է առել Հայկ Օրդյանը
newmag #03