«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ քննարկում՝ «Գենետիկ տրավմատիկ հիշողություն» թեմայով (լուսանկարներ)

April 29, 2024

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ քննարկում՝ «Գենետիկ տրավմատիկ հիշողություն» թեմայով: Քննարկման առիթը «Հրանտ Դինք» հիմնարկի փաստավավերագրական բացառիկ ժողովածուն էր, որը ներկայացվեց Newmag & Friends ծրագրով: «Հրանտ Դինք» հիմնարկը հավաքել է Թուրքիայի ու արտագաղթած հայերի վկայությունները՝ ցեղասպանությունից հետո այնտեղ ապրելու, ինքնությունը, հավատը, մշակույթը և լեզուն պահպանելու դժվարությունների մասին։ Թուրքիայի հայերի երբևէ չպատմված պատմություններն ամփոփվել են «Լռության ձայնը» քառահատորյակում՝ «Խոսում են Թուրքիայի հայերը», «Դիարբեքիրի հայերը», «Անկարայի հայերը», «Սըվազի հայերը»: Շարքը  կարող է դառնալ Թուրքիայի արխիվի մի մասը ու հայերի հիշողության մատյանը:

Քննարկումից առաջ բանախոսներն անդրադարձան Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, որ «ժամանակն է մի կողմ դնել Հայոց ցեղասպանության անհիմն հիշողությունները, որ «Հայաստանը ազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, ու ընտրի պայծառ ապագայի համար նոր մեկնարկներ»:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի կարծիքով այդ հայտարարությունը ավելի կոպիտ տեխնոլոգիայով վերահաստատում է թուրքական ժխտողականությունը. «Կարող ենք բնութագրել որպես վիրավորանք, առնվազն մի քանի միլիոնանոց սփյուռքահայերի: Էրդողանն ասում է, որ պետք է Հայաստանը և Հայաստանի այս պահի ղեկավարը ձերբազատվի սփյուռքի այն ջանքերից, որը տանում է դեպի խավար: Այսինքն սփյուռքին մեղադրում է դեպի խավարը գնալու մեջ, իսկ դեպի խավար գնում են խավարամիտները, նեղ մտածողություն ունեցողները և այլն, այսինքն մի քանի միլիոն մարդու մեղադրանք, վիրավորանք, դեպի խավարը գնալու մեջ: Ընդ որում, այդ մի քանի միլիոնը հենց հետևանքն է Հայոց Ցեղասպանության, որովհետև սփյուռքը ձևավորվել  է հենց Ցեղասպանության ուղիղ հետևանքով»:

 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ   Թուրքիայի ու Էրդողանի խոսույթի միջև ժամանակի ընթացքում փոփոխություն է կատարվել, Էրդողանը ժամանակին նաև խոսել է թուրքերի մեղքի մասին ու ասել, որ իրենք էլ են սխալներ արել. «Եթե սկզբում նա իսլամիստ էր, հետո դարձավ ֆաշիստ: Թուրքիյի պահանջները խստացել են, հիմա էլ պահանջում է հիմնը փոխել, գերբը փոխել, Հայաստանի մայր օրենքը փոխել: Սա խառնվել է մեկ այլ ժողովրդի ներքին գործերին, այսինքն՝ իմ հարևա՞նը պետք է որոշի, որ ես ինչ դրոշ, գերբ ու սահմանադրություն ունենամ: Իսկ ի՞նչն է պատճառը, որ առաջ նման պահանջներ չունեին, այսօր արդեն լկտիաբար են պահանջում: Այս  իշխանության օրոք գնալով վատացավ մեր վիճակը, արդեն այս ենք տալիս, այն ենք տալիս, ու կատարում են Թուրքիայի բոլոր պահանջները»:

 

Պոլսահայ գործարար Տիգրան Ալթունի համար Թուրքիայի նախագահն ամեն ապրիլի 24-ից առաջ հանդես է գալիս նման հայտարարությոններով, և որ Թուրքիան  չի   ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ավելին, չի էլ մտածում դրա մասին. «100 տարի է, այս քարոզչությունն է, որևէ մեկը թող չսպասի, որ թուրքերը կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Որպես Թուրքիայի քաղաքացի, Էրդողանից գոհ չեմ, բայց  որպես Թուրքիայում ապրող հայ փոքրամասնություն, տակավին նա լավագույնն է մեզ համար: Թուրքիայի այսօրվա ընդդիմադիրները բոլորն էլ ավելի ֆաշիստ են, քան Էրդողանը, նա կրոնամոլ է,  մյուսների չափ ազգայնամոլ չէ»: 15-20 տարի առաջ մենք հայոց պատմության, Ցեղասպանության մասին չէինք կարող խոսել, պատճառը Էրդողանն է, թե դրսի ճնշումը, չեմ կարող ասել, բայց վերջին տարիներին ավելի ազատ ենք՝ խոսելու մեր խնդիրների մասին»: 

 

Հարցին՝  գենետիկ տրավմատիկ հիշողության  համատեքստում այսօր  Ստամբուլում՝  մասնավորապես  Թալեաթի, Էնվերի անուններով փողոցներում ապրելն ու   առհասարակ  հայ լինելը Թուրքիայում ի՞նչ է նշանակում, պոլսահայ գործարարը պատասխանեց, որ բնիկ պոլսահայերը     Ցեղասպանություն, գաղթ չեն տեսել,  իսկ այն հայերը, որոնք տեղափոխվել են Ստամբուլ, նրանք տեսել են գաղթ, ջարդ և այլն.  «Պոլսի հայության մեջ շատ քիչ է Ցեղասպանության գաղափարը: Գիտեն, որ բաներ են պատահել, բայց ոչ Թալեաթին գիտեն, որ Սողոմոն Թեհլերյանին: Պոլսահայությունը չի մտածում, թե ինչու պետք է չապրի Թալեաթ Փաշայի փողոցի վրա: Միշտ մտածել եմ, որ պատմությունից պետք է դասեր քաղենք, բայց պատմությայն հետ եթե ապրենք, ներկան էլ կկորցնենք: Բայց այսօր պետք է մտածենք, թե ինչպես պահել այս երկիրը»:

 

Տիրան Լոքմագյոզյանը հակադարձեց պոլսահայ գործարարին, նշելով, որ Ալթունի  նշած  Ստամբուլում ապրած փոքրաքանակ այդ  ընտանիքներից մեկի շառավիղն է ինքը.  «Մոտավորապես 1800-ականնների սկզբից ապրել են Ստամբուլում, այսինքն մենք մի քանի սերունդ Ստամբուլից ենք, և համամաիտ չեմ այդ կարծիքին, որ ստամբուլահայը Ցեղասպանություն չի տեսել: Բա աբդուլհամիդյան ջարդե՞րը, տատիկս միշտ պատմում էր, թե ինչպես են ձիու կառքերով տեղափոխում դիակները, և տատիկս հավանոց մտնելով է փրկվել: Մի գիշերում 250 մտավորական տարան Ստամբուլից, նրանից հետո արդեն ամեն գիշեր, և այդ թիվը տաևբեր հաշվարկներով կազմում է 750-1500»:

   

Քննարկմանն անդրադառնալով «Հրանտ Դինք» հիմնարկի փաստավավերագրական բացառիկ ժողովածուին,  հիմնարկի նախագծերի համակարգող Արմենուհի Նիկողոսյանը հայտնեց, որ  հիմնադրամի նպատակներից մեկը եղել է հայերի հիշողության արխիվ ստեղծելը. «2011 թվականից ի  վեր հիմնադրամը սկիզբ է դրել մի ծրագրի, որը կոչվում է  «Լռության ձայնը» նախագիծ, և այդ ծրագրի շրջանակում գրքերի տեսքով փորձել ենք Թուրքիայի հայերի հիշողություններն ու պատմությունները գրի առնել: Հիշողությունները գրանցված են բանավոր պատմության հարցազրույցների միջոցով, որն իրականում այն եզակի գործիքն է, որը թույլ է տալիս գրի առնել այդ հիշողությունները, պահպանել ու փոխանցել հետագա սերունդներին: Սրանք պատմություններ են այն մասին, թե ինչպես են հայերը Ցեղասպանությունից հետո շարունակել ապրել ու գործել Թուրքիայում, ինչ դժվարությունների են հանդիպել, ինչպես են փորձել ու փորձում պահել իրենց ինքնոությունը, հավատը, մշակույթը, լեզուն»: 

 

Քառահատորյյակում ներկայացված են բռնի կրոնափոխ եղած հայերի պատմությունները։ Բացի այս 4 գրքերից«Հրանտ Դինք» հիմնարկը հրատարակել է  ևս 3 աշխատություն, որոնք դեռ թարգմանված չեն հայերեն:

Կարդացեք նաև